«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներն աղոթքներ են հնչեցնում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի համար: Այս մասին գրում է The Daily Mail-ը` հղում անելով Foreign Affairs պարբերականին:
Ըստ աղբյուրի` լրագրողները նման տեղեկություններ են հավաքագրել` ուսումնասիրելով Telegram չաթում զինյալների առաջնորդների նամակագրությունները: Ըստ լրագրողների` Թրամփի համար աղոթելու պատճառները հետեւյալն են` նա վարում է ագրեսիվ հռետորաբանություն ( հայտարարելով, որ Սիրիան պետք է ռմբակոծելով գրողի ծոցն ուղարկել), առաջարկում է պարտադիր գրանցում սահմանել մուսուլմանների համար: Բացի այդ, Թրամփը հեշտությամբ տրվում է զգացմունքներին, ինչը, ըստ ԻՊ-ականների, նրա ընտրվելու դեպքում կթուլացնի ԱՄՆ-ն:
Հավելենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբեր 8-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ