Օգոստոսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց «Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերություն» միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեպաշինի գլխավորած պատվիրակությանը:
Հյուրերին ընդունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նաթան Սրբազանը նշանավոր ընկերության նախագահին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը:
Սրբազան Հայրը, շնորհավորելով Ս. Ստեպաշինին Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության` Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու կապակցությամբ, մեծապես կարևորեց ընկերության առաքելությունը դեպի տարբեր երկրներ ուխտագնացությունների, կրոնական զբոսաշրջության զարգացման, գիտական ուսումնասիրությունների իրականացման և, մասնավորապես, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքների պաշտպանության գործում:
Ընկերության նախագահը, ուրախություն հայտնելով Ս. Էջմիածին այցի առիթով, անդրադարձավ ընկերության ներկայիս գործունեությանն ու ապագա ծրագրերին, գոհունակությամբ արձանագրեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հետ սերտ համագործակցությունը:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում Նաթան Սրբազանն ու Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության նախագահը նաև կարևորեցին Քրիստոնեական Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը` ի խնդիր բարօր ու ապահով աշխարհի կերտման:
Վերջում Սերգեյ Ստեպաշինը Նաթան արքեպիսկոպոսին փոխանցեց միջազգային կազմակերպության խորհրդի որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրված` ընկերության բարձրագույն պարգևը` «Բեթղեհեմի աստղ» շքանշանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին