Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. ոչ մի պետություն միայնակ չէ միջուկային զենքից ազատ գոտի ստեղծելու իր գործում

Օգոստոս 29,2016 17:29

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ «ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՆՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ

29-30 օգոստոսի, 2016 թ.

Աստանա, Ղազախստան

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանին, արտաքին գործերի նախարարությանը եւ «Խորհրդարանականները հանուն միջուկային զենքի չտարածման» կազմակերպությանն այս կոնֆերանսի կազմակերպման համար: Վստահ եմ, որ այս միջոցառումը կնպաստի միջազգային հանրության համատեղ ջանքերին` զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի գործում:

Այս տարի Ղազախստանի Հանրապետությունը, ինչպես եւ Հայաստանի Հանրապետությունը, նշում են իրենց անկախության 25-րդ տարեդարձը: Ցանկանում եմ այս կապակցությամբ շնորհավորանքներս հղել Ղազախստանի Հանրապետությանը եւ ղազախ ժողովրդին ու ցանկանալ ամենայն բարիք:

Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ` ես մեծապես կարեւորում եմ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի գործում օրենսդրական եւ քաղաքական շրջանակի առկայությունը, ինչն անհրաժեշտ է միջազգային մեխանիզմների ու անվտանգության ապահովման համար` կոչված սահմանափակելու միջուկային զենքերի տարածումը` միջազգային արդյունավետ վերահսկողության ներքո: Այս կապակցությամբ ես կցանկանայի ընդգծել երկխոսության կարեւորությունը եւ գործընկեր երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ ցանցային համագործակցության ապահովումը` նպատակ ունենալով խթանել միջուկային զինաթափումը, չտարածումը եւ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ կիրառումը:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարեւորում է զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը վերաբերող պայմանագրերի եւ կարգերի հանընդհանուր կիրառումը` դրանք դիտարկելով որպես գործիքային մեխանիզմներ` ուղղված զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը: Մենք կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին միավորել ջանքերը տարածաշրջանային, ենթատարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում` դրանց համապարփակ իմպլեմենտացման համար: Որպես այս մեխանիզմների աջակից` մենք մեծապես կիսում ենք միջուկային զենքից ազատ գոտիների հիմնման գաղափարը: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը ողջունել է Կենտրոնական Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծումը, ինչը պարունակում է կոնկրետ դրույթներ, որոնք ամրապնդում են չտարածմանն ուղղված տարածաշրջանային եւ միջազգային ջանքերը:

Այսօր միջազգային հանրությունը բախվում է աննախադեպ գլոբալ մարտահրավերների եւ բնական աղետների, ինչպես նաեւ բազմաբնույթ ահաբեկչական կազմակերպությունների շարունակական սպառնալիքների: Այնուամենայնիվ, տարածումը եւ միջուկային զենքի հնարավոր կիրառումը շարունակում են մնալ այն հիմնական մարտահրավերները, որոնց դեմ պետությունները շարունակում են պայքարել:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր` ամրապնդելու առկա ազգային եւ վերազգային իրավական եւ քաղաքական պարտադիր գործիքները` նպատակ ունենալով կանխել ահաբեկչական կամ այլ հանցավոր խմբավորումների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի ձեռքբերումը: Հայաստանի Հանրապետությունը կողմ է հանդիսանում ահաբեկչության դեմ պայքարի գործում առկա հիմնական պայմանագրերի, ինչպիսիք են «Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին», «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիաները, «Միջուկային ահաբեկչության ակտերի դեմ պայքարի մասին» կոնվենցիան: Հավատարմությունը եւ հանձնառությունը այս մեխանիզմներին ստեղծում են անհրաժեշտ հիմքեր ահաբեկչության դեմ պայքարի գործում, ներառյալ պայքարն ահաբեկչական խմբավորումների կողմից վտանգավոր նյութերի ձեռքբերման վտանգի դեմ:

Այս ամենին զուգահեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ազգային մակարդակում միջուկային անվտանգության ամրապնդման համար իմպլեմենտացրել է օրենսդրական եւ վարչական միջոցների մի ամբողջություն: Դրանք ներառում են փոփոխություններ կառավարության որոշումներում, որոնք վերաբերում են ռադիոակտիվ նյութերի ներմուծման եւ արտահանման դեպքում լիցենզավորման ընթացակարգերի սահմանմանը, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պահպանության կանոններին, Հայաստանի ատոմակայանի ֆիզիկական պաշտպանության եւ անվտանգության հայեցակարգին եւ միջուկային նյութերին: Այս փաստաթղթերը նախատեսված են դյուրացնելու ..Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին,, կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիան եւ դրա փոփոխությունները, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2013 թվականին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում նաեւ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 1540 բանաձեւի իրականացմանը: Հայաստանի Ազգային գործողությունների 2015-2020 թթ. պլանը մշակվել եւ ընդունվել է 2015 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` 1540 բանաձեւի հանձնաժողովի փորձագետների եւ ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի աջակցությամբ: 2015 թվականի մարտ ամսին այն ներկայացվել է 1540 բանաձեւի հանձնաժողովին: Այս դիտակտիկ փաստաթուղթը հաշվի է առնում եւ առանձնացնում կոնկրետ քայլեր` սկսած արդեն իսկ իմպլեմենտացված ազգային միջոցների վերանայումից մինչեւ ընթացիկ եւ նախատեսված գործողությունների կոորդինացում: Դրանք ընդգծում են Հայաստանի գործողությունները եւ օրենսդրական կարգավորումները միջուկային, քիմիական եւ կենսաբանական ոլորտներում, ինչպես նաեւ արտահանման վերահսկողության եւ սահմանային անվտանգության խնդիրները: Առանձնակի ուշադրություն է հատկացված բազմակողմ եւ երկկողմ համագործակցությանը:

Միջուկային էներգիայի խնդիրների շուրջ ՀՀ-ն կանոնավոր կերպով եւ սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների ու գործընկեր երկրների հետ: Տեղում իրականացված բազմաթիվ վերահսկողական եւ գնահատման առաքելությունները վերահաստատել են ՀՀ հանձնառությունը ստանձնած միջազգային պարտականություններին, ինչպես նաեւ բաց լինելն ու թափանցիկության բարձր մակարդակը: Չի արձանագրվել եւ ոչ մի անհամապատասխանություն կամ շեղում միջազգային պայմանագրերի առաջադրած պահանջներից: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ միջազգային գործընկերների հետ հիմնավոր խորհրդակցությունների անցկացումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ: Ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցառումները դրա անվտանգության ու ապահովության պահպանման համար:

Հարգելի գործընկերներ,

ոչ մի պետություն միայնակ չէ միջուկային զենքից ազատ գոտի ստեղծելու իր գործում: «Գլոբալ զրո» կոչված վերջնանպատակը հնարավոր է միայն բոլոր պետությունների համագործակցության եւ հանձնառության դեպքում:

Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը ժամանակակից, առավել հզոր եւ ավերիչ միջուկային զենքերի դեմ պայքարի գործում՝ ի նպաստ աշխարհի խաղաղության:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031