Երեւան, 29 օգոստոսի, 2016թ.: Այսօր, օգոստոսի 29-ին՝ նոր ուսումնական տարվա շեմին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում բացվեց համայնքի հիմնովին վերանորոգված դպրոցը՝ խորհրդային ժամանակներին հատուկ ընդարձակ մի կրթօջախ, որտեղ ներկայումս ուսանող 551 աշակերտները ստանում են նախադպրոցական, միջնակարգ եւ ներառական կրթություն:
Հանդիսավոր արարողությունը կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, Տորոնտոյի տեղական մարմնի ներկայացուցիչների ու կանադահայ հյուրերի մասնակցությամբ: Արդեն իսկ տանտիրոջ իրավունքով միջոցառմանը մասնակցում էին ծրագրի հովանավոր Նալպանտեան ամուսիններն իրենց հարազատների հետ միասին: Ներկա էին նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, այլ պաշտոնատար անձինք:
«Երկիրն ուժեղ է իր համայնքով, իսկ համայնքը՝ կրթությամբ: Ձեզ տրված է հայրենիքը հզորացնելու հիանալի հնարավորություն, քանի որ արդեն իսկ ունեք ուսումնառության համար լիարժեք պայմաններ»,- ողջույնի խոսքում նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով Նալպանտեան ամուսիններին՝ դպրոցի տնօրեն Տիգրան Գեւորգյանն ասաց. «Կանադահայ այս բարերար ընտանիքի շնորհիվ Արարատյան դաշտի սրտում կանգնած մեր համայնքը կարող ենք դարձնել կրթության ու գիտության կենտրոն»: Նալբանդյանի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը համայնքի կողմից բարերար ամուսիններին հանձնեց Նալբանդյանի պատվավոր քաղաքացի կոչման հավաստագիր:
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի փոխատենապետ Հուրի Նաջարյանն իր խոսքում նշեց, որ Նալպանտեան ընտանիքի նվիրատվությամբ այս ձեռնարկը տեղական մարմնի կողմից կյանքի կոչված 50-րդ` հոբելյանական ծրագիրն է եւ ամենածավալունը հանձնախմբի գործունեության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով բարերարներին, նա նշեց, որ Արմէն եւ Պերճուհի Նալպանտեանների աստվածահաճո այս գործը վարակիչ է, եւ պատահական չէ, որ հենց նրանց զավակների հովանավորությամբ Արցախում առանձնատներ են կառուցվում երկու բազմազավակ ընտանիքների համար:
Միջոցառման մասնակիցների համար հաճելի անակնկալ էր բարերար ընտանիքի ցանկությունը եւ պատրաստակամությունը՝ փոխհատուցելու դպրոցի 2017թ. 10 լավագույն այն շրջանավարտների ուսման վարձը, ովքեր կուսանեն հայաստանյան բուհերում:
Դպրոցի սաներն ազգային երգ ու պարով գեղեցկացրին հանդիսությունը՝ ցուցադրելով դպրոցում գործող ժողովրդական պարերի խմբակներում ստացած իրենց վարպետությունը: Տարբեր երաժշտական կատարումներով նրանց միացան նաեւ բարերար ընտանիքի անդամները, ովքեր երկար ճանապարհ էին կտրել համայնքի տոնական տրամադրությունը կիսելու համար: Գեղեցիկ օրը չսահմանափակվեց միայն դպրոցի բացումով. մեր հայրենակիցները մասնակցեցին համայնքի ուրախությունը նշանավորող այլ միջոցառումների եւս:
1967թ. կառուցված եռահարկ դպրոցը՝ երեք մասնաշենքերով /շուրջ 3200 քմ մակերեսով/, ուժեղացվել է, վերահատակագծվել, վերակառուցվել, արդիականացվել եւ համալրվել նոր կահույքով ու գույքով: Բարեկարգվել է գլխավոր մուտքի հարակից տարածքը: Հիմնադրամը դպրոցին կից կառուցել է նաեւ նոր ժամանակակից մարզադահլիճ՝ հանդերձարաններով եւ սանհանգույցներով, ինչն ավելի լիարժեք կդարձնի սաների առօրյան եւ ժամանցը:
16-րդ դարի կեսերին հիմնված համայնքը, որն այսօր կրում է հայ հայտնի գրող Միքայել Նալբանդյանի անունը, ունի 5400 բնակիչ: Տեղաբնակներից բացի այստեղ բնակվում են նաեւ Արեւմտյան Հայաստանից գաղթածների սերունդները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ