Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում, որ դատախազությունը հանրությանը պարզաբանի Հայկ Խանումյանի գործի վերաորակման հիմնավորումը

Օգոստոս 29,2016 15:58

Հայտարարություն

2016թ. հունիսի 6-ին Ստեփանակերտում ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստը հասկանալիորեն ստացել է հանրային լայն արձագանք, իսկ փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը դարձել է հանրային ուշադրության առարկա։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բռնության գործադրման օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է բռնարարքը, ինչպես նաև ընդգծել է քննության արդյունքների մասին հանրությանը պատշաճորեն իրազեկելու անհրաժեշտությունը: Նույն հայտարարությամբ օմբուդսմենը նաև հանձնառություն է ստանձնել հետևելու փաստի վերաբերյալ քննության ընթացքին:

Գործով նախաքննության ընթացքում օմբուդսմենի աշխատակազմն առանձին վարութային հարցերի շուրջ դիմումներ է ստացել տուժողի ներկայացուցչից և մեղադրյալների պաշտպանից, որոնք որոշմամբ ընդունվել են քննարկման:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քննության հատկապես սկզբնական փուլում հանրությանն իրազեկելու գործառույթը հիմնականում իրականացվել է պատշաճ մակարդակով, մասնավորապես` պարբերաբար հաղորդագրություններ են տրվել` հայտնելով արարքի սկզբնական որակումը (առևանգում), բացահայտելով կատարվող դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակը, այնուհետև` տեղեկացնելով ենթադրաբար հանցանք կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավարական հարկադրանքի միջոցներ (ձերբակալում, կալանավորում) կիրառելու մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է նաև, որ ներկայում հանրային ուշադրության առարկա է դարձել, մասնավորապես, մեղադրյալների արարքները առևանգումից (ծանր հանցագործություն) խուլիգանության (միջին ծանրության հանցագործություն) վերաորակելու փաստը: Իսկ նշված որոշման դեմ տուժողի ներկայացուցչի բողոքը դատախազական հսկողություն իրականացնող մարմնի կողմից մերժվել է: Հանրային ուշադրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ առկա է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը մեղադրյալների նկատմամբ կիրառելու հնարավորություն:

Վերոգրյալը հաշվի առնելով` մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում, որ դատախազությունը հանրությանը պարզաբանի վերաորակման փաստական և իրավական հիմնավորումը: Ընդ որում, ցանկալի է, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար:

Իրավական գործընթացի հանգուցալուծումից հետո մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ:

 

 

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031