Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան

Օգոստոս 29,2016 15:20

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ 2016-2017 ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելու նպատակով կազմակերպված բոլոր նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են:

Ըստ այդմ` ուսումնասիրվել են կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկվել նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ: Սահմանված ժամկետում ավարտվել են նաև դպրոցամերձ տարածքների խաչմերուկների գծանշման և ճանապարհային նշանների կարգաբերման աշխատանքները: Առողջապահության վարչության պետն էլ զեկուցել է, որ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում գործող բուժկետերն արդեն իսկ համալրված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով:

Հանրակրթության վարչության պետն իր հերթին զեկուցել է, որ ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու ուղղությամբ: Բացի այդ, զեկուցվել է, որ հիմնականում ավարտվել են նաև մատակարար կազմակերպությունների հետ համատեղ դպրոցական բուֆետների վերանորոգման և կահավորման աշխատանքները:

Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում Առաջին զանգի միջոցառումների պատշաճ կազմակերպմանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին հանձնարարել է խստորեն վերահսկել ու կանխարգելել նոր ուսումնական տարվա առիթով դրամահավաքության հնարավոր բոլոր դեպքերը:

«Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով նախատեսված միջոցառումներն, անշուշտ, անհրաժեշտ են ու ողջունելի, բայց ավելորդ ճոխություններն ուղղակի անթույլատրելի են: Ըստ այդմ, նախազգուշացրեք դպրոցների տնօրեններին ձեռնպահ մնալ ավելորդ ճոխություններից, այդ թվում նաև խստորեն հետևելով դրամահավաքներ կազմակերպելու արգելման մեր պահանջի կատարմանը: Ամեն ինչ պետք է լինի համեստ և լրացուցիչ բեռ չպետք է առաջացնի մեր համաքաղաքացիների համար», – ընդգծել է քաղաքապետն ու նախազգուշացրել, որ սահմանված կարգը խախտողները խստորեն կպատժվեն:
Խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նաև սեպտեմբերի 1-30-ը երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով կազմակերպել անվտանգ երթևեկության միամսյակ և ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն: Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ հանձնարարվել է նաև համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031