Այս տարվա հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունվել էին երկու օրենքներ՝Ընտրական օրենսգրքում (ԸՕ ) լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին:
Դրանցից մեկն ուժի մեջ էր մտել, երկրորդ օրենքում` ՀՕ- 120 Ն օրենքի 11 հոդվածը, որը կոչվում էր անցումային դրույթներ, ամրագրել էր այսպիսի իրավակարգում, որ այդ օրենքը ուժի մեջ է մտնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից նոր նմուշի նույնականացման քարտ տրամադրելու համար, տվյալների հավաքման…եւ այդ օրենքով սահմանված գործընթացները մեկնարկելու մասին որոշում ընդունելու հաջորդ օրվանից:
Նույն հոդվածով նաեւ սահմանվում էր, որ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ԿԸՀ կողմից այս հոդվածի առաջին մասով նախատեսված որոշումը չընդունվելու դեպքում օրենքը չեղյալ է համարվում:
Այսօր ԿԸՀ հրավիրած նիստում արձանագրվեց՝ օրենքի կանոնակարգումները չեն մտնելու ուժի մեջ: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, նույնականացման քարտերի արտադրության ծրագրի իրականացման խոչընդոտների պատճառով:
Կարդացեք նաև
«Գործընթացը հնարավոր չէ մեկնարկել սեպտեմբերի մեկին, իսկ դրա հետագա մեկնարկումների պարագայում անհնար կլինի գնահատել՝ հնարավո՞ր է իրականացնել այն ծավալի աշխատանքներ, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում: Այդուհանդերձ, պետք է փաստել, որ օրենքի անցումային դրույթներում նախատեսված էր, որ մեկնարկը պետք է լիներ սեպտեմբերի 1-ից, բայց մեզ տրամադրված տեղեկատվության համաձայն, նոր եղանակներով գործընթացների մեկնարկ տրվել չի կարող: Այս պայմաններում հանձնաժողովը չի կարող համարել, որ ՀՀ ԸՕ-ում լրացումներ կատարելու մասին ՀՕ 120 Ն որոշմամբ նախատեսված գործառույթները կատարված են այն ծավալով, ինչը հնարավորություն կտար վերջինիս ընդունելու համապատասխան որոշում, որով այդ օրենքի կանոնակարգումները կմտնեին ուժի մեջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկարող է ընդունել նմանատիպ որոշում՝ պայմանավորված գործընթացը մեկնարկելու համար նախատեսված տեխնիկական ամբողջ աշխատանքների բացակայությամբ, որը նախատեսվում էր իրականացնել»,- ասաց պարոն Մուկուչյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ