Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է խստորեն վերահսկել քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների կառուցման պարտադիր պահանջի կատարումը

Օգոստոս 29,2016 15:04

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 4 դեպք: 3 հասցեներում կատարվել են ինքնակամ շինարարության հետևանքների վերացման աշխատանքներ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 15 արձանագրություն: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 1 կրպակ: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է համագործակցել ոստիկանության հետ և առավել ուժեղացնել հսկողությունը:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է համապատասխանաբար 11 և 39 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը և «Սանիթեք» ընկերության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ՝ չսահմանված վայրերում աղբը թափելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հանրությանը պարբերաբար իրազեկելու նպատակով:

Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարականով մայրաքաղաքի հակահրդեհային բոլոր հիդրանտների կարգաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում վերագործարկվել է 381 հիդրանտ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև քաղաքաշինական խոշոր օբյեկտների կառուցման շինթույլտվությունների տրամադրման պարտադիր պայմանների մեջ ներառել նաև հրշեջ հիդրանտների առկայության պահանջը: Հանձնարարվել է նաև այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության տակ:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2016 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Թեքահարթակների կառուցման աշխատանքների ընթացքի մասին էլ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 220 թեքահարթակ: Պատասխանատուներին հանձնարարվել է խստորեն վերահսկել քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների կառուցման պարտադիր պահանջի կատարումը և ավարտական ակտերը տրամադրել միայն դրանց առկայության պարագայում: Տրվել է նաև հանձնարարական համագործակցել շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և արդեն իսկ գույքագրել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է կառուցել կամ նորոգել առկա թեքահարթակները՝ տվյալ աշխատանքները 2017 թվականի ծրագրերում ներառելու նպատակով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031