ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը օգոստոսի 29-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի անդամ Քարսթեն Քյորբերին:
Ողջունելով հյուրի այցը Հայաստանի խորհրդարան՝ Գագիկ Մինասյանը բարձր է գնահատել հայ եւ գերմանացի խորհրդարանականների համագործակցությունն ու տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը: Գագիկ Մինասյանը երախտագիտություն է հայտնել ԳԴՀ Բունդեսթագին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար եւ նշել, որ նման քայլ կարող էր կատարել միայն հզոր պետության հզոր խորհրդարանը, քանի որ ցեղասպանությունները չդատապարտելը պայմաններ է ստեղծում նոր ոճիրների իրականացման համար:
Գագիկ Մինասյանը հյուրին է ներկայացրել ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված գործընթացները Հայաստանի խորհրդարանում, ներկայացրել խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու նպատակներն ու դրա արդյունավետությունը, նշել նոր Սահմանադրությամբ պայմանավորված մի շարք օրենքների ընդունման փուլերը: Մասնավորապես՝ Գագիկ Մինասյանը խոսել է ստեղծման փուլում գտնվող Հաշվեքննիչ պալատի, մոտ 8 ամիս գործող Բյուջետային գրասենյակի, գերմանական GIZ-ի հետ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցության մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու խորհրդարաններում պետական բյուջեների ընդունման գործընթացին, կարեւորել պետական միջոցների օգտագործման հարցում գործուն վերահսկողական մեխանիզմների ներդրումը եւ այդ համատեքստում առանձնապես կարեւորել բյուջետային ծրագրավորումն ու անկախ աուդիտորական պալատի առկայությունը:
Կարդացեք նաև
Բունդեսթագի պատգամավոր Քարսթեն Քյորբերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ կարեւորել նման հանդիպումները՝ նշելով, որ երկու երկրների առջեւ ծառացած մարտահրավերների լուծման համար կարեւոր է համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Պատգամավորը դրական է գնահատել Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումներն ու անցումը կառավարման խորհրդարանական մոդելին:
ՀՀ Ազգային ժողով