«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձին, նկատեց, որ թեեւ, Հայաստանը գազից կտրելը բխում է Հայաստանի ավանդական հակառակորդների շահերից, եթե այն դիտարկենք շահերի տեսանկյունից, սակայն միանշանակ է, որ Հայաստանի շրջափակման բոլոր միջոցները հակաքայլեր կառաջացնեին Հայաստանի կողմից:
«Տվյալ դեպքում, կարծում եմ, Հայաստանի ավանդական հակառակորդները ներգրավված չեն դրանում: Ադրբեջանը հետաքրքրված չէր լինի, քանի որ, եթե Ադրբեջանը հիմա նման քայլերի դիմի Վրաստանի տարածքում, Հայաստանն էլ համահունչ քայլեր կգնա Վրաստանում: Իսկ Ադրբեջանն ավելի շատ բան ունի կորցնելու Վրաստանում: Քանի որ հիմա Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են բանակցությունների փուլում, իրավիճակի լարումը ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից հատկապես Վրաստանի տարածքում` իմաստ չունի, որովհետեւ երկու կողմերն էլ շահագրգռված են կայուն Վրաստանով, երկու կողմերն էլ հետաքրքրված են Վրաստանի տարածքով կայուն տրանզիտով: Տարանցման խոչընդոտների միջոցները կարող են կիրառվել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում` շատ սուր ճգնաժամի դեպքում, այսինքն` պատերազմի դեպքում», նկատեց մեր զրուցակիցը` հավելելով, որ Հայաստանի գազային կարճաժամկետ մեկուսացումը, հավանաբար, այլ խաղացողներից է գալիս, որոնք կարճաժամկետ խնդիրներ են փորձում լուծել:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ հարցազրույցը կարդացեք օգոստոսի 30-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ