Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Բաղդասարյան. Արցախում սահմանադրական փոփոխությունները արհեստական օրակարգ է

Օգոստոս 29,2016 13:53

«Չեմ կարծում՝ մենք հիմք ունենք խոսել արցախցիների ընտրության մասին: Կարծիքս միանշանակ է՝ սա արհեստական օրակարգ է»,- «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Արցախում սահմանադրական փոփոխություններին, ասաց «Անալիտիկոն» հանդեսի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Արցախում  այս պահին կան շատ ավելի լուրջ մարտահրավերներ. «Այս պահին իշխանությունը շատ ավելի ճիշտ կաներ մտածելու այդ մարտահրավերներին դիմակայելու մասին, թեթեւացնելու մարդկանց հոգսերը: Միշտ խոսում ենք անվտանգության մասին, սպառազինությունների մակարդակի, բանակի որակի մասին, բայց անվտանգության ամենամեծ կրողը մարդն է՝ իր հողում, ազատ, արժանապատիվ, բարեկեցիկ կյանքով ապրող: Այսօր Արցախում այնպիսի հարցեր կան, որ շտապ պիտի լուծեն, որպեսզի հասնենք այս ամենին:

Հեղուկ գազի գինը Արցախում կրկնակի թանկ է, քան Հայաստանում, Արցախում կա հեռահաղորդակցության ընդամենը մեկ օպերատոր իր դրակոնյան սակագներով ու կանոններով: Կան մոնոպոլիաներ բոլոր ոլորտներում՝ Արցախում կա ընդամենը մեկ հեռուստաընկերություն՝ Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունը: Կա բազմազանության խնդիր բոլոր ոլորտներում: Սահմանադրությունը կամ պետական կառավարման մոդելի փոփոխությունը չէ այս ամենը լուծելու բանալին»:

Գեղամ Բաղդասարյանը մասամբ համաձայն է այն կարծիքի հետ, թե իշխանությունների նպատակը վերարտադրությունն է. «Կա մի լուրջ նրբերանգ՝ իշխանությունը Արցախում վերարտադրվելու ոչ մի արգելք, խնդիր, խոչընդոտ չունի՝ հանգիստ կարող է վերարտադրվել նաեւ սովորական ընթացակարգով: Չկա բավարար ռեսուրս ունեցող ընդդիմություն, որը կարող է մրցակցել իշխանության հետ եւ խանգարել նրա վերարտադրությանը: Այսինքն՝ մեծ հաշվով՝ խոսքն այստեղ իշխանության վերարտադրության մասին չէ, խոսքը առանձին անհատների եւ խմբերի վերարտադրության մասին է:

Ասեմ՝ ամենայն անկեղծությամբ, Արցախում իշխանության տարբեր օղակներում կան բավականին թվով մարդիկ, որոնք մտահոգ են դեպքերի այս զարգացմամբ եւ գտնում են, որ սա մեծ հարված է լինելու Արցախի իմիջին: Սա հենված է ոչ թե գաղափարախոսության, հայեցակարգի կամ տեսլականի վրա, այլ կոնկրետ մարդկանց, կոնկրետ քաղաքական խմբերի հաշվարկ է: Սա քաղաքական նպատակահարմարությունից բխող ձեռնարկ է, սրա առաջը պետք է առնել»:

Գեղամ Բաղդասարյանը առաջարկում է 2018 թվականին միաժամանակ անցկացնել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ եւ անցնել այդ մոդելին առանց անցումային շրջաններին. «Ինքներդ եք պատկերացնում, թե ում հետ են մեզ համեմատելու նախագահական այս երրորդ ժամկետի կապակցությամբ: Անունը ինչ ուզում եք դրեք, սա լինելու է երրորդ ժամկետ: Մենք պետք է խուսափենք: Հուսով եմ, որ Արցախում, այդ թվում նաեւ իշխանական օղակներում ռացիոնալ մտածող մարդկանց քանակը կհասնի կրիտիկականի կա՛մ իմ ասած տարբերակը կլինի, կա՛մ կհրաժարվենք այս սահմանադրական բարեփոխումներից եւ 2018 թվականին կանցկացնենք նախագահական ընտրություններ, կընտրվի նոր նախագահ, երկիրը կընթանա իր նորմալ, բնականոն հունով»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031