Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը կարող է աչքերը փակ ասել, թե ով կընտրվի Էջմիածնի քաղաքապետ (Տեսանյութ)

Օգոստոս 29,2016 13:17

«Սա մեծ ողբերգություն է: ՀՀ-ն «Սասնա ծռերով» երկու հատվածի է բաժանված: Մենք պետք է հասկանանք, որ մենք սխալ էինք ապրել, սխալ ենք ապրում`սկսած ընտրություններից, ներքին անցուդարձով: Սրանից լրջագույնս պետք է հետեւություններ անել: Աստված չանի՝ լինի երկրորդը, երրորդը: Փոքրիկ Հայաստանը նման պոռթկումների չի դիմանա: Մտնում ենք քաղաքական աշուն, ամեն մեկս պիտի հաշվետու լինենք մեր եւ ժողովրդի առջեւ: Մնաց մեկ ամիս, եթե լրջագույն հետեւություններ չարվեն`չգիտեմ ո՞ւր կարող ենք գլորվել»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը`անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին, դրանց արդյունքում առկա զարգացումներին:

Բանախոսը հոգ չի համարում, որ մարդիկ տասնյակ հազարներով չեն կուտակվում Ազատության հրապարակում, հարթակը բազմամարդ չէ. «Էդ վերքը բաց է: Գնդապետ է զոհվել, ենթասպա է զոհվել…սա լրջագույն պատմություն է»:

Այլ մանրամասները`  տեսանյութում

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասում է`մարդը փոփոխություն է ուզում, փոփոխություն պետք է լինի բոլորի մոտ, նաեւ մտածողության փոփոխություն: Ամեն ինչ, ըստ նրա, սկսում է ՏԻՄ ընտրություններից ու կուսակցությունների`դրանց նկատմամբ անտարբերությունից:

Լրագրողների տարբեր դիտարկումներին, որ իշխանությունը չի հանդուրժում այլընտրանքները, Լեռնիկ Ալեքսանյանը համամիտ չէ, նա համոզված է` ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցությունը կփրկի իրավիճակը:

Լրագրողները նկատեցին, որ օրինակ՝ Վեդիում, Մասիսում, Էջմիածնում ձեւական ընտրություններ են լինելու: Գուրգեն Եղիազարյանն անգամ հեգնեց. «Ուզում եք գրազ գանք, աչքերս փակ միանգամից ասեմ, թե Էջմիածնում ով է անցնելու»:

Ի՞նչ պիտի անի իշխանությունը`հարց հնչեցրեց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի`ժողովուրդ, այս ընտրությունները լինելու են ձերը, ոչ թե Պողոսինը կամ Պետրոսինը եւ ես կանգնած եմ ՀՀ ցանկացած քաղաքացու թիկունքում: Եթե նման հայտարարություն եղավ, տեսեք, թե ինչ է լինելու Զանգեզուրում, դա ամենաստրկացած տարածաշրջանն է»:

Լեռնիկ Ալեքսանյանը մնաց անդրդվելի`ընդդիմությունը մեղավոր է, թեկնածուներ չի առաջադրում ՏԻՄ ընտրություններում:

Հիշեցումներին, որ Մասիսում աշխատանքից ազատել են ոստիկանապետի տեղակալին`ՀՀԿ-ի թեկնածուին չսատարելու համար, Էջմիածնում թեկնածուներից մեկին առեւանգել պահել են մինչեւ գրանցման ժամկետն ավարտվի, Լեռնիկ Ալեքսանյանը չարձագանքեց: Գուրգեն Եղիազարյանը շարունակեց հեգնել. «Չեմ հավատում, նման բան հնարավոր չէ: Ո՞նց, ուրեմն ոստիկանություն էլ չեն դիմել հա, ափսոս, այլապես…»:

«Քաղաքական ուժերը պիտի ակտիվ լինեն»,- շարունակում էր պնդել ՀՀԿ-ական պատգամավորը:

«Մարդը պասիվ է եղել`տարել են»,- պատասխանեց Գուրգեն Եղիազարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031