2016թ. օգոստոսի 27-28-ին ադրբեջանական և թուրքական լրատվական կայքերում տեղեկություններ տարածվեցին, թե ադրբեջանական ցանցահենների մի խմբի հաջողվել է գաղտնազերծել ՀՀ հատուկ ծառայությունների գաղտնի տվյալները և բացահայտել Թուրքիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության համար աշխատող մարդկանց։
Այս լուրերից հետո «բացահայտվածների» շարքերում ներառված Հազալ Ըլգազ Դոլեքն արձագանքել է նաև իր հասցեին հնչած՝ Հայաստանի գործակալը լինելու մեղադրանքներին, տեղեկացնում է medyasizsiniz.com կայքը։
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության գործակալը լինելու մեղադրանքներին՝ Ըլգազ Դոլեքն ասել է. «Համացանցում տարածվել են կեղտոտ զրպարտանքներ, թե ես հայկական գործակալ եմ։ Ես տեղյակ չեմ, թե այդպիսի լուրերը ով է պատրաստում և ինչ նպատակով։ Խոսք անգամ լինել չի կարող իմ՝ հայկական գործակալ լինելու մասին։ Ես հայերեն չգիտեմ, երբեք Հայաստան չեմ գնացել՝ ո´չ հայ եմ, ո´չ էլ հայկական գործակալ»։
Քաղաքացին հայտնել է նաև, որ չի պատրաստվում հանդուրժել իր անվան շուրջ ստեղծված այդ աղմուկը և պատրաստվում է դիմել համապատասխան մարմիններին՝ դատական գործընթաց սկսելու համար։