Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձորում հաղթելու ոչ թե շանսեր ունենք, այլ հենց մենք ենք հաղթելու». Էդմոն Մարուքյան

Օգոստոս 29,2016 12:48

Առաջիկայում ՀՀ-ում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից 53 թեկնածու է առաջադրվել կամ պաշտպանվում:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին ՀՀ-ում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ բոլոր մարզերում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ թեժ աշուն է սպասվում: Նա այս առիթով փաստեց. «Եթե նայենք կուսակցությունների առաջադրումները, կտեսնեք, թե ինչ բազմակուսակցական ընտրություններ են տեղի ունենալու այս անգամ: Մենք շատ ենք կարևորում ՏԻՄ ընտրությունները, և հայտնի խոսք կա, որ ժողովրդավարությունը սկսում է տեղերից: Մենք գտնում ենք, որ ներքևից դեպի վերև փոխելու հնարավորությունն ավելի իրական է, քան վերևից` մեկ մարդու կողմից դեպի ներքև կատարված փոփոխությունը»:

Պարոն Մարուքյանը տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստանի» կողմից 53 թեկնածու է առաջադրվել կամ պաշտպանվում, և նրանք լուրջ մասնակցություն են ապահովելու տարբեր փոքր ու մեծ համայնքներում. «Համայնքի ղեկավարի թեկնածուները չեն առաջադրվել, որ մասնակցեն ընտրություններին, այլ հաղթելու լրջագույն շանսեր ունեցող թեկնածուներ են, և այդ համայնքներում պայքարելու ենք իշխանությունը վերցնելու համար»:

«Լուսավոր Հայաստանը» համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Վանաձորում, Սիսիանում, Նոյեմբերյանում, Ջրառատում: Ըստ պարոն Մարուքյանի` մնացած բոլոր համայնքներում, որտեղ ունեն ավագանու թեկնածուներ, փորձելու են տեղական ժողովրդավարության մակարդակով ձևավորել բյուջեի նկատմամբ վերահսկողություն, ավագանու աշխատանքներն այնքան լավ կազմակերպել, որ սպասվող խորհրդարանական ընտրություններում թե՛ «Լուսավոր Հայաստանի» բրենդը, թե՛ ավագանու կողմից իրականացված աշխատանքները բերեն նրան, որ կարողանան լրջագույն ձայներ ստանալ այդ համայնքներում:

Պարոն Մարուքյանը կարևորեց հատկապես Գյումրիում և Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունները` շեշտելով, որ այս համայնքներում առաջին անգամ համամասնական ընտրակարգով են ընտրություններ լինելու. «Գյումրում 11, Վանաձորում 8 կուսակցություն է ներկայացրել փաստաթղթերը, այսօրվանից գրանցումն է սկսվում, իսկ սեպտեմբերի 9-ին` քարոզարշավը»:

«Լուսավոր Հայաստանը» Վանաձորում առաջադրել է քաղաքապետի թեկնածու` Քրիստ Մարուքյանին , նա էլ գլխավորում է ավագանու ցուցակը: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե ՀՀ երրորդ քաղաքում հենց իրենք են հաղթելու. «Վանաձորում հաղթելու ոչ թե շանսեր ունենք, այլ հենց մենք ենք հաղթելու, քանի որ մեր և այլ կուսակցությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այնտեղ անդառնալիորեն ՀՀԿ-ն պարտվելու է: Դրա մասին մենք հոկտեմբերի 2-ի գիշերը կհրապարակենք»:

Դառնալով Գյումրիի ընտրություններին «Լուսավոր Հայաստանի» մասնակցությանը` պարոն Մարուքյանը պարզաբանեց. «Գյումրիում իրավիճակն այլ է. մանրամասն ուսումնասիրություններ ենք իրականացրել. երկու արտակարգ հնարավորություն ենք ունեցել առանձին ցուցակով մասնակցելու, ուժեղ թեկնածուով հանդես գալու, բայց մեր հաշվարկներով դա բերելու էր նրան, որ լավագույն դեպքում ունենալու էինք խմբակցություն Գյումրի համայնքում: Գյումրիում համագործակցում ենք ԳԱԼԱ կուսակցության հետ, «Լուսավոր Հայաստանը» միակն է, որը ԳԱԼԱ-ի ընտրական ցուցակում ունի ավագանու թեկնածուներ»:

Ըստ Էդմոն Մարուքյանի` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Գյումրիում էլ ԳԱԼԱ-ն է հաղթելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031