Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Արցախում լուրջ հետեւություններ են արել քառօրյա պատերազմից» (Տեսանյութ)

Օգոստոս 29,2016 12:14

«Արցախում ամեն ինչ բնական հունով գնում է: Արցախը կառուցապատվում, բարեկարգվում է եւ ապրում է իր առողջ կյանքով: Հողեր հանձնելու, Ալիեւի`համաշխարհային ֆոնդից մեկ միլիարդ դոլար խնդրելու, որ ԼՂՀ-ն գրավելուց հետո այն բարեկարգվի, խոսակցությունների մասին ԼՂՀ-ում ոչ լսել են, ոչ էլ ուզում են լսել: Ղարաբաղի օրակարգում Ալիեւի հետ կապված որեւէ խնդիր չկա`եւ ղեկավարության, եւ հասարակ քաղաքացիների մոտ»,- «Հայելի» ակումբում ասաց նախկին քաղբանտարկյալ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, որը երեկ է վերադարձել Արցախից:

«Արցախում հիմա բերքահավաք է, տնտեսությունն են բարեկարգում, քառօրյա պատերազմի հետեւանքների կամ նման ավանտյուրաների դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, որ նման բան էլ չկրկնվի: Նրանք շատ լուրջ հետևություններ են արել քառօրյա պատերազմից հետո»- հավելեց Ազատ Արշակյանը:

Լրագրողներից մեկի հարցին`Արցախի նախագահի վերջին հարցազրույցը թյուրըմբռնման առիթ տվեց, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Արցախը պատկանում է իր տիրոջը»:

Ազատ Արշակյանը զիջումների, փոխզիջումների մասին խոսակցությունները ոչ միայն արհեստական, այլ նաեւ սադրանք է համարում. «Միջազգային հանրության համար էլ Արցախի հարցն օրակարգային չէ. կա Ուկրաինա, Սիրիա, ՆԱՏՕ-ի զորքերի ընդլայնում»:

Թուրք-ռուսական հարաբերությունների եւ Հայաստանի դիրքորոշումների մասին` տեսանյութում

«Հայաստանից ոչ մի միլիմետր պետք չի հանձնել հակառակորդին ու կարեւոր չէ ռազմավարական են այդ տարածքները, ռազմավարական չեն: Մենք վերադարձնելու խնդիր ունենք: Վուդրո Վիլսոնի գծած քարտեզը սահման է, տարածք է, որը պետք է վերադարձնենք»,- ասում է Ազատ Արշակյանը`պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ապրիլյան պատերազմից հետո կորցրած 800 հեկտար տարածքը ռազմավարական չէր:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ նկատեց. «Նախագահն արձանագրել է փաստը, ինչից հետո բազմիցս լսել ենք պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կարծիքը, որ մեկ օր մենք նորից կտեսնենք, որ այդ տարածքը կվերադարձվի տիրոջը`Արցախի ժողովրդին»: Ազատ Արշակյանը հավելեց.«Վերադարձնելուց տուգանային տոկոսներն էլ վերցրեք»:

Այս կամ այն տարածքի, դիրքի կարեւոր լինելու մասին էլ Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ չի կարծում, թե դրա ռազմավարական լինելու մասին որեւէ մեկն ավելին գիտե, քան երկրի գերագույն գլխավոր հրամանատարը:

Անդրադառնալով Արցախում սպասվելիք Սահմանադրական հանրաքվեին էլ՝ Ազատ Արշակյանն ասաց. «Հայաստանի Սահմանադրությամբ իջեցվում է մեր կարգավիճակը: Արցախը կեցցե, որ օպտիմալացնում եւ լավացնում է իր կարգավիճակը»:

Հիշեցնենք, Արցախի Սահմանադրության նախագծով նախատեսվում է ուժեղ նախագահական համակարգ: Հայաստանի այսօր գործող Սահմանադրությունը, ըստ Ազատ Արշակյանի, 1923 թվականի Աթաթուրքի գրած փաստաթղթի պատճեն է, որը թուրքերը մինչեւ հիմա բարեփոխում են:

Սուքիաս Ավետիսյանը չխոսեց Արցախի սահմանադրական փոփոխություններից. «Ես չեմ ուզում Արցախի ժողովրդի տեղը որոշել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031