Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այս պահին ընթանում է «Աշխարհն՝ առանց միջուկային զենքի» խորագրով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են ավելի քան 50 երկրների պատվիրակներ:
Բացելով խորհրդաժողովը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հիշեցրեց, որ այս տարի այն նվիրված է աշխարհում ամենամեծերից մեկը համարվող Սեմիպալատինսկի միջուկային փորձարկումների պոլիգոնը փակելու 25-ամյակին, ինչը նա համեմատեց գորդյան հանգույցը կտրելու հետ: Նա ասաց, որ Ղազախստանն աշխարհում միակ երկիրն է, որը ոչ միայն դադարեցրեց միջուկային փորձարկումները, այլեւ ամբողջությամբ փակեց աշխարհում մեծագույնը համարվող պոլիգոնը: Դրանից հետո աշխարհի այլ տարածքներում էլ լռեցին միջուկային փորձարկումների չարագուշակ ձայները, սակայն այլ պոլիգոններ չփակվեցին: «Ղազախստանի այդ քայլն այլեւս չկրկնվեց»,- ասաց նախագահ Նազարբաեւը՝ նշելով, որ իրենք էլ մեծ խոչընդոտներ հաղթահարեցին՝ այդ որոշումն ընդունելու ճանապարհին: Նա նկատեց, որ 25 տարի առաջ Ղազախստանի հասարակության ներսում էլ կար մի շերտ, որը դեմ էր միջուկային գերտերություն լինելու գայթակղությունից հրաժարվելուն: Հատկապես, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղազախստանում էր մնացել ողջ աշխարհի միջուկային հզորության մի հսկա մասը՝ Ղազախստանը տիրապետում էր իր հզորությամբ աշխարհում չորրորդը համարվող միջուկային ներուժին:
Թվարկելով միջուկային հրթիռների, ռմբակոծիչների եւ դրանց զինամթերքի անուններն ու քանակը, Նազարբաեւը նշեց, որ այդ ամենն իրար հետ շատ ավելին էր, քան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ եւս երկու երկրների ողջ միջուկային զինանոցը միասին վերցրած: «Բնական է, որ շատ մեծ քաղաքական կամք էր պետք նման զինանոցից հրաժարվելու համար»,- նշեց Ղազախստանի նախագահը:
«Ատոմային էներգիայի հայտնագործումը դարի մեծագույն հայտնագործությունն էր այնպես, ինչպես ատոմային ռումբը դարձավ աշխարհի համար մեծագույն վտանգը: Հաղթել ատոմային պատերազմում հնարավոր չէ՝ նման պատերազմում բոլորն են պարտվելու, ատոմային ապոկալիպսիսը սպառնում է ողջ աշխարհին, միջուկային սուիցիդից հրաժարվելու ճանապարհը դժվար է, սակայն այլընտրանք չունի, եթե ուզում ենք, որ մեր մոլորակը գոյատեւի: Դա հասկանալով Ղազախստանն ընդունեց դարակազմիկ որոշում՝ հրաժարվել ԽՍՀՄ-ից մնացած միջուկային ժառանգությունից»,- ասաց Նուրսուլթան Նազարբաեւը:
Կարդացեք նաև
50 տարիների ընթացքում Սեմիպալատինսկում իրականացվել է 456 միջուկային փորձարկում, որից այս կամ այն չափով տուժել է ավելի քան կես միլիոն մարդ: «Ղազախստանի բնակչության դեռեւս մի քանի սերունդ իր վրա կզգա Սեմիպալատինսկի փորձարկումների դաժան ազդեցությունը, ղազախներն ու Ղազախստաննն ամենաշատն են աշխարհում տառապել միջուկային փորձարկումների արդյունքում, այդ իսկ պատճառով ավելի խորն ենք հասկանում այս խնդիրը, եւ բարոյական իրավունք ունենք աշխարհին դիմելու՝ մոլորակը միջուկային աղետից պաշտպանելու կոչով»,-ասաց Նազարբաեւը:
Նա կոչ արեց նաեւ, որ միջուկային զենքը անօրինական զենքի համարվի, եւ ժամկետներ դրվեն՝ միջուկային զենք ունեցող երկրների առջեւ այդ զենքից եւ զենքի փորձարկումներից հրաժարվելու համար: «Միջուկային զինաթափումը հրատապ է եւ շատ կարեւոր՝ մենք պարտավորություն ունենք ողջ աշխարհի, մարդկության, մեր երեխաների եւ մեր թոռների առջեւ»,-ասաց նա:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Աստանա