Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավիցա՞», թե՞ ռուսական հավից ա…

Օգոստոս 29,2016 14:00

Շուկայում ՌԴ-ից ներկրված,
բայց հայկական ընկերության մակնշմամբ հավկիթներ կան

Պարզվում է՝ թարմ ու որակյալ մթերք սպառելու ձգտում ունեցող հայաստանցիները ողջ օգոստոս ամսվա ընթացքում ստիպված են եղել օգտագործել ՌԴ-ից ներկրված հավկիթներ: Ըստ որում՝ ճարպիկ հայ գործարարներից մեկն ինչ-ինչ նպատակներից ելնելով ռուսական հավկիթներն իրացրել է հայկականի անվան տակ: Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներ եւ խանութներ մեր շրջայցը ցույց տվեց, որ ռուսական հավկիթները որոշ դեպքերում իրացվում են «Հավիցա» (Բաղրամյանի թռչնաֆաբրիկա) եւ ԳԹՖ (Գնդեվազի թռչնաֆաբրիկա) ապրանքանիշների դրոշմակնիքներով: Հնարամիտ ներկրողը, սակայն, ապրանքը խանութներ մատակարարել է արկղերով, որոնց վրա արդեն իրական արտադրողի՝ ռուսաստանյան «Նովոռոսիյսկ» թռչնաֆաբրիկայի մակնշումն է: Հետաքրքիր է, որ մի շարք խանութներում աշխատակիցները բարեխղճորեն տեղեկացնում էին, որ չնայած մակնշմանը՝ հավկիթները ռուսական ծագում ունեն:

Ըստ որում՝ ինչպես երեւում է արտադրողի մակնշումից, արտադրանքը թողարկվել է օգոստոսի 12-ին, իսկ Երեւանի խանութներում այն իրացվում է տարբեր արտադրման օրերով՝ օգոստոսի 18-26-ը:

Havkit-3

Փաստի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով «Առավոտը» փորձեց կապ հաստատել հայկական երկու ընկերությունների ներկայացուցիչների հետ, սակայն պաշտոնապես գրանցված համարներին մեր զանգերն անպատասխան մնացին: Մինչդեռ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն անակնկալի չեկավ՝ նշելով, որ այս օրերին նույն թեմայի վերաբերյալ արդեն ութերորդ ահազանգն է ստանում՝ տարբեր լրատվամիջոցներից ու քաղաքացիներից: «Մենք այս պահին ունենք Հայաստանում գործող յոթ թռչնաֆաբրիկա, որոնք կարող էին ապահովել սպառողական շուկայում այդ բացը: Եվ միությունը, եւ արտադրողները դեմ են ներկրելուն, առավել եւս՝ ամառվա այս ծանր շրջանում: Ներկրումը միայն մեկ դեպքում կարող է արդարացված լինել` արտադրական-տեխնոլոգիական նրբություններից ելնելով՝ տարին երկու անգամ խզվածք է առաջանում շուկայում, մինչեւ որ նոր ներկրված վառեկները դառնում են ածող հավեր: Որոշակի ժամանակահատվածում սպառողական շուկայում դեֆիցիտ է առաջանում: Այդ շրջանը համընկնում է հենց օգոստոս ամսվա հետ: Եվ այդ շրջանում է, որ ի հայտ են գալիս «ճկուն» կամ «հնարամիտ» բիզնեսմեններ, որոնք ներկրածը հրամցնում են որպես տեղական արտադրանք»,- ասաց մեր զրուցակիցը:

Այն, որ թռչնաբուծությունը Հայաստանում տեւական ժամանակ կաթվածահար վիճակում է՝ գաղտնիք չէ: Վերջին տարիներին, հատկապես Ամանորին եւ Սուրբ Զատկին նախորդող շրջանում հայկական շուկայում նկատվում է հավկիթի պահանջարկ, որը լրացվում է ներկրվող ապրանքով: Մինչդեռ օգոստոս ամսին ոչ Ամանոր է, ոչ էլ Զատիկ: Մասնագետը նման վիճակն անթույլատրելի է համարում՝ «ավելորդ շքեղություն», քանի որ նրա վստահեցմամբ՝ այս սեզոնին տեղական արտադրողները կարող են լրացնել շուկայի պահանջարկը: Թռչնարտադրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցի ղեկավարի տեղեկացմամբ՝ ներկայումս օրական 1850 արկղի փոխարեն շուկա է մտնում տեղական արտադրանքի շուրջ 1250 արկղ ձու: Մեր զրուցակիցը նշեց, որ իրավիճակից ելնելով՝ միությունը մեկ շաբաթ առաջ դիմել է կառավարությանը եւ ՀՀ գյուղնախարարության ՍԱՊԾ-ին՝ հորդորելով քայլեր ձեռնարկել, որպեսզի ներկրման դեպքերը չվնասեն տեղական արտադրողին: Նրա խոսքով՝ կառավարությունից տեղեկացրել են, որ ներկրողները ներկրման նոր հայտեր չեն ներկայացրել, եւ այս պահին ներկրման դեպքեր չկան: Չկասկածելով այս հավաստիացումներին՝ միությունը շարունակելու է իր հետեւողական մշտադիտարկումը` վերահսկողության տակ պահելով կառավարության քայլերը:

Havkit-2

Սակայն սա հարցի ընդամենը մի կողմն է: Տեղական արտադրողին խրախուսելու մասին անընդհատ խոսելու ֆոնին ներկրման դեմ ոչինչ չձեռնարկելու պրակտիկան կարծես օրինաչափություն է դարձել: Բայց այն, որ տեղական արտադրողը շուկայից դուրս է մղվում անբարեխիղճ մրցակցության արդյունքում՝ բիզնես-նորամուծություն է: Ստացվում է, որ ձեռներեցը շուկայում տեղ է զբաղեցնում սպառողին մոլորեցնելու միջոցով:

Ոլորտում վերահսկող մարմնից՝ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի պատասխանատու Նվարդ Առաքելյանն «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ հավկիթի ներկրում ՌԴ-ից իսկապես եղել է, եւ դա փաստաթղթային բոլոր ձեւակերպումներով համապատասխանել է ԵԱՏՄ պահանջներին: Նրա տեղեկացմամբ՝ ներկրված հավկիթի մի խմբաքանակ ուղարկվել է լաբորատոր փորձաքննության. անվտանգության եւ մակնշման բոլոր չափանիշներում հավաստիանալով` հանվել է շուկա: Երկրորդ խմբաքանակը դեռեւս փորձաքննության փուլում է: Դեռ շուկա բաց չի թողնվել: «Հիմա մենք դիտարկումներ ենք իրականացնում, այդ թվում նաեւ մակնշման խնդիրների վրա ենք ուշադրություն դարձնում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ռուսական արտադրանքը հայկականի անվան տակ իրացնելուն, Նվարդ Առաքելյանը տեղեկացրեց, որ նման փաստ չի արձանագրվել. «Նման փաստ, նման դեպք, որ մեկ երկրի արտադրության ապրանքն այլ մակնշմամբ վաճառվում է՝ չենք հանդիպել: Եթե կան հիմնավոր փաստեր, բացահայտում եւ ահազանգեր կոնկրետ դեպքերով, պատրաստ ենք դրա ետեւից գնալ»: Հայաստանի թռչնաբույծների միության նախագահի` ՍԱՊԾ-ին հասցեագրված դիմումի մասով էլ մեր զրուցակիցն ասաց, որ դիմում եղել է, բայց հիմնավոր փաստ չի ներկայացվել, ինչը հնարավորություն կտար հետաքննություն իրականացնելու: Ծառայությունում հիմնավոր փաստերի առկայության պարագայում պատրաստ են ընթացք տալ:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. «Առավոտը» հրապարակում է Երեւանի մի շարք խանութներում, այդ թվում նաեւ խոշոր սուպերմարկետներում խնդրո առարկա հավկիթների իրացումը վկայող լուսանկարներ, այդ թվում՝ վաղուց գործունեությունը դադարեցրած «Հավիցա» մակնշմամբ լուսանկարներ:

 

«Առավոտ»

27.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՍՊԸ-ն գրանցվել է 26.04.2016 թ. իսկ արդեն Սննդի անվտանգության պետական տեսչությունից 05.08.2016թ. ստացել է թույլտվություն հավկիթ ներկրելու: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը: ՀՀ պետական մարմինը խրախուսում է ներկրումը ու վատ վիճակի մեջ դնում տեղական արտադրողին, նաև հայաստանցի սպառողին խաբում դրսից բերածը իրենց իսկ հովանավորչությամբ խաբելով նաղդում սպառողի վրա: Հարգելի լրագրող դիմեք Սննդի անվտանգութոյւն թող բացատրեն ինչու այս տարվա եղանակին երբ տեղական արտադրողի մոտ չկա դեֆիցիտ ու կա թարմ արտադրանք ինչու են տալիս թույլտվություն, կարող ենք մտածել որ կոռուպցիան հասել է նրան որ մեր երեխաների առողջություն է վտանգվում մի քանի պաշտոնյաների ախորժակից ու անգիտությունից: Բաղրամյանի թռչնաբուծականում ածան հավեր չկան, իսկ Գնդեվազում ընդհանրապես հավ չկա տեսչությունում այդ մասին գոնե տեղյակ են?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031