Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական կամքն ու պորտաբույծների բանակը

Օգոստոս 29,2016 13:30

Ինչո՞ւ է հարկահավաքության աննախադեպ տեմպերի
եւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում տնտեսական անկում գրանցվում

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ակտիվության վերջին տեղեկանքի համաձայն՝ այս տարվա հուլիսին անցած տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 4.3 տոկոսով: Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այս փաստին եւ արձագանքելով դիտարկմանը` նման անկումն անակնկալ էր նաեւ գյուղատնտեսական ակտիվ սեզոնի համար, ասաց, որ 4.3 տոկոսի անկումը պայմանական է, քանի որ նախորդ ամսվա` հունիսի նկատմամբ աճ, այնուհանդերձ, գրանցվել է` 2.5 տոկոսանոց: Անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ անկումը տնտեսագետը բացատրում է նրանով, որ անցյալ տարին բավական անբարենպաստ էր ոչ միայն տնտեսական հակասական միտումների առումով. առկա էին նաեւ դրական միտումներ, մինչդեռ միջազգային կառույցների բացասական կանխատեսումները որոշակիորեն խոչընդոտ հանդիսացան ներդրումների եւ գործարար աշխուժության համար:

Պատասխանելով դիտարկումներին, որ այս անկումն առավել ցցուն է դառնում նախագահի` մայիսին արած հարկերի հավաքագրման աննախադեպ աճի եւ վարչապետի` կոռուպցիայի դեմ սկսած պայքարի ֆոնին, մեր զրուցակիցը նկատում է. «Թե հարկերի հավաքագրման, թե կոռուպցիայի դեմ պայքարի առումով ավելի համակարգային մոտեցումներ է պետք ցուցաբերել: Վարչական մեթոդներով փորձել հարկային մուտքերի առավելագույն ապահովում, իհարկե՝ շատ կարեւոր է բյուջեի եկամտային մասի ապահովման համար: Բայց որպեսզի հարկերի հավաքագրումը շարունակական գործընթաց լինի, եւ ունենանք հարկման այն բազան, որը գործարարների համար բեռ չի, արդեն մտածելու տեղիք է տալիս»: Կոռուպցիայի դեմ պայքարի մասով էլ մեր զրուցակիցը նկատում է, որ բավական իրարամերժ միտումներ եղան. «Կարծում եմ՝ մեզ համար շատ կարեւոր է պատասխանատվության մեխանիզմի կիրառումը կառավարության բոլոր օղակներում՝ հատկապես միջին եւ ցածր, որոնք առավել վարժված են կառավարման համակարգի արդյունավետությանը խոչընդոտող գործելաոճին: Միայն ավտոպարկի կրճատմամբ եւ ավիատոմսերի խնայողությունների հաշվին պայքարելը, կարծում եմ, բավարար չէ:

Կարելի է գնալ ավելի խիստ կրճատումների` աշխատանքը արդյունավետ կազմակերպելու միտումով, ոչ թե հնարավորինս շատ տնտեսելու: Օրինակ՝ կարող է խնայողության ռեժիմին հակասել, բայց պետք է շատ ավելին տալ կառավարման ոլորտի այն աշխատողներին, որոնք շատ ավելի բարձր արդյունավետություն եւ առաջընթաց են ապահովում»: Խոսքը պորտաբույծների բանակի կրճատման մասին է: Հայտնի է, որ 10-20 հոգանոց կոլեկտիվում առաջընթացն ապահովվում է 1-2 աշխատողի հաշվին:
Ինչո՞ւ իշխանությունն, ի վերջո, չի գնում կտրուկ քայլերի: Մեր զրուցակիցն ասում է` կան «մանրուքներ», որոնք շատ ավելի մեծ դեր են խաղում: «Օրինակ՝ կառավարության ղեկավարը կարող է վճռական լինել եւ ցանկանա խնդիրներ լուծել, ինչում ես չեմ կասկածում, բայց միջին եւ ստորին օղակներում դրանք կարող են վարպետորեն շրջանցվել: Խնդիրն այն է, որ արդեն տասնամյակներ է, որ պետական կառավարման համակարգում ամբողջ աշխատանքը անհատներն են կատարում: Մնացածը կարող են համակարգչային խաղերով զբաղվել, օրերով, անգամ շաբաթներով աշխատավայրում չլինել, բայց նրանց բացակայությունը չի էլ զգացվի»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ պետական կառավարումից զատ, մեծ ուշադրություն է պետք դարձնել հանրային կառավարման վրա` ապահովելով քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, անգամ ոչ ֆորմալ միությունների մասնակցությունը որոշումների կայացման, իրականացման փուլերում: Այսպիսով, ըստ նրա, ոչ միայն իրավունքը, այլ նաեւ պատասխանատվությունն է կիսվում, ինչը ենթադրում է մասնագիտական մոտեցում միջին եւ ցածր օղակներում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վերին օղակներում միայն քաղաքական կամքը բավարար չէ: Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ նախագահի եւ վարչապետի` փոփոխությունների կամքը ներքին օղակներում ընկալվելու եւ համապատասխան, համարժեք գործիքներով ապահովելու խնդիր կա: Իր համոզմամբ՝ դրանք չեն իրականացվում նաեւ այն պատճառով, որ տնտեսագիտական միտքը Հայաստանում պահանջարկված չէ:

Կան առանձին անհատներ ու խմբեր, որոնց օգնությամբ կարելի է լրջագույն խնդիրներ հանգուցալուծել: Բայց դրա կարիքը կարծես չի զգացվում` հարվածելով նաեւ տնտեսագիտական մտքին: «Հայկական տնտեսագիտական դպրոց որեւէ մակարդակով մենք այսօր, ցավոք, չունենք»,- ասում է մեր զրուցակիցը:
Տնտեսագետը համոզված է` հայաստանյան տնտեսությունն ունակ է շատ ավելի մեծ ծավալների ներդրումներ «մարսել», քան արվում են: Խոսքը օտարերկրյա ներդրումների մասին չէ: Դա իր կողմից մերժելի եւ անընդունելի է այն պարագայում, երբ ներքին ներդրումներ չեն ապահովվում. «Մենք մեր տնտեսությանը չենք հավատում, ներդրումներ չենք անում, սպասում ենք, որ այլոք անեն: Ժամանակն է, որ հանրապետության ղեկավարները սրան ուշադրություն դարձնեն»: ՏԱՑ-ի անկման բացատրություններից մեկն էլ Թաթուլ Մանասերյանը համարում է սպառման նվազումը` ոչ միայն արտագաղթի հաշվին, այլ նաեւ որակական առումով. «Ժողովրդի կենսամակարդակի անկմամբ պայմանավորված՝ բնակչության 1/3-ը աղքատության շեմին է կամ դրանից ցածր, ինչը թույլ չի տալիս օգտվել այն ապրանքներից, որոնք կարող էին բերել տնտեսության զարգացում, նաեւ ներդրումներ խթանել»:

Մյուս կարեւոր հանգամանքը տրանսվերների թվի փոփոխությունն է. «Իրականում մենք պետք է տրանսվերները արհամարհող երկիր դառնանք, ոչ թե այսքան կախվածություն ունենանք դրանցից: Տրանսվերներն, ի վերջո, անաշխատ եկամուտներ են: Ռիթմիկ գործողությամբ աչքի ընկնող տնտեսությանը պետք է իր աշխատատեղերի ստեղծած եկամտի հաշվին ապահովի ապրանքների եւ ծառայությունների սպառումը, ոչ թե դրսից ներարկվող գումարների: Սա եւս անկում է ապրել»:

Այս բոլոր փաստարկները անկախության 25 տարիների ընթացքում բերվել են, բայց դա չի խանգարել, որ ԱՎԾ-ն աճեր արձանագրի: Այս դեպքում մեր զրուցակիցը չի կարծում, որ ԱՎԾ-ն այլ մեթոդների է անցել կամ ստիպված էր իրականությունը ներկայացնել. «Չեմ էլ ասում, որ բուն իրականությունն է ներկայացրել: Հիշեցնեմ, որ ամենախիստ քննադատողներից եմ եղել եւ ասել եմ, որ վիճակագրական գեղանկարչություն է արվում: Բայց սա այդքան կարեւոր չէ, որքան միտումները, որ տեսնում ենք: Կոմպակտ տնտեսություն ունեցող երկրում ամեն ինչ աչքի է ընկնում, եւ մենք ինքներս կարող ենք արձանագրել` կա՞ն տնտեսական ակտիվության միտումներ, թե՞ ոչ, որքան էլ ԱՎԾ-ն փորձի դրանք գունազարդված ներկայացնել»: Խնդիրը, ըստ մեր զրուցակցի, դարձյալ հանգում է տարիներ շարունակ կառավարման համակարգի անարդյունավետ գործունեությանը. «Կան նախարարներ, որոնք անկախ իրենց տարիքից՝ ենթագիտակցորեն դեռ ԽՍՀՄ-ի աշխատաոճով են աշխատում. փորձում են հանրապետության ղեկավարներին ներկայացնել իրենց ոլորտում եղած ինչ-ինչ կամ մտացածին ձեռքբերումներ` նրանց աչքում լավ համբավ ձեռք բերելու համար:

Շատ քիչ մարդկանց եմ ճանաչում, ովքեր մտահոգված են երկրի ողջ տնտեսության ճակատագրով եւ փորձում են իրենց ոլորտից դուրս նույնպես ընդհանուր ծրագրերն առաջ տանել` հորիզոնական համագործակցությամբ»: Թաթուլ Մանասերյանը հիշեցնում է, որ երկու տարի առաջ ընդունվեց մինչեւ 2025 թվականի հեռանկարային զարգացման ռազմավարությունը, եւ հարցնում է` դրանից ի՞նչ կետեր են իրագործվում, եւ որո՞նք են, որ պետական բյուջեում տեղ են գտել. «Ոչ մեկ: Նույն ԱԳՆ-ն կամ Սփյուռքի նախարարությունը պետք է լինեն Հայաստանի տնտեսության արտակարգ եւ լիազոր դեսպանները դրսում: Ասել, որ նրանք շատ ժամանակ են վատնում քաղաքականության համար եւ տնտեսությանը ժամանակ չի մնում` սխալ կլինի, բայց առեւտրային կցորդները մեր դեսպանատների կազմում բացառություններ են կազմում: Կան բացառություն եւ լավ աշխատող դեսպաններ, որոնք աջակցության կարիք ունեն:

Մինչդեռ այս նախարարություններն իրարից մեկուսի են գործում՝ կամ Ցեղասպանության, կամ մշակութային ինչ-ինչ հարցերում շատ հազվադեպ փորձում են համատեղ հանդես գալ: Նրանք պտք է լիազորված լինեն ներկայացնել Հայաստանի առաջնահերթությունները դրսում եւ կարողանան համապատասխան աջակցություն ստանալ Հայաստանից»:
Հետագայում անկումներից խուսափելու համար տնտեսագետն առաջարկում է ի վերջո շեշտադրումներ անել վերամշակող արդյունաբերության վրա եւ օգտագործել ցանկացած միջոց` Հայաստանը տնտեսապես անկախ, նաեւ արդյունաբերական առումով, դարձնելու համար: Այս իմաստով նա օրինակ է բերում, որ ոսկերչության ոլորտում արձանագրված վերջին երեք տարիների անկումը զգալի է, քանի որ մեկ ընկերությանը տրված մենաշնորհը մեծ վնաս է հասցրել մեկ տասնյակից ավելի տնտեսվարողներին` պարտադրելով մտնել այդ, իբր, ազատ գոտի, կամ հարկային խտրական վերաբերմունքի են արժանացել: Իսկ նման ոլորտներ մեր տնտեսությունում շատ են: «Միայն գյուղատնտեսության հաշվին փրկել իրավիճակը, եթե մեզ այսօր հաջողվում է կամ որոշակի ամիսների հնարավոր է, բայց անգամ գյուղատնտեսության երկնիշ աճը թույլ չի տա իրավիճակը փրկել, եթե մյուս ճյուղերը չակտիվացնենք:

Արդյունաբերությունն անկում է ապրել, շինարարությունը դոփում է տեղում եւ այլն»,- եզրափակեց մեր զրուցակիցը` շեշտադրում անելով թիմային աշխատանքի կարեւորության վրա. «Քաղաքական կամքից, կոչերից, ուղերձներից բացի՝ պետք է աշխատանքից հեռացվեն եւ պատասխանատվության կանչվեն այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում կրել իրենց պատասխանատվության բաժինը կամ արդեն ձախողել են իրենց վստահված ոլորտները: Այլապես երկրի ղեկավարների վճռական խոսքը չեմ կարծում, որ արժանի շարունակություն կունենա»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

27.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031