Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչախմբերի Օլիմպիական խաղերում «Փարոս» երգչախումբն արժանացել է 2 արծաթե մեդալի

Օգոստոս 29,2016 12:30

2016թ. հուլիսին Սոչիում կայացան Երգչախմբերի 9-րդ համաշխարհային խաղերը: Երգչախմբային այս խոշորագույն մրցույթը, որը հայտնի է նաեւ Երգչախմբերի Օլիմպիական խաղեր անվանմամբ, 2000թ.-ից անցկացվում է INTERKULTUR կազմակերպության կողմից երկու տարին մեկ անգամ հաճախականությամբ աշխարհի տարբեր երկրներում: Այս տարի մրցույթին ներկայացված էր 35 երկիր (Չինաստան, Ավստրալիա, Հորդանան, Գերմանիա, Շվեդիա, Հարավային Աֆրիկա…), իսկ մասնակիցների ընդհանուր թիվն անցնում էր 20.000-ից:

Օլիմպիական խաղերին Հայաստանի միակ ներկայացուցիչը «Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոս» կամերային երգչախումբն էր (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար` Րաֆֆի Միքայէլեան): Լինելով ներառական երգչախումբ (անդամների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երգիչներ են)` «Փարոսը» եզակի էր առհասարակ բոլոր երկրների երգչախմբերի մեջ:

Օլիմպիական խաղերում նախատեսված է մասնակցության 2 տարբերակ` Բաց մրցույթ, որին կարող է մասնակցել ցանկացած երգչախումբ, եւ Չեմպիոնների մրցույթ, որում մրցակցում են միայն միջազգային մրցույթի դափնեկիրները։ «Փարոսն» արժանացավ Չեմպիոնների մրցույթի 2 արծաթե մեդալների «Հոգեւոր երաժշտություն a capella» եւ «Երկսեռ կամերային երգչախմբեր» անվանակարգերում։ Կատարվեցին Կոմիտասի, Վ. Սարգսյանի, Ա. Շնիտկեի, Ի. Բրամսի եւ այլ հեղինակների ստեղծագործությունները։ Ի դեպ, 2014թ. Լատվիայում կայացած 8-րդ Օլիմպիական խաղերում «Փարոսը» կրկին նվաճել էր երկու արծաթ Հայաստանի համար:

Սոչիում հայաստանյան երգչախումբը հանդես եկավ ոչ միայն մրցութային, այլեւ համերգային ելույթով: Բացի այդ, կայացավ Ռուսաստանի հայերի միության Սոչիի ներկայացուցչության կողմից կազմակերպված «Փարոսի» պաշտոնական ընդունելությունը: Հայրենակիցների սատարումը, ինչպես նաեւ Սոչիի քաղաքապետի տեխնիկական աջակցությունը կարեւոր դերակատարում ունեցան երգչախմբի հաջողությունների մեջ: Երգչախմբի հաղթանակները հնարավոր են դարձել ՀՀ մշակույթի նախարարության եւ «Փարոս» հիմնադրամի (ԱՄՆ) աջակցության շնորհիվ: «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Երգչախմբերի հաջորդ` 10-րդ համաշխարհային խաղերը կկայանան 2018թ.-ին Հարավային Աֆրիկայի Ցվանե քաղաքում: Հուսանք, որ «Փարոսը» հնարավորություն կունենա հերթական անգամ պատվով ներկայացնել Հայաստանը։

 

«Առավոտ»

27.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031