Ի՞նչ է ցեղասպանության ժխտողականությունը, ինչո՞ւ է այն
ձեռնտու ոճրագործներին, որո՞նք են ժխտողների դրդապատճառները
Կանադայի Տորոնտո քաղաքում օգոստոսի 1-12-ը տեղի ունեցավ Զորյան Ինստիտուտի կողմից կազմակերպված ամենամյա ուսումնական ծրագրի 15-րդ դասընթացը։ Ցեղասպանության եւ մարդու իրավունքների հետազոտմանը վերաբերող միջազգային ծրագիրն ուսումնասիրում է հետեւյալ բնագավառները` աշխարհի տարբեր երկրներում եւ տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած ցեղասպանությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, հոլոքոստը, հնդկացիների ցեղասպանությունը Գվատեմալայում, ցեղասպանություններ Ռուանդայում, Կամբոջայում, Սուդանում, ինչպես նաեւ մարդու իրավունքների զարգացումը, միջազգային իրավունքն ու ցեղասպանությունների կանխումը։
Այն մարդկանց համար, ովքեր ցեղասպանություն են վերապրել, կորցրել են հարազատներին եւ բախվել անպատժելիության հետ, դժվար է ապրել, կրելով այդ բեռն իրենց մեջ, ինչպես նաեւ դժվար է ոճրագործների սերունդների համար, որոնք անդադար դատապարտվում են, պատասխանատու չլինելով իրենց նախնիների կատարածի համար եւ լինելով նրանց ժառանգները։ Ծրագիրն ուսումնասիրում է նաեւ այս եւ նմանատիպ բազմաթիվ հոգեբանական խնդիրներ:
Զորյան Ինստիտուտն ու դրա առաքելությունը
Զորյան Ինստիտուտը միավորում է շահույթ չհետապնդող երկու հետազոտական ինստիտուտներ՝ 1982-ին Քեմբրիջում, Մասաչուսեթս նահանգում հիմնադրված Զորյանի ժամանակակից ուսումնասիրությունների եւ փաստագրման ինստիտուտը եւ 1984-ին Տորոնտոյում հիմնադրված Զորյանի ինստիտուտը։ Տորոնտոյի Զորյան Ինստիտուտի նախագահն է պարոն Գրեգ Սարգսյանը, իսկ գործադիր տնօրենն է՝ պարոն Ջորջ Շիրինյանը։ Ինստիտուտը հասանելի է դարձնում իր հետազոտությունները եւ տրամադրում է հետազոտական աջակցություն մասնագետներին, գրողներին, լրագրողներին, ֆիլմ նկարահանողներին, պետական կառույցներին եւ այլ հաստատություններին։
Ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանը նշում է. «Ծրագրի առաքելությունն է՝ խրախուսել նոր սերնդին մասնակից լինելու ցեղասպանության եւ մարդու իրավունքներին վերաբերող հետազոտությանն ու հրապարակմանը։ Այն հասանելի է դառնում համեմատական վերլուծության միջոցով, որը ներառում է այնպիսի միջադեպեր, ինչպիսիք են հոլոքոստը, ցեղասպանություններ Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում եւ այլ երկրներում, որպես ելակետ համարելով Հայոց ցեղասպանությունը։ Ծրագրի նպատակն է ակադեմիական աջակցություն ցուցաբերել այն անձանց, ովքեր աշխատանքներ են տանում ցեղասպանության կանխման ուղղությամբ։ Ուսումնասիրելով ցեղասպանություն վերապրած մարդկանց տարբեր խմբերի հոգեկան ցավը, Ցեղասպանության եւ Մարդու իրավունքներին վերաբերող ուսումնական ծրագիրը նպատակ է հետապնդում մատնանշել, որ ցեղասպանությունը մարդկային փորձ է եւ որպես այդպիսին, պետք է լինի բոլոր անհատների եւ հաստատությունների մտահոգության առարկան»։
Ծրագրի մասին
Ծրագիրն առաջին անգամ մեկնարկել է 2002-ին՝ որպես փորձնական նախագիծ, որի համակարգողն էր Լորն Շիրինյանը։ Այդ թվականից ի վեր ծրագիրն անցկացնելու նպատակով հրավիրվել են այնպիսի անվանի դասախոսներ եւ փորձագետներ, ինչպիսիք են՝ թուրք պատմագիր եւ սոցիոլոգ Թաներ Աքչամը, ամերիկահայ ճանաչված գիտնական եւ պրոֆեսոր Վահագն Դադրյանը, Տորոնտոյի Յորք համալսարանի պրոֆեսոր Շաքե Թուքմանյանը, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը եւ շատ ուրիշներ։ Անվանի դասախոսների հետազոտություններն ընդգրկում են հետեւյալ բնագավառները` ցեղասպանության տեսություն, պատմություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն, հնէաբանություն, հոգեբանություն եւ միջազգային իրավունք։
Այս տարի եւս ծրագրի մասնակիցներին բախտ վիճակվեց դասախոսություններ լսել այնպիսի առաջատար մասնագետներից, ինչպիսիք են՝ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր եւ Զորյան Ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ Ջոյս Ափսելը, Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր եւ քաղաքագետ Ստեփան Աստուրյանը, Տորոնտոյի համալսարանի Հոլոքոստի ուսուցման եւ հետազոտությունների պրոֆեսոր Դորիս Բերգենը, Սեյնթ Էնդրյուս համալսարանի պրոֆեսոր Քեթլին Դիլը, ԱՄՆ Վորչեսթերի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Հենրի Թերիոն, Կանադայի Մանիտոբա համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Վուլֆորդը, Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր Քրեյգ Էթչեսոնը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Էլիզաբեթ Քինգը, Նյու Ջերսիի Ռիչարդ Սթոքթոն Քոլեջի պրոֆեսոր Էլիզա վոն Ջոդան-Ֆորգին, Ուիլիամ եւ Մերի քոլեջի պրոֆեսոր եւ ցեղասպանագետ Ռոջեր Սմիթը, Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը եւ Վիրջինիայի համագործակցության համալսարանի պրոֆեսոր Հերբերտ Հերշը։
Դասընթացի ավարտին մասնակիցները հանդես եկան զեկույցով՝ յուրաքանչյուրն ընտրելով իրեն հոգեհարազատ թեմա այն ցանկից, որը նախապես առաջարկվում էր ծրագրի կազմակերպիչների կողմից եւ վերաբերում էր ուսումնասիրվող թեմաներին։
Հարկ է նշել, որ Կանադայում բնակվում են մեծ թվով հայեր, որոնք բնակություն են հաստատել դեռ 19-րդ դարի 80-ական թվականներին։ Հայ համայնքն այնտեղ բավական ակտիվ է եւ բազմաթիվ խոշոր ծրագրերի նախաձեռնող է։
Զորյան Ինստիտուտը, մեկնարկելով իր յուրօրինակ ծրագիրը, եւս մեկ անգամ ապացուցում է, որ, թերեւս գտնվելով ակունքներից հեռու, հնարավոր է եւ անգամ անհրաժեշտ է յուրաքանչյուրիս համար հիշել իր արմատները, չմոռանալ եւ չուրանալ, պահպանել դրանք եւ նույն օրինակը փոխանցել երիտասարդ սերնդին։ Ծրագրի նպատակներից է՝ բացահայտել նման երիտասարդների, ովքեր իրենց ընտանիքների տարեց անդամներից լսել եւ բացահայտել են նոր պատմություններ, նրանց մոտ հետաքրքրություն առաջացնել այդ պատմությունների հանդեպ։
Զորյան Ինստիտուտն այս առումով կատարում է հսկայական աշխատանք, բարձրացնելով հանրության տեղեկացվածությունը՝ անկախ ազգային պատկանելության եւ կրոնի, հատկապես մեր օրերում, երբ աշխարհի տարբեր կետերում դեռ շարունակվում են պատերազմները եւ ոճիրները։ Սա կոչ է ոչ միայն այն ազգերին, որոնք ցեղասպանություն են վերապրել, այլ նաեւ միջազգային հանրությանը, ինչպես նաեւ ողջ աշխարհին, անտարբեր չմնալ տեղի ունեցած ոճրագործությունների հանդեպ, իմանալ պատմությունը, ճանաչել ոճրագործներին եւ կանխել հետագա ցեղասպանությունները։
Քննարկումներ
Յուրաքանչյուր դասընթացի ժամանակ շահագրգիռ քննարկումներ էին տեղի ունենում դասախոսների եւ մասնակիցների միջեւ ցեղասպանության եւ մարդու իրավունքների հարցերի շուրջ։ Մանրամասն քննարկվեցին, թե ինչ է ցեղասպանությունը, որոնք են դրա դրդապատճառները, որոնք են թիրախային խմբերը, ինչ դեր են խաղում գերտերությունները ցեղասպանությունների ժամանակ, որն է ցեղասպանության եւ մարդու իրավունքների փոխադարձ կապը եւ այլն։
Առավել ուշագրավ էին մարդու իրավունքների զարգացման, միջազգային իրավունքի, հետագա ցեղասպանությունների կանխման վերաբերյալ դասախոսությունները, քանի որ այդ թեմաները միշտ չէ, որ զուգահեռաբար քննարկվում են ցեղասպանությանն առնչվող թեմայի հետ։
Դասախոսությունների ընթացքում թեժ քննարկումներ էին ընթանում մասնակիցների եւ դասախոսների միջեւ, հնչում էին տարբեր կարծիքներ, հարց ու պատասխաններ։
Առաջին իսկ օրը Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր եւ դասընթացի ղեկավար Ջոյս Ափսելի ելույթից հետո ուսանողներին հանձնարարվեց ձեւակերպել մարդու իրավունքների նշանակությունը, գտնել ցեղասպանության եւ մարդու իրավունքների փոխադարձ կապը, ինչպես նաեւ կազմել աշխատանքային խմբեր եւ քննարկել 1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը:
Այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ Հիտլերը մոր կողմից ազգությամբ հրեա ազգականներ ուներ, Տորոնտոյի համալսարանի պատմության բաժնի պրոֆեսոր Դորիս Բերգենն այսպես պատասխանեց. «Շատերն ունեն այդ թյուր կարծիքը, անգամ իմ ուսանողներն են այդ համոզմունքի, սակայն պետք է հերքեմ այդ փաստը եւ ասեմ, որ Հիտլերը երբեք ոչ մի հրեա ազգական չի ունեցել, այն էլ՝ մոր կողմից»։
Հարցեր էին հնչում ոչ միայն ուսանողների, այլեւ դասախոսների կողմից: Պրոֆեսոր Դորիս Բերգենի ուղղած հարցը, թե արդյո՞ք պատմության թանգարաններում հարկավոր է ցուցադրել միաժամանակ ե՛ւ նացիստական զինվորների խրախճանքների, ե՛ւ նրանց կողմից սովի մատնված մանուկների ու նրանց ծնողների պատմական լուսանկարները, ուսանողների մոտ թեժ քննարկում առաջացրեց. ոմանց կարծիքով, դա ծանր հոգեբանական հարված է, իսկ ոմանց համար՝ անհրաժեշտություն` ճշմարտությունը ցուցադրելու համար:
Հրավիրված լինելով Զորյան Ինստիտուտի կողմից` Ուիլիամ եւ Մերի քոլեջի պրոֆեսոր, ցեղասպանագետ եւ ծրագրի ղեկավար Ռոջեր Սմիթը դասախոսություն կարդաց օտարերկրյա ուսանողների համար ցեղասպանության ժխտողականությանն առնչվող թեմայի շուրջ, մասնավորապես` ի՞նչ է ժխտողականությունը, ինչո՞ւ է այն ձեռնտու ոճրագործների համար, որո՞նք են դրա հետեւանքներն ու նպատակները, ինչպե՞ս այն հաղթահարել, որո՞նք են ժխտողների դրդապատճառները, ինչպես նաեւ պատասխանեց ներկաների հարցերին: Դասախոսության ընթացքում պարոն Սմիթը շեշտեց. «Ցեղասպանության ժխտողականության վառ ապացույցն է Հայոց ցեղասպանությունը, որ մինչեւ օրս հերքվում է Թուրքիայի կողմից: Ժխտողականությունը ծնում է անպատժելիություն»:
Իսկ Վիրջինիայի համագործակցության համալսարանի պրոֆեսոր Հերբերտ Հերշն օրինակ բերեց այն ընտանիքներից, որտեղ տարբեր պատճառներով նախընտրում են լռել այդ մասին. «Կան ընտանիքներ, որոնց տարեց անդամները, լինելով ցեղասպանությունից փրկվածներ կամ փրկվածների ժառանգներ, նախընտրում են չբարձրաձայնել այդ մասին, համարելով, որ ցեղասպանության թեման ծանր հոգեկան տրավմայի կենթարկի երիտասարդ սերնդին, մինչդեռ հարկավոր է հանրությանն իրազեկել այդ մասին»:
Իր դասախոսության մեջ, որին հետեւեցին բազմաթիվ հարցեր, Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը ուսանողներին ներկայացրեց, թե ինչ է միջազգային իրավունքն ու նշեց, որ ի դեպ, ցեղասպանության կոնվենցիայի առաջին նախագիծն առաջարկվել է Սաուդյան Արաբիայի կողմից 1946 թվականին: Այն հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է փոփոխություն կատարել ցեղասպանության կոնվենցիայում, պարոն Շաբասը հերքեց, բացատրելով, որ այն հստակ ձեւակերպում ունի եւ վավերացրած պետությունների թիվը ներկայումս 137 է:
Մասնակիցներ
Դասընթացի մասնակիցները ներկայացնում էին աշխարհի տարբեր երկրներ։ Այս տարի հրավիրվել էին մասնակիցներ Հայաստանից, Թուրքիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, ԱՄՆ-ից եւ Իսրայելից։ Բոլոր մասնակիցներն էլ ունեին իրենց փոքրիկ նախապատմությունը, որն իրենց համախմբել եւ հավաքել էր մեկ վայրում։ Նրանք թե՛ ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ էին, թե՛ նշված ուղղությամբ հետաքրքրություն ունեցող եւ հետազոտող երիտասարդներ։ Մի բան հստակ է, բոլորին միավորում է ընդհանուր գաղափարը, ծագման պատճառները, հետագա ցեղասպանությունները կանխելու հնարավոր տարբերակները, միջազգային իրավունքի, ինչպես նաեւ միջազգային կառույցների նշանակալից դերն այս խնդրում։
ԱՆՈՒՇ ՆԱԶԱՐՅԱՆ
2000-2015թթ. ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ադմինիստրատիվ պատասխանատու, այժմ` «Քաղաքացիական Համաձայնություն» հ/կ-ի գործադիր տնօրեն
«Առավոտ», 27.08.2016