Սրանք լոկ բառեր չեն, սրանք լակմուսի թուղթ են, որ ճշգրտորեն արտապատկերում են հետխորհրդային երկրների, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և մնացած վիճակները:
Շրջելով Երևանով, ամեն ոք և ամենուրեք կարող է չափազանց հաճախակի հանդիպել՝ բազմաթիվ վաճառակետերի և տարածքների վրա ցցուն կերպով մակնշված հետևյալ արտահայտությանը՝ վարձով է տրվում…:
Ընդամենը՝ մոտ 10 տարի առաջ, Երևանում շատ դժվար էր վարձակալությամբ գտնել բիզնես տարածք, քանզի բիզնես միջավայրը նորմալ էր, եկամտաբեր և ինչո՞ւ պետք է տարածքի տերերը դրանք վարձակալության տային, երբ իրենք անհամեմատ ավելի մեծ եկամուտներ էին ստանում: Այդ տարիներին, կային հատուկենտ դեպքեր, երբ բիզնեսի գայթակղությունը մարդկանց մղում էր բավականին մեծ վարձավճարների տրամադրման, որոնք հետագայում՝ մի քանի ամիս հետո, ավարտվում էին բիզնես անհաջողություններով, ինչպես ժողովուրդն է ասում՝ տակ տալով և այդ մարդիկ պարտադրված վերադարձնում էին վարձակալած տարածքները: Այս վերջին բացառությունների մասին նշեցի զուտ մեկ պատճառով, որպեսզի պարզ լինի, թե այդ տարիներին որքան պարարտ հող էր ստեղծված բիզնես միջավայրի համար:
Այժմ փորձենք վեր հանել այն պատճառները, որոնց հետևանքով Հայաստանում ստեղծվել է նմանատիպ՝ ոչ նախանձելի վիճակ: Իհարկե, պատճառները բազմաթիվ են, սակայն կբարձրաձայնենք գլխավորների մասին: Ակնհայտ է, որ առաջին՝ հիմնական պատճառը արտագաղթի ծավալների մեծացումն է, որը բերում է պոտենցիալ շահառուների՝ գնորդների թվի էական նվազեցման:
Կարդացեք նաև
Մյուս հիմնական պատճառը գործազրկության աճն է, որը ևս բերում է ժողովրդի գնողունակության նվազեցման: Հաջորդը՝ համաշխարհային գործազրկության և պատերազմական օջախների ավելացումն է, որը բերում է ամբողջ աշխարհում մարդկանց եկամուտների համամասնական նվազեցման, որն էլ իր հերթին բերում է աշխարհի բոլոր ծայրերից Հայաստան մտնող տրանսֆերտների ընդհանուր թվի նվազեցմանը:
Հաջորդ պատճառը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կապիտալի գերկենտրոնացումն է՝ ավելի քիչ թվով մարդկանց ձեռքում, որի հետևանքով մանր և միջին բիզնեսն այլևս չի դիմանում՝ խոշորների ձեռքում գերկենտրոնացված գումարների պարագայում իրականացվող բիզնեսի մրցակցությանը, այլ խոսքով, ինտենսիվորեն շարունակվում է խոշորների կողմից մանրներին կուլ տալու գործընթացը, որի հետևանքով գնալով ավելի ու ավելի շատ են փակվում փոքր և միջին բիզնեսի օբյեկտները, որն անմիջականորեն բերում է գործազրկության և աղքատության աճի, այլ կերպ ասած, մարդկանց համար՝ համարյա զրո գնողունակության: Հայաստանի պարագայում, Արցախյան պատերազմի առկայությունն ուզած, թե չուզած փաստացի մսխում է առանց այն էլ եղած փոքրիկ բյուջեն, որը կարող էր ուղղվել տնտեսության մի շարք ճյուղերի արդիականացմանն ու զարգացմանը:
Եվ վերջապես, Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը, որը լի է Հայաստանի ապագայի նկատմամբ հավատի և արդարության իսպառ բացակայությամբ, դարձյալ էապես նպաստում է արտագաղթի աճին՝ իր բազմապիսի հետևանքներով:
Իհարկե, այս թեմայով վերլուծությունը կարելի է երկար շարունակել, սակայն այն անօգուտ է, քանզի արված բազմապիսի վերլուծությունները ոչ ժողովրդի, ոչ էլ իշխանությունների մտածելակերպում համապատասխան եզրահանգումներ անելու հույսեր չեն ներշնչում: Վկա՝ երկրում ստեղծված քարացած, ընդհանրապես փոփոխություններ չենթադրող վիճակը…
Որքան էլ, որ իշխանությունները տնտեսական և այլ տիպի աճեր կանխատեսեն և դրանց մասին բարձրաձայնեն, ամեն քայլափոխի՝ երկրաչափական պրոգրեսիայով աճող. «Վարձով է տրվում» վահանակների առկայության՝ օր-օրի աճը, պարզորոշ վկայում է ճիշտ հակառակի մասին, այն է` Հայաստանի տնտեսությունն իր բոլոր ճյուղերով գահավիժում է անդունդ, իր հետ տանելով՝ դեռ այնտեղ մնացած ժողովրդին…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ