ՀՀ ԱԺ պատգամավոր, «Արևտմահայոց ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը ընդունել է «Միջագետք» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Օսման Աքյիլին և գլխավոր քարտուղար Իհսան Ային:
«Միջագետք» հիմնադրամը նպատակ ունի Թուրքիայի հարավ-արևելքում՝ Դիարբեքիրում, ստեղծել քրդական համալսարան, որտեղ երկրում առաջին անգամ ուսուցումն իրականացվելու է քրդերենով: Հիմնադրամը նախաձեռնում է համալսարանում ուսուցանել նաև հայերեն, այդ իսկ պատճառով ցանկանում է համագործակցել և աջակցություն ստանալ:
Արագած Ախոյանը, համագործակցելու պատրաստակամություն հայտնելով, նշեց, որ համալսարանը կարևոր քայլ կլինի Թուրքիայում քրդերի, ինչպես նաև հայերի ազգային ինքնության պահպանման ուղղությամբ, և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել դրական տեղաշարժի:
«Անհրաժեշտ է հասնել նրան, որ Թուրքիայում ապրող ժողովուրդները դիտարկվեն ոչ թե որպես թշնամիներ, այլ այդ երկրի լիիրավ քաղաքացիներ: Մենք գնահատում ենք նախաձեռնությունը և պատրաստ ենք հնարավորության սահմաններում աջակցություն ցույց տալ», եզրափակել է պատգամավորը՝ ըստ նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության:
Կարդացեք նաև