Օրեր առաջ, Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի բնակիչները «Առավոտ»-ին պատմել էին իրենց խնդրի մասին ՝ առ այն, որ անցած տարվա մթերված խաղողի գումարները չեն ստացել «Վեդի Ալկո» ընկերությունից: Բնակիչների մտահոգությունը ոչ միայն իրենց վարկերի, խաղողի այգիների ջրի պարտքերի մարումն էր, այլ մոտեցող նոր ուսումնական տարին, որին չեն կարողանում պատրաստվել դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներից շատերը. «Երեխան ամաչում է շոր, կոշիկ չունի, գրենական պիտույքներ չունի, վաղը մյուս օր գրքի փող են ուզելու՝ որտեղի՞ց ճարեմ: Բա քո քրտինքով տանջվես մշակես, արտադրանքը հանձնես ու վերջն էլ խնդրես. որ փողդ տա՞ն»,-այսպես էին արտահայտվում այն ծնողները, որոնք չգիտեին ինչպես երեխաներին ասեն, որ սեպտեմբերին դպրեց չեն կարող ուղարկել իրենց:
«Վեդի Ալկո» ընկերությունից այսօր առավոտյան այն աղավնաձորցիներին, որոնք Արենի տեսակի հետ մթերման էին հանձնել Ոսկեհատ՝ Խարջի տեսակի խաղող, կանչել էին գործարան՝ գումարները ստանալու: Հիմնական տեսակի՝ Արենիի գումարները վճարելու մասին գործարանում, ըստ աղավնաձորցիների, խոսք չի եղել:
«Խարջիի պահանջարկը մեծ է լինում՝ մթերում են, գումարն էլ ամեն տարի տեղում էին վճարում, բայց անցած տարի, որ ասեցին մի շաբաթից կգաք գումարները ստանալու՝ ձգվեց մի շաբաթը դարձավ տաս ամիս: Հիմա մնում է սև խաղողի՝ Արենի տեսակի փողերը տան՝ տեսնենք դա երբ կտան»,- մեզ հետ զրույցում ասաց Ոսկեհատ խաղողի գումարը ստացածներից մեկը, որը վերադարձել էր տուն առանց գումարի՝ վարկերի տոկոսներն էր միայն հասցրել փակել:
Մեկ այլ գյուղացի էլ արդարացնում էր գործարանների աշխատանքը ասելով. «Հասկանալի է, որ ընկերությունը դժվարությամբ մթերեց, տեղ չուներ, արտահանումը դժվար էր, բայց կառավարությունը, որ էդքան ստիպում էր գործարաններին, որ մթերեն խաղողը, պետք է նաեւ օժանդակի, որ այդ գործարանները կարողանան պարտքը փակել, որ մի ամսից էլի կարողանան մթերել: Տարեցտարի դժվարանում է գյուղմթերքի մթերումը, կամ ցածր գնով են վերցնում, կամ գումարները չեն տալիս»:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ