2016 թվականի օգոստոսի 26-ին, Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում հավաքվել էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Ջավախքի աջակցության հիմնադրամի ղեկավարները, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, համայնքային կառույցների ներկայացուցիչները, թբիլիսահայ մտավորականներ:
Հայ աշուղական արվեստի կարկառուն դեմք աշուղ Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան) ծննդյան 170-ամյակի տոնակատարությունը մեկնարկեց Մեծ գուսանի շիրիմին ծաղիկների խոնարհումով և հոգեհանգստյան արարողությամբ:
Բացելով հիշատակի միջոցառումը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ներկաներին հրավիրեց մասնակցելու օգոստոսի 27-ին աշուղ Ջիվանու ծննդավայր Կարծախ գյուղում կայանալիք Ջիվանու ավանդական երգարվեստի մեծարման միջոցառմանը, որը կնշանավորվի աշուղական արվեստի մրցույթով և գուսանի տուն-թանգարանի հանդիսավոր բացմամբ:
Աշուղ Ջիվանու խոհա-փիլիսոփայական և ժողովրդական ստեղծագործության մեծարման և խոնարհումի խոսք ասացին բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, ՋԱՀ-ի նախագահ Սոս Սահակյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:
Կարդացեք նաև
Մեծ գուսանի ծոռնուհի, Արաքսյա դստեր թոռը՝ Գրետա Նիժարաձեն, երախտագիտության խոսքեր ուղղեց Ջավախքի աջակցության հիմնադրամին և Ախալքալաքի մունիցիպալիտետին, ում նախաձեռնությամբ և աջակցությամբ բացվում է իր մեծ պապի տուն-թանգարանը նրա ծննդավայրում:
Հուզիչ էր ներկաների կողմից Ջիվանու տապանաքարի ցողումը Կարծախ գյուղից բերված հող ու ջրով:
Միջոցառման ավարտին հավաքվածներին օրհնության խոսք հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Մեծանուն Ջիվանին անմահ է, քանզի նա ապրում է իր ծնող ժողովրդի հոգում իր երգերով, խոսքով որպես աշուղ,բանաստեղծ, մեծ հայրենասեր և անդավաճան ընկեր: Սրբազան հայրը մեծարման խոսքեր ուղղեց Ջավախքին և Ջավախքի արվեստասեր հայությանը, որը դարձել է հայապահպանության օրինակ, նաև հայ-վրացական բարեկամության անքակտելի օղակ:
Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որն ուղեկցվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբի կատարումներով:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց Թեմ