Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լևոն Մկրտչյան. Տավուշի մարզի ուսուցիչներն արդեն իսկ գործնական հայրենասիրության օրինակ են

Օգոստոս 27,2016 18:24

Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որին մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Այնուհետև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը մանրամասն ներկայացրեց 2015-2016 ուսումնական տարում կրթության ոլորտում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, անդրադարձավ անելիքներին: Նշվեց, որ մարզում գործում է 81 հանրակրթական դպրոց, որից 4-ը` ավագ: 2015-2016 ուսումնական տարվա սեպտեմբերին առաջին դասարանցիների թիվը կազմել է 1737, իսկ նոր ուսումնական տարում կանխատեսվում է 1792: Մարզում գործում է 48 նախադպրոցական հիմնարկ, և աշխատանքներ են տարվում մանկապարտեզների, այդ թվում նաև նախակրթարանների և մանկապարտեզ հաճախող երեխաների թվի ավելացման ուղղությամբ:

2016թ. նախակրթարաններ կբացվեն մանկապարտեզ չունեցող ևս 8 համայնքում: Մարզի 77 հանրակրթական դպրոցներից 32-ը ունեն լոկալ ջեռուցում, 2 դպրոց ջեռուցվում է գազի վառարաններով, 2–ը՝ էլեկտրաէներգիայով և 41 դպրոց ջեռուցվում է դիզելային վառելիքի վառարաններով: 2015թ. ընթացքում պետբյուջեի միջոցներով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Կողբի թիվ 1, Ներքին Ծաղկավանի, Իջևանի թիվ 5, Գանձաքարի, Արճիսի դպրոցներում, դպրոցի պատուհանների վերատեղադրում և պաշտպանիչ հենապատի կառուցում է կատարվել սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցում, վերանորոգվել է Դեղձավանի հիմնական դպրոցի տանիքը: Վերանորոգման աշխատանքներ են տարվել նաև մանկապարտեզներում:

Դպրոցներում աշխատում է շուրջ 2120 ուսուցիչ, որոնց մեծ մասն ունի բարձրագույն կրթություն: Յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ուսուցիչների թվաքանակի 1/5-ը: 2013-2016թ.թ. ընթացքում տարակարգի ստացման համար մարզից 12 ուսուցիչ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն և ստացել որակավորման առաջին աստիճանի տարակարգ: Անցած ուսումնական տարին հագեցած է եղել բազմաթիվ հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներով, որոնցում հաջողությամբ հանդես են եկել մարզի դպրոցականները:

Tavush xorhrdakcutyunՀՀ կառավարության ծրագրով և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ 2015-2016 ուստարում զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 220 դպրոցականներ են իրենց ամառային հանգիստն անցկացրել Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում: ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ տարածքային համապատասխան բաժինների հետ համատեղ հետևողական աշխատանք է տարվում իրավախախտման հակում ունեցող, դժվար դաստիարակվող անչափահասների հետ, որի արդյունքում զգալիորեն նվազել է նման երեխաների թիվը:

Խոսելով աշակերտների սննդի կազմակերպման մասին, որն իրականացվում է մարզի դպրոցների 1-4 դասարանցիների համար ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում, Կարեն Նազարյանը տնօրենների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ստացած սննդի ճիշտ պահեստավորման վրա:

Lavrenti Mirzoyan Իր ելույթում ներառական կրթության հիմնախնդիրներին անդրադարձավ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը: Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորական խոսք ասացին և ելույթներով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը և լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

Ամփոփիչ ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարն իր ելույթը սկսեց հայրենասիրությունից` շեշտելով, որ Տավուշի մարզի ուսուցիչներն արդեն իսկ գործնական հայրենասիրության օրինակ են: Այնուհետև անդրադարձ եղավ կրթության ոլորտի փոփոխություններին, հիմնական ուղղություններին ու խնդիրներին: Կարևորվեցին կրթության որակի բարձրացմանը, դասագրքերին, ուսուցման կազմակերպման ձևերին ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը: Խոսվեց նաև 12-րդ դասարանի բեռնաթափման, բյուրոկրատական քաշքշուկների վերացման և ներառական կրթության մասին:

Խորհրդակցության ավարտին կրթության ոլորտում ունեցած ավանդի համար մի խումբ մանկավարժներ պարգևատրվեցին Տավուշի մարզպետի պատվոգրերով:

Տավուշի մարզպետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031