Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Մուղդուսյանը լրագրողների նկարների մասին՝ «Գաղջը լրագրողների միջավայրում չէ» (Տեսանյութ)

Օգոստոս 27,2016 17:55

Այսօր Հովհաննես Շարամբերյանի անվան  Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց տարբեր լրատվամիջոցներից  12 լրագրողների նկարների ցուցահանդեսը, որը կրում էր  «Հինգշաբթի» խորագիրը։

Լրագրողները շուրջ վեց ամիս հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի։

Կենտրոնի ղեկավար Մարիամ Մուղդուսյանն Aravot.am֊ի հետ զրույցում ասաց, որ իր մոտ ծնվեց գաղափարն աշխատել եւ սովորեցնել լրագրողներին նկարել, եւ հանդիպում էին ամեն հինգշաբթի, ահա թե ինչու է ցուցահանդեսը կրում «Հինգշաբթի» խորագիրը։

Ցուցադրված էին 34 աշխատանքներ։ Մարիամ Մուղդուսյանն ասաց, որ շեշտը դրել են գեղանկարչության վրա․«Թեեւ,  ի սկզբանե մտածում էինք, որ լրագրողները կնկարեն սոցիալ-տնտեսական, քաղաքական թեմաներով ՝ ելնելով իրենց աշխատանքի բնույթից, բայց մենք ունեցանք շատ պայծառ, գունեղ աշխատանքներ, ապացուցելով որ գաղջը լրագրողական միջավայրում չէ, եւ գաղջը պետք է այլ տեղ փնտրել։ Այս վեց ամսվա ընթացքում մենք հրաշալի արդյունք ունեցանք։ Անշուշտ, նկարիչ չենք կարող համարել նրանց, դա մեծ կոչում է, մեծ պատասխանատվություն, բայց լրագրողների այս խումբը սիրում է նկարել»։

Մուղդուսյանի ներկայացմամբ՝լրագրողների մեծ  մասը զրոյական գիտելիքներով են եղել, բայց միանգամից մտել են արվեստի աշխարհ։

«Օրինակ՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը  զրոյական գիտելիքով էր, առաջին աշխատանքն այնքան թույլ է արել, որ ես համոզված էի, որ մենք արդյունք չենք ունենա, սակայն այսօր տեսնում ենք, որ ամենահաջողված աշխատանքներից մի քանիսը Ռուզանինն է։ Մի քանի դաս հետո, երբ Ռուզանը սկսեց տիրապետել  նյութին, մենք ունեցանք փայլուն աշխատանքներ»։

Ruzik IMG_8189 IMG_8184 IMG_8187 IMG_8188

3333 4444 (1)

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Սոնա Ադամյանի աշխատանքներն էլ էին ցուցադրված․ մեզ հետ զրույցում Սոնան ասաց, որ ինքը վերջին երեք տարին լուսանկարչությամբ է զբաղվում, եւ որոշեց ուժերը փորձել  գեղանկարչության մեջ։

«Թվում է, թե լուսանկարչությունն ու գեղանկարչությունը նույն հիմքերի վրա են, եւ եթե լույսն ու ստվերը զգում ես, հասկանում, ապա հեշտ կլինի նաեւ գեղանկարչության մեջ, բայց հասկացա, որ շատ-շատ դժվար է։ Եթե անգամ զգում ես լույս ու ստվերը, կոմպոզիցիա կառուցում ես, ապա մեկ ամիս, երկու, երեք ամիս շատ դժվար աշխատանք էր։ Բայց, անշուշտ, եթե մի բան ստացվում է, ասենք՝ երիցուկի ցողունը, տերեւը ստացվում է, այ դրա հաճույքն արդեն  ուրիշ է»,-ասաց Սոնա Ադամյանը, հավելելով՝ «Առաջին հերթին լուսանկարիչ եմ, հետո՝ լրագրող, բայց կուզեմ դոմինանտող դարձնեմ գեղանկարչությունը»։

«Առավոտի» լրագրող Ռուզան Մինասյանն ասաց՝ երբ իմացել էր, որ երեխաների համար դասընթացներ են Մուղդուսյան կենտրոնում, ինքն էլ ցանկացավ  երեխա դառնալ, մտնել այդ  աշխարհ․«Որովհետեւ դպրոցական իմ ընկերները գիտեն, որ պատի պլակատը ես էի միշտ պատրաստում»։

Ցուցահանդեսին ներկայացված Ռուզանի աշխատանքները գուաշով են, ասաց, որ երբեք գուաշով չի աշխատել, եւ միայն մեկ  գործ է կտավի վրա արված։

«Գիտեի, որ բարեգործական նպատակ ունի, որոշեցի հնարավորինս լավ նկարել»,- ասաց Ռուզան Մինասյանը։ Նրա աշխատանքներից երեքում Արցախի Թալիշ գյուղն է․ Ռուզանն ասաց, որ ապրիլյան պատերազմի ազդեցության տակ է նկարել․«Այդ օրերին մարդիկ լքում էին իրենց տները, բայց ուզում եմ, որ թալիշցիները հավատան՝ իրենց տներն են վերադառնալու»։ Ռուզանի նկարներից մեկում երկինքը երկնագույն չէ, լրագրողը մեկնաբանում է՝ իմ նկարներում երկինքը արեւագույն է, արեւն է։

Մանրամասներն՝ տեսանյութում

Մուղդուսյան արվեստի կենտրոնը գործում է երկու տարի, հաշմանդամություն ունեցող, աղքատ եւ ծայրահեղ աղքատ  ընտանիքների երեխաներն այստեղ անվճար նկարչություն են սովորում։ Մարիամ Մուղդուսյանը նկատեց՝ «Մենք չունենք ֆինանսավորում, չունենք որեւէ հովանավորչություն։ Ամեն ամիս, չգիտեմ ոնց ենք ապրում, կարելի է ասել հրաշքով, վերջին պահին, որ  հույս չի լինում, մի բան լինում է։ Եվ սրանից ելնելով՝ լրագրողներն առաջարկել են ցուցահանդես-վաճառք անել ու հասույթը տրամադրել կենտրոնին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031