Օգոստոսի 25-ին, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Ժնևում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին։
Երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր ջերմ երախտիքը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին և արվեստագետներին՝ երեքհազարամյա պատմության ընթացքում տարբեր մշակույթների, կրոնների, քաղաքակրթությունների հանդիպման խաչմերուկում գտնվող հայ ժողովրդի հարուստ և ինքնատիպ երաժշտական արվեստը ժնևյան հանդիսատեսին լավագույնս ներկայացնելու հնարավորության համար:
Հայ արվեստի մեծ երախտավորների, ինչպես միջնադարյան, այնպես էլ արդի շրջանի երաժշտական արվեստի առանձնահատկությունների ներկայացմամբ հանդես եկավ Ժնևի Կոնսերվատորիայի տնօրեն Եվա Հարությունյանը:
Համերգի ընթացքում միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրի՝ դաշնակահարուհի Եվա Հարությունյանի, մեներգչուհի Ջուլիետ Գալստյանի, դուդուկահար Լևոն Չատիկյանի, ջութակահար Ֆիլիպ Տալեկի և կլարնետահար Դմիտրի Ռասուլ-Կարաևի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատուրյանի ստեղծագործությունները։ Հայկական պարարվեստի փայլուն ներկայացմամբ հանդես եկավ երիտասարդ կատարող Աննա Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկա էին Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ:
Տեղեկանք. Ժնևի կոնսերվատորիայի կողմից կազմակերպված «Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» խորագրով երաժշտական փառատոնում Հայաստանի հետ մեկտեղ ընդգրկված էին Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան:
ՀՀ ԱԳՆ