«Առավոտը» արդեն գրել է «Անկախության սերունդ» համահայաստանյան նվագախումբ և երգչախումբ» նախագծի մասին։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույց նախագծի ղեկավար, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։
-Մաեստրո Սմբատյան, պատմեք, խնդրեմ, այս նախագծի գաղափարի մասին։
-Մեզ մոտ դեռ անցյալ տարի հղացավ այս մեգանախագծի գաղափարը․ցույց տալ, թե մեր 25-ամյա երիտասարդ պետությունում ինչպիսի շնորհալի երիտասարդներ կան, ովքեր կրողն են բարձր հոգևոր արժեքների՝ այն է՝ դասական երաժշտության, նաև՝ իրենք կարող են ստեղծել այդպիսի արժեքներ, ապրելով և ստեղծագործելով մեր անկախ Հայրենիքում։ Մենք հպարտանում ենք մեր անցյալով, սակայն պետք է ներկայացնել այս մեծ տոնին, որ մենք ունենք երիտասարդ սերունդ, որը կերտում է երկրի ներկան, իսկ արդեն վաղը՝ ապագան։
– Ընդհանուր առմամբ, քանի՞ կատարող է ներգրավված նվագախմբի և երգչախմբի կազմում։
Կարդացեք նաև
-Բեմ են դուրս գալու, ընդհանուր առմամբ մոտ 800 երաժիշտ, ինչը աննախադեպ է։
Խորհրդանշական է, որ մեր երկրի գլխավոր տոնը, այն էլ՝ հոբելյանական նշելը հայ դասական երաժշտության կատարումներով միանշանակորեն ցույց է տալիս, թե ինչպիսի արժեքներ են գերիշխում մեր երկրում․․․
-Որքան մեզ հայտնի է, ներգրավվել են կատարողներ տարբեր մարզերից․․․
-Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից, և ընտրության գլխավոր չափանիշն որակն է եղել։
Այստեղ ևս մի շատ կարևոր բան կա․ այս համահայաստանյան նվագախմբում և երգչախմբում ցանկացել ենք դասական երաժշտության շուրջ համախմբել այս շնորհալի երիտասարդներին մեր երկրի բոլոր մարզերից, և, իհարկե՛, կապերը նրանց հետ շարունակական բնույթ են կրելու։ Այս նախագծի ստրատեգիական նպատակն է Հայաստանի և Արցախի պատանի երաժիշտների կարողությունների բացահայտումը, վարպետության դասերի միջոցով կատարողական մակարդակի բարձրացումը, և սեպտեմբերի 21-ի համերգից հետո առաջիկա տարիներին շնորհալի կատարողների ներգրավումը տարբեր հանրապետական և միջազգային ծրագրերում:
Ամենակրտսեր երաժիշտն ինը տարեկան է, ամենամեծը՝ երեսուն։
Անկախության սերնդի երաժիշտները նրանք են, ովքեր սկսել են իրենց երաժշտական կրթությունը արդեն անկախ Հայաստանում։
-Հավանաբար, բավականին աշխատատար գործ էր այս հսկայական թվով կատարողներին բերել-հասցնելը Երևան, ապահովել կացարանով, կազմակերպել․․․
-Ճիշտն ասած, նրանից հետո, անցած տարի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ 24/04 համաշխարհային նվագախմբի ստեղծումից հետո (ինչը աննախադեպ էր Հայաստանի համար) մեր թիմին թվում էր, թե այդ նախագծից ավելի բարդ բան չի կարող լինել․․․Սակայն այս անգամ մենք գործ ունենք հայ տաղանդների հետ, որոնցից ամեն մեկը վառ անհատականություն է (ժպտում է), սրան էլ գումարենք այն, որ նրանք ապրում են տարբեր մարզերում․․․Ասեմ պարզ․ նրանց համախմբելը դյուրին բան չէր, սակայն քանի որ մեր թիմը համոզված է այս շատ կարևոր նախագծի հաջողության մեջ, մենք կկարողանանք անել ամեն բան, որ այն կայանա անթերի։
-Քանի՞ օր են տևելու փորձերը։
-Մենք դրանք սկսեցինք օգոստոսի 21-ին՝ Անկախության օրվանից ուղիղ մեկ ամիս առաջ, դրանք կտևեն ևս մի քանի օր, որից հետո երաժիշտները, որոնց մեջ քիչ չեն 10-11-12 տարեկան մանուկներ, որոնք դեռ չեն կատարել նվագախմբի կազմում, այն էլ՝ այսքան մեծ, պետք է արդեն ինքնուրույն սերտեն իրենց պարտիաները, որպեսզի, վերադառնալով փորձերին սեպտեմբերի 15-ին, հաջողությամբ ավարտեն իրենց պատրաստությունը տոնական համերգին։
– Այս համերգը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ընդգրկվեց տոնական միջոցառումների ցանկի մեջ, այսինքն, ձեր ներկայացրած նախագիծը համոզիչ էր պաշտոնյաների համար․․․
– Մեր համերգը հոբելյանական հիմնական միջոցառումն է․․․
Կարծում եմ, որ գոնե փոքրիշատե մեր մշակույթին և պատմությանը ծանոթ որևէ մարդ պիտի հասկանա, որ հայ մանուկի համար նոտաները՝ դա նույնն է, ինչ-որ մեր մեսրոպյան զինվոր-տառերը․․․Պատահական չէ, որ խորհրդային տարիներին Հայաստանը առաջատար էր երաժշտական դպրոցների թվով։
Ասեմ ավելին․մարդիկ, ովքեր որևէ տարակուսանք կհայտնեմ այս մեգանախագծի վերաբերյալ, պարզապես տեղ չունեն հայ հասարակության մեջ․․․
-Ո՞րն է համերգի ծրագիրը և որքա՞ն է այն տևելու։
-Ծրագրում լինելու են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ․ Խաչատրյան, Հարությունյան, Բաղդասարյան, Սմբատյան։ Համերգը կտևի մոտ մեկուկես ժամ։
Սույն տողերի հեղինակը զրուցեց մի քանի մասնակցի հետ։
10-ամյա շեփորահար Արսեն Սաֆարյանը Ստեփանակերտից եկել է Երևան երաժշտության իր առաջին ուսուցչի՝ պապի՝ շեփորահար Ալբերտ Սաֆարյանի հետ։
Ինչպես ասաց ավագ Սաֆարյանը, իրենք շատ հպարտ են, որ Արսենը ընտրվել է այս նախագծին մասնակցելու համար, նաև հայտնեց, որ նվագախմբի հետ Ղարաբաղյան շարժման ոչ-պաշտոնական օրհներգը՝ «Կոչնակը» կատարելու համար իր թոռը ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղբալյանի կողմից պարգևատրվել է շեփորով, որով և մասնակցում է նախագծին։
Գյումրեցի տավիղահարուհիներ 13-ամյա Հասմիկ Մկրտչյանը և 16-ամյա Աննա Ադալյանը մինչ այս նախագծին մասնակցելը նվագախմբում չեն նվագել։ Երկուսն էլ մթնոլորտը նորաստեղծ նվագախմբում գնահատում եմ որպես «հիանալի», հպարտ են, որ մասնակցելու են Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգին։
Ջորջ Չախալյան
Լուսանկարները՝ հեղինակի