Ամառային 31-րդ օլիմպիական խաղերի հերոսներ՝ Ռիոյի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը Հայաստանի օլիմպիական պատվիրակության վերջին խմբի հետ այս գիշեր վերադարձան հայրենիք:
«Զվարթնոց» օդանավակայանի դիմավորման սրահը օդանավի վայրէջքից դեռ շատ առաջ արդեն լեփ-լեցուն էր հազարավոր մարզասերներով, որոնք եկել էին երգ-երաժշտությունով, իրենց մարզական կուռքերի նկարներով, տարբեր, այդ թվում՝ «Միհրան չեմպիոն» կարգախոսներով:
Մարզական հերոսներին դիմավորեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը, տարբեր ֆեդերացիաների ղեկավարներ, մարզաշխարհի աշխատակիցներ:
Մարզասերները օլիմպիական մեդալակիրներին ուսերի վրա տարան «Զվարթնոց» օդանավակայանի հարակից հրապարակ, որտեղ նրանց պատվին շքեղ հրավառություն տրվեց: Այնուհետև, հատուկ ավտոբուսը հարյուրավոր մեքենաների ուղեկցությամբ ուղղություն վերցրեց դեպի Հանրապետության հրապարակ: Չնայած կեսգիշերից արդեն երկու ժամ անցել էր, Երեւանի գլխավոր հրապարակում հազարավոր մարզասերներ սպասում էին մարզական հերոսներին, որոնց պատվին համերգ էր կազմակերպվել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ