Լրահոս
Օրվա լրահոսը

Փողն ու զենքը չեն որոշում հողի գինը

Օգոստոս 27,2016 14:30

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ

– Ամառվա առաջին օրերին հարցազրույցներից մեկում Դուք թեժ ամառ էիք կանխատեսել, ինչ-որ բա՞ն գիտեիք, թե՞ պարզապես կանխատեսում էր, որն իրականացավ: Ամառը իսկապես թեժ էր, ինչպիսի՞ն կլինի աշունը։

– Աշունը կլինի աշնանային մեղմությամբ, անձրեւներով, տերեւաթափով՝ իրական ու փոխաբերական իմաստներով, անձրեւներ կլինեն տարբեր քաղաքական ուժերի տանիքներին, տերեւաթափ կլինի բոլոր ուժերի գլուխներին, աշնանը կսկսվեն քաղաքական նոր վերաձեւումներ, տեղաշարժեր, տարաձայնություններ, հին ու նոր դիրքավորումներ: Տարին նախընտրական է, քիչ ժամանակ է մնացել մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Թեժ ամառը դեռ չի ավարտվել, ավագանու, քաղաքապետերի, մի խոսքով՝ ՏԻՄ ընտրություններ են, եւ տեղերում կրքերը բավական շիկացած են՝ նորմալ, բնականոն գործընթաց է եւ հույս ունեմ, որ գործողությունները կտեղավորվեն քաղաքական մտքի տիրույթում։

– Հարցերի հարցը, կարծես, շարունակում է մնալ Ղարաբաղյան խնդիրը: Առավել քննարկվող թեման այս ընթացքում եղավ հողերի հանձնել-չհանձնելու հարցը, այս թեման կշարունակի՞ մնալ օրակարգում, որոշ գործիչներ հետեւողականորեն պնդում են, թե գնալու ենք զիջումների։

– Անկախության հաստատումից ի վեր ու դրանից էլ առաջ Ղարաբաղյան հարցը եղել ու մնում է շատերիս կյանքի ուղեկիցը եւ անբաժանելի մասը: Մեր սերնդի երիտասարդությունն անցավ պատերազմի մեջ, դեպի հասուն տարիք ընթացքը համընկավ Արցախյան հարցի կարգավորման ընթացքին, սա մեր ճակատագիրն է: Որ բանակցային իրավիճակը փորձում ենք պահպանել՝ ապացույց է, որ պատերազմը մտքում պահած՝ կողմնակից ենք խաղաղության, խնդիրը պիտի լուծվի առանց նոր զոհերի եւ ավերածությունների: Դա է պահանջում ոչ միայն հայկական երկու պետությունների, այլեւ տարածաշրջանի շահը: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ տարածաշրջանի անվտանգության, քաղաքական ու տնտեսական զարգացման պայմանը պատերազմ չլինելն է՝ սա խնդիր է, որի լուծման համար պիտի վճարեն բոլոր պետությունները: Պատերազմի դեպքում հայկական բանակը, կարծում եմ՝ այլեւս ոչ ոք չի կասկածում, որ կանգնելու է անխախտ ու կռվելու է մինչեւ հաղթանակ:

Ղարաբաղի հարցը լինելու է օրակարգում այնքան, քանի դեռ չի գտնվել լուծում, որ ընդունելի է կոնֆլիկտի բոլոր կողմերի համար: Մենք խոսում ենք մեր հողերը պահելու մասին, ադրբեջանցիներն էլ խոսում են հող կորցնելու մասին։ Միշտ եմ ասել, կրկնեմ՝ բանակցություններ վարող մեր նախագահը ի զորու է գտնել լուծում, որը համարժեք է մեծամասնության ցանկություններին ու պատկերացումներին։ Մնում է, որ Ադրբեջանի նախագահը կարողանա ռեալ գնահատել իրավիճակը՝ հասկանա, որ փողն ու զենքը չեն որոշում հողի գինը, նաեւ՝ ազատագրվի ատելության սինդրոմից առ Հայաստանն ու հայկականը: Ղարաբաղը երբեք չի վերադառնալու Ադրբեջանի կազմ՝ սա աքսիոմա է, որ ոչ մի սկզբունքի, փաթեթի, փուլի ու պլանի մեջ չի մտնելու: Մնացածը բանակցության թեմա է:

– Այս պահին կա՞ն բանակցություններ, թե՞ չկան, կարծես այս վիճակը մեզ ձեռնտու է։

– Իսկ Դուք վա՞տ եք զգում, որ այս վիճակը ձեռնտու է մեզ, այո, այսօր ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք: Բոլորիս համար ամենաձեռնտու վիճակը առանց պատերազմի խնդիրը լուծելու հնարավորությունն է, ինչին էլ ձգտում ենք։ Խնդիրը նույնիսկ այն չէ՝ կա՞ն բանակցություններ, թե՞ չկան, խնդիրը բանակցությունների օրակարգն է, որի ձեւավորումն էլ որոշում է՝ կլինե՞ն բանակցություններ, թե՞ ոչ: Հայաստանը օրակարգում տեսնում է շփման գծում անվտանգության մեխանիզմների տեղակայումը, նույնը՝ Մինսկի խմբի համանախագահները՝ ստեղծելու համար բանակցության նորմալ պայմաններ, Բաքուն ուզում է օր առաջ իր միֆական փախստականներին վերադարձնել՝ հայտնի չէ, թե ուր, հրաժարվում է Արցախի անկախ կարգավիճակի ճանաչումից՝ բացառելով հայկական երկու պետությունների գոյության հնարավորությունը, ու պահանջում է իր տարածքային ամբողջականության վերականգնում: Սա է իրավիճակը՝ արդեն քառորդ դար:

– Աշնանը սպասվո՞ւմ են պաշտոնանկություններ, թե՞ ոչ։

– Պաշտոնանկությունները երբեք ինքնանպատակ չեն, որեւէ մեկին պաշտոնը ցմահ չի տրվում՝ անձնական օգտագործման համար: Խնդիրը ոչ թե պաշտոնանկություններն են, այլ կադրային կամ կառուցվածքային փոփոխություններով լուծվող հարցերը եւ հեռանկարները: Պիտի հորդորեմ նորից կարդալ նախագահի խոսքը ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին: Սա լավագուն լուծումը կլինի, եւ խնդիրների այն մասը, որ մինչ այժմ չեն լուծվել կամ դանդաղ են առաջ գնում, ավելի հստակ եւ տեսանելի կկարգավորվեն, այդ պարագայում՝ կադրային փոփոխությունները երկրորդական են, համալիր լուծումները պիտի բոլորին տեսանելի լինեն: Մենք ունենք հասարակության դժգոհ հատված, խնդիրներ ունեցող ընտանիքներ եւ անհատներ, որոնց կյանքի որակի փոփոխության համար պիտի գտնել արդար լուծումներ՝ դա պետության պարտավորությունն է իր քաղաքացու առաջ։

– «Սասնա ծռերի» պատմությունը ավարտվե՞ց, թե՞ շարունակվում է՝ Ձեր կարծիքով։

– Իմ կարծիքով՝ այդ պատմությունը չպիտի սկսվեր ընդհանրապես, որովհետեւ ազդարարված նպատակները այդ միջոցներով չեն կարող լուծվել, ու դա իրենք ՝էլ գիտեն: Երբեք արկածախնդրությունը հասուն քաղաքական գործունեության վկայություն չէ: Ի վերջո՝ ի՞նչ հարց լուծվեց: Հասարակությա՞նն արթնացրին, իսկ հասարակությունը ե՞րբ էր լեթարգիական քնի մեջ: Ու եթե նույնիսկ իրենց պատկերացումներով՝ արթնացրին, ի՞նչ արեցին հետո: Հասարակական էներգիան օգտագործեցի՞ն ինչ-որ հարց լուծելու համար: Ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ ժողովրդի ընդդիմադիր հատվածին արդեն համարյա քսան տարի պարբերաբար հավաքում են հրապարակումներում ու փողոցներում, որ հետո ուղարկեն տուն: Նույն պատմությունը չստացվե՞ց: Միակ տարբերությունը՝ ցավոք, եղան զոհեր, երեքն էլ իրավապահ համակարգից: Սա ոչ ոք թող չմոռանա, բարձրախոսով փողոցում կամ իրենց նեղ շրջապատում հոխորտացողները դա պիտի հիշեն ամեն Աստծո օր՝ ոստիկաններ զոհվեցին, իսկ զինված խմբից զոհեր չեղան: Մնացածը դատարկաբանություն է: Անպայման ուզում եմ նշել, որ, դժբախտաբար, վիրավորներ եւ տուժողներ եղան լրագրողների մեջ, սա աններելի սխալ էր, որի բոլոր մեղավորները պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողները պիտի լինեն անձեռնմխելի, եւ պիտի ապահովվի նրանց անվտանգությունը։

– Այդ օրերին Դուք եւ որեւէ մեկը իշխող ուժից չխոսեց, լռեցիք մինչեւ վերջ, ասելիք չկա՞ր, թե՞ արգելված էր խոսելը։

– Հավատացեք խոսքերին, եթե դրանք հաստատվում են գործողություններով՝ Նապոլեոնն է ասել: Լինում են պահեր պետությունների կյանքում, երբ խոսքը գին ունի, երբ զուգահեռվում է գործին եւ կարող է խանգարել նույն այդ գործին, երբ ճիշտ տեղում ու ճիշտ պահին չի հնչում: Ի վերջո, ամեն առիթով խոսողները այս անգամ էլ խոսեցին, ու ի՞նչ: Միշտ չէ, որ աջ ու ձախ կարծիք հայտնելը խելքի, տեղեկացվածության կամ սրտացավության նշան է: Գիտե՞ք որն է ձայնի ու աղմուկի տարբերությունը. ձայնը հնչում է՝ աղմուկը լռեցնելու համար: Կարծում եմ՝ այդպիսին եղավ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, մնացածը կյանքը ցույց կտա: Մեզ սպասում է սքանչելի ու բեղուն աշուն: Առաջ գնալու համար պետք է տեսնել հորիզոնի գիծը, ոչ թե դեսուդեն նայել:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

26.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031