Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստամբուլը կարմրագույն ծով էր դարձել` Էրդողանով կարմրած

Օգոստոս 27,2016 12:00

Ստամբուլի օդում թեւածում էր անձի պաշտամունքը

Օգոստոսի սկզբին մի քանի օր Ստամբուլում էի: Դա 2010 թվականից ի վեր իմ երկրորդ այցն էր Ստամբուլ: Վեց տարի անց, պարզվեց, Ստամբուլը նկատելիորեն փոխվել է:
Հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից ընդամենը 2-3 շաբաթ անց Ստամբուլում ինչ-որ բան այն չէր` ի համեմատություն 2010 թվականի, ինչ-որ կարեւոր բան պակասում էր այդ քաղաքում, չնայած որ քաղաքում զբոսաշրջիկների համար սահմանափակումներ չկային, ոստիկանական ուժերի կուտակումներ` նույնպես:

Առհասարակ, եթե տեղյակ չլինեիր, որ օրեր առաջ այդ երկրում մի իսկական թոհուբոհ էր տեղի ունեցել, գուցե չգուշակեիր, որ մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել ու շարունակում են ձերբակալվել: Բացարձակ տպավորություն չէիր ստանում, որ հուլիսի 21-ից 3 ամսով արտակարգ դրություն է սահմանված:

Ստամբուլ ժամանելու առաջին ժամերին դեռ պարզ չէր, թե ինչն է պակասում այդ քաղաքում:

Սակայն Ստամբուլ ժամանելուց ժամեր անց արդեն սկսեց աչք ծակել վառ կարմիր գույնը… Առաջին իսկ օրը երեկոյան Թաքսիմը, որը Ստամբուլի երբեմնի տպավորիչ ու կոլորիտային թաղամասն էր, բացահայտվեց ամբողջովին «կարմրած»: Աթաթուրքի պատկերները գրեթե վերացել էին Ստամբուլից՝ տեղը զիջելով կա՛մ ահռելի չափերի հասնող Թուրքիայի դրոշներին, կա՛մ Էրդողանի պատկերներով պաստառներին:

Ամեն երեկո Թաքսիմի հրապարակում Էրդողանի պատկերներով դրոշներով, գլխարկներով, վերնաշապիկներով, շարֆերով եւ Թուրքիայի դրոշակներով միջոցառումներ էին անցկացվում` ի պաշտպանություն Էրդողանի: Հրապարակում միացված էին բարձրախոսները, ուղիղ եթերով հեռարձակվում էին միջոցառումները, մի քանի հսկայական էկրաններով ցուցադրվում էր տեղում ընթացող միջոցառումը, որոնց իրենց ներկայությամբ պատվում էին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները:

Պարզվեց, որ նման հավաքներ անցկացվում են քաղաքի տարբեր հատվածներում, նպատակն էր ցույց տալ, որ ժողովուրդն իր առաջնորդի կողքին է եւ «պաշտպանում է դեմոկրատիան», այսինքն` զինվորականները հույսեր թող չփայփայեն: Տեղեկացանք, որ «ի պաշտպանություն դեմոկրատիայի», հավաքներ էին տեղի ունենում հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ամեն օր, ոչ միայն Ստամբուլի տարբեր հատվածներում, այլեւ Անկարայում եւ այլ մեծ քաղաքներում: Մարդիկ ականջալուր էին եղել Էրդողանի կոչին` «չլքել հրապարակները…»:

Իսկ թե որքանով էին այդ հավաքները նման «դեմոկրատիան» պաշտպանողներին՝ սա արդեն այլ թեմա է:

Թաքսիմի հրապարակում ամեն երեկո հավաքվող բազմության մեջ գերիշխում էր ցածր խավը, աղքատ մասսան: Հսկայական հերթեր էին հենց հրապարակում. անվճար բաժանվող քաղցրավենիք, հյութեր ստանալու համար բազմանդամ ընտանիքներով մարդիկ սպասում էին իրենց հերթին, ստանում էին սնունդը, ապա նստում գետնին, հիացած, Թուրքիայի դրոշներն ու Էրդողանի պատկերներով պաստառները թափահարելով՝ նայում էին հսկայական էկրաններին, որոնց վրա Էրդողանի մասին անդադար տեսանյութեր էին ցուցադրվում: Ամեն քայլափոխի գետնին նստած գրեթե ցնցոտիներով մարդիկ վաճառում էին Էրդողանի պատկերներով վառ կարմիր գլխարկներ, շարֆեր, հագուստ:

Այս ամենը կարելի էր, իհարկե, ընկալել որպես ի պաշտպանություն Էրդողանի կազմակերպված միջոցառումներ` այն էլ, երբ դա տեղի էր ունենում ռազմական հեղաշրջման փորձից երկու շաբաթ անց, սակայն բանն այն է, որ Ստամբուլն առհասարակ դարձել էր Էրդողանի ու նրա անձի պաշտամունքի քաղաքը` անկախ նրանից, թե դու պատահաբար ականատես էիր լինում կազմակերպված միջոցառմա՞ն, թե՞ պարզապես քայլում էիր Ստամբուլի փողոցներում:

Erdogan_Ataturkl

Օրվա տարբեր ժամերին Թաքսիմի սրճարաններում, ռեստորաններում, խանութներում եւս գերիշխում էր կարմիրը` Թուրքիայի դրոշներն ու Էրդողանի պատկերներով պաստառները: Փողոցներում քայլող մարդիկ կրում էին նրա պատկերներով հագուստները, երեխաների դեմքը ներկված էր կարմիր գույնով` Թուրքիայի դրոշի պատկերով, եւ դա էր ամենուր… Քաղաքում հանդիպեցինք հատուկենտ Աթաթուրքի պատկերների, եւ արդեն պարզ էր, որ Էրդողանի ու նրա իշխանության պայքարը Աթաթուրքի աշխարհիկ գաղափարախոսության դեմ է:

Ստամբուլ ժամանելուց մեկ օր անց արդեն պարզ էր, թե ինչու է խամրել Ստամբուլը: Կոլորիտային, խայտաբղետ երբեմնի այդ քաղաքը պարզապես միագույն էր դարձել, կարմրել էր Էրդողանի գույնով: Ստամբուլի օդում պարզապես անձի պաշտամունքն էր թեւածում:

istanbul_Erdogan_1

Օգոստոսի 7-ին Ստամբուլից մեկնելու օրն էր, կարմրած Ստամբուլից Երեւան վերադառնալու օրը: Այդ օրը Ստամբուլի Յենիքափը հրապարակում եւ մի քանի քաղաքներում միաժամանակ մեծ հանրահավաք անցկացվեց` «Դեմոկրատիա եւ նահատակների երթ» անվանումով: CNN turk-ը ուղիղ հեռարձակում էր Էրդողանի համար այս կարեւոր հանրահավաքը, որն առավելապես աշխարհին, Արեւմուտքին ցույց տալու նպատակ էր հետապնդում:

Erdogan_Istanbul

istanbul_Erdogan_3

«Հաղթարշավը պատկանում է դեմոկրատներին, իսկ հրապարակները պատկանում են մարդկանց»,- գրված էր ժողովրդին բաժանված թերթիկներում: Տարբեր տվյալներով` օգոստոսի 7-ի հանրահավաքներին շուրջ 5 մլն մարդ էր մասնակցել ողջ երկրում: Հանրահավաքին մասնակցեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` կնոջ հետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը` կնոջ հետ, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ինչպես նաեւ ընդդիմադիր երկու կուսակցությունների առաջնորդները, որոնք էլ ցույց էին տալիս, որ միավորվել են հանուն ժողովրդավարության եւ ընդդեմ հեղաշրջման: Ընդդիմադիր ամենամեծ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նույնիսկ հանդես եկավ միասնության եւ համերաշխության կոչով:

Turkish-Prime-Minister-Binali-Yildirim

Այս հանրահավաքից մեկ օր անց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, թուրքական T24 լրատվական կայքում հոդված էր հրապարակել: Tert.am-ի փոխանցմամբ` նա համեմատել էր Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, զուգահեռներ էր անցկացրել Աթաթուրքի եւ Էրդողանի միջեւ` ընթերցողի ուշադրությունը հրավիրելով Էրդողանի սուլթանական ձգտումներին ու նույնիսկ Աթաթուրքին անցնելու ձգտմանը:

istanbul_Erdogan_2 Erdogan_Istanbul-2-

Ջեմալը գրել էր. «1971թ. մարտի 12-ի ռազմական հեղաշրջումն ու բոլորիս՝ այդ թվում եւ իմ ապրած արյունոտ ժամանակաշրջանը հիշեցի հենց 2016թ. օգոստոսի 7-ին կայացած Ստամբուլի հանրահավաքին»: Ըստ նրա՝ հատկապես ուշադրություն էր գրավում հանրահավաքի ժամանակ հրապարակի մի հատվածում փափախավոր Աթաթուրքի հսկայական նկարի, մեջտեղում թուրքական դրոշի եւ դրա կողքին Էրդողանի լուսանկարի առկայությունը: Նա նշում է, որ հասարակության շրջանում հաճախ սկսել են հնչել հետեւյալ հայտարարությունները. «Մեր Երկրորդ ազատագրական պատերազմը (առաջինը նկատի ունի 1923թ.-ի Աթաթուրքի վարած ազգայնական շարժումը, որը Թուրքիայում կոչել են «Փրկության պատերազմ»-խմբ.). գլխավոր հրամանատար Էրդողա՜ն: Արեւմտյան թշնամանք… Եվրոպական, ամերիկյան թշնամություն»:

Հասան Ջեմալը նշել էր, որ Արեւմուտքի դեմ ծավալվող երկրորդ «Փրկության պատերազմում» իսլամական եւ կրոնական մոտիվները գերիշխող են՝ ընդգծելով. «Էրդողանը ցանկանում է գերազանցել Աթաթուրքին: Դրա համար Չանքայայի ամրոցից տեղափոխվել է Պալատ: Նախագահական պալատի տարածքում մզկիթ է կառուցել: Պալատի այգին վերածել է կանաչ դրոշներով, Ալլահին ուղղված կարգախոսներով, զանգվածային ցույցի թատերաբեմի»: Ըստ Ջեմալի՝ սրանք նշաններ են. «Էրդողանն այդ նշաններով կոնկրետ ցույց է տալիս, որ աշխարհիկության եւ ապրելակերպ վարելու տեսանկյունից չի սիրում Աթաթուրքին»: Իր հոդվածը Հասան Ջեմալը եզրափակել էր այսպես. «Էրդողանի գլխավոր նպատակը ոչ թե Աթաթուրքին գերազանցելն է, այլ նրան հակադարձելը»։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 26.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031