Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցն օպտիմալացրին, որ ի՞նչ անեն

Օգոստոս 27,2016 14:00

Մոտ 13 տարի առաջ Հին Նորքի Սունդուկյանի անվան թիվ 26 դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները պայքարում էին, որ իրենց դպրոցը, որտեղ սովորում էին հարյուրավոր երեխաներ, չօպտիմալացվի: Կառավարության առաջ բողոքի ցույցեր կազմակերպեցին, իշխանություններին ու կրթական ոլորտի պատասխանատուներին նամակներ գրեցին, սակայն նրանց ձայնն այդպես էլ չլսեցին: Հանրակրթական դպրոցն օպտիմալացրին, նորքեցի երեխաներին էլ դռնեդուռ գցեցին:

Հիշեցնենք, որ այդ տարիներին կրթության ոլորտի պատասխանատուները այս եւ մի շարք այլ դպրոցների օպտիմալացումը պատճառաբանում էին հանրակրթության համակարգում կատարվող բարեփոխումներով:

26-dproc_2

Այս դպրոցի օպտիմալացման արդյունքում էլ տասնյակից ավելի ուսուցիչներ գործազուրկ մնացին: Ի դեպ, ծնողներն այնքան գոհ էին այս դպրոցի ուսուցչական կոլեկտիվից, որ անգամ օպտիմալացվելուց հետո դպրոցում դասերը չէին դադարել, մի որոշ ժամանակ իրենց երեխաներին տանում էին թիվ 26 դպրոց: Թե՛ ծնողների եւ թե՛ ուսուցիչների կարծիքով՝ իրենց դպրոցի շենքն ամենեւին էլ վթարային չէր, եւ նման հիմնավորումն ընդամենը պատրվակ էր օպտիմալացման ծրագիրն իրագործելու:

26-dproc_4

Այսօր Հին Նորքի դպրոցահասակ երեխաները ստիպված են լինում Երեւանի Կենտրոնի դպրոցներից օգտվել, մի մասն էլ հաճախում են Նորք-Մարաշ համայնքում գործող այլ դպրոցներ, որոնք իրենց բնակավայրից կիլոմետրերով հեռու են` հատկապես, որ այդ հատվածը սպասարկող տրանսպորտ, կարելի է ասել, գոյություն չունի:

Հին Նորքի բնակիչների խոսքերով՝ եթե օպտիմալացման համար հիմք էին հանդիսացել ժողովրդագրական տվյալները` հաշվի առնելով օր օրի մեծացող արտագաղթը մեր երկրից, ապա Հին Նորքում դպրոցահասակ երեխաներ շատ կան: Ըստ նրանց՝ եթե նպատակը դպրոցի շենքին տիրանալն էր, ապա այն այդպես էլ մնացել է առանց շահագործման, եւ հայտնի էլ չէ, թե ում է պատկանում, ինչ նպատակով է սեփականացվել կամ ընդհանրապես՝ սեփականացվե՞լ է, թե՞ ոչ:

Այսօր երբեմնի լուսավոր օջախի դռները զմռսված են, միայն պատի ցուցանակն է հիշեցնում, որ դպրոց է եղել: Նախկին դպրոցի շենքը չի շահագործվում, որեւէ այլ նպատակի չի ծառայում` այդ կերպ վտանգ ներկայացնելով շրջապատում բնակվող հատկապես երեխաների համար:

26-dproc_3

Շենքն օր օրի մաշվում է, պատուհանները, որոնց մի մասն ապակեպատ է, մյուս մասը` թիթեղով ու փայտերով փակված, քամուց ու այլ ցնցումներից ընկնելու վտանգ են ներկայացնում, շենքի քարերը նույնպես թափվում են:

Դեռ այն ժամանակ կրթության նախարարությունը նաեւ պատճառաբանում էր, որ դպրոցի շենքը վթարային է, սակայն տարիներ անց, երբ շենքի ամրացման ոչ մի աշխատանք չի կատարվել, ավելին` տարեցտարի այն ավելի մեծ վթարայնություն է ձեռք բերել, որեւէ պատասխանատու կառույց չի մտահոգվում այն ապամոնտաժելու հարցով:

Երեկ պետական գույքի կառավարման վարչությունից «Առավոտը» հետաքրքրվեց, թե նշյալ հասցեում գտնվող նախկին դպրոցի շենքը սեփականաշնորհվե՞լ է որեւէ մեկին, եւ եթե այո, ապա սեփականատերն ի՞նչ ներդրումային ծրագիր է նախատեսել եւ ե՞րբ: Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ», 26.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031