Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է արել «Ոսկե ծիրանը» հայ կինոյի ու Հայաստանի համար

Օգոստոս 27,2016 13:30

Հայկական առածն ասում է. «Պտղատու ծառին քար կգցեն»։ Սա ճիշտ եւ ճիշտ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասին է: Պատահական չէ, որ այս տարվա բացման ասուլիսին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շեշտեց, որ «Ոսկե ծիրանը»՝ որպես ձեռնարկ, անկախության ամենամեծ ձեռքբերումն է եւ Հայաստանի մշակութային բրենդն է դարձել:
Միջպետական պայմանագրերում էլ Հայաստանն ասոցացվում է «Ոսկե ծիրանի» հետ, եւ մշակութային փոխանակումների առաջին տողում հենց «Ոսկե ծիրանն» է, քանի որ այդ հարթակում է հայկական մշակույթը խաչվում միջազգայինի հետ:

Եթե նախկինում 1000-2000 մարդ էր նայում «Ոսկե ծիրանի» ֆիլմերը, ապա վերջին տարիներին միջինը՝ 40000-50000 հանդիսատես մեկ շաբաթվա ընթացքում: Իսկ առաջին մրցանակ ստացած ֆիլմերի եւ Փարաջանովյան թալերի արժանացած պատվավոր հյուրերի անուններն առավել քան խոսուն են: Այդքան համաշխարհային աստղ մասնակցել է երեւանյան փառատոնին:

«Ոսկե ծիրանում» երբեմն կատակում են՝ անվանի կինոգործիչների հրավերի մեջ մտնում է նաեւ փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի պարը նրանց հետ: Այս տարիների ընթացքում մրցանակ շահած ֆիլմերի ցանկը՝ սկսած Ատոմ Էգոյանի «Արարատից», վերջացրած Սակուրովի եւ մյուսների ֆիլմերով, պրոֆեսիոնալներին շատ բան են ասում: Չէ՞ որ դրանք դասականների ֆիլմերն են, նաեւ որոնցով է փառատոնը ծանրակշռություն եւ լրջություն ստանում:

Եթե ամբողջ հայկական կինոյի պատմության մեջ շուրջ 500 ֆիլմ կա, ապա դրանից «Ոսկե ծրանի» շրջանակում ցուցադրվել է շուրջ 300-ը, չհաշված այն, որ փառատոնն իր հաշվին սկսել է նաեւ վերականգնել հայկական ֆիլմերը:

2007 թվականից, երբ առաջին «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը արվեց, սկսվեցին տարածաշրջանային եւ հայկական նախագծերի արտադրության աջակցության համար դրամաշնորհներ տրամադրվել, փառատոնն ակումուլյացրել եւ բաժանել 61500 եվրո, 177 000 դոլար, այս թվում ներառված չեն թրենինգները, վարպետաց դասերը: Ընդ որում, նշված թվից 23000 եվրոն եւ 120 000 դոլարը միայն հայ ռեժիսորների նախագծերին են վերաբերում: Այս ամենը պետք է դիտարկել այն համատեքստում, թե ինչ է արել «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը հենց հայ կինոյի զարգացման համար:

Իհարկե, ամեն ինչ հնարավոր է դառնում Վիվա-Սել-ՄՏՍ-ի եւ մշակույթի նախարարության օժանդակության պայմաններում, եւ եթե ոմանք կարծում են, որ մշակույթի նախարարությունից է այդքան գումարը ստացվել, իրականում թյուրիմացության մեջ են, քանի որ սկսած 3-րդ փառատոնից, մոտ 50 մլն դրամի կարգի չափով է կառավարությունը գումար տրամադրել՝ ամբողջ տարվա համար:
«Առավոտը» մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարությունը տարեկան 3 մլրդ դրա՞մ է տրամադրում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, ինչպես վերջերս ոմանք շրջանառում են սոցցանցերում եւ արդյոք «Ոսկե ծիրանին» տրամադրվող գումարը ֆիլմարտադրության բյուջեի՞ց է:

Գերատեսչության լրատվականից «Առավոտին» գրավոր տեղեկացրին. «Յուրաքանչյուր տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում է 50 մլն 500 000 դրամ։ Այդ գումարը տրամադրվում է առանձին տողով, որը որեւէ կապ չունի ֆիլմարտադրության տողի հետ»:

Հավելենք նաեւ, միայն «Ոսկե ծիրանի» ժամանակ չէ, որ կինոյի վարպետները ժամանել են Հայաստան՝ վարպետության դասերի, դա եղել է ողջ տարվա ընթացքում, ընդ որում՝ նրանք դասեր են անցկացրել Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում, իսկ «Թումոյի» համար առանձին ծրագիր է արվում փառատոնի շրջանակում:

Մի խոսուն փաստ էլ՝ Euronews-ը մեկ րոպեանոց հաղորդումը պատրաստում է 60000 եվրոյով, մեկ տասնյակից ավելի հաղորդում է արել Հայաստանի մասին՝ հենց «Ոսկե ծիրանի» միջոցով: Հայաստանն էլ հիշատակվել է դրական համատեքստում, ոչ թե ցեղասպանության կամ երկրաշարժի: BBC-ն եւ այլ հզոր միջազգային լրատվականներ բազմիցս անդրադարձել են «Ոսկե ծիրանին»:

Հայ ռեժիսորների բազմաթիվ ֆիլմեր ոչ միայն դրամաշնորհներ են ստացել «Ոսկե ծիրանի» միջոցով, այլ հետագայում նաեւ մրցանակ՝ «Ոսկե ծիրանից», ու երբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հիշատակում է ֆիլմ նկարող երիտասարդության մասին, պետք է նկատել, որ այդ ռեժիսորները «եփվել» են «Ոսկե ծիրանի» կաթսայում ու աջակցվել բոլոր հնարավոր գործիքներով: Հայ ռեժիսորների շատ ֆիլմեր հենց «Ոսկե ծիրանի» խողովակներով են մասնակցել գործընկեր կինոփառատոներին:
Շուրջ 50-60 երկրում «Ոսկե ծիրանի» միջոցով ցուցադրվել է հայկական կինոն, համենայնդեպս, շուրջ 120 ֆիլմ ցուցադրվել է տարբեր երկրներում՝ սկսած Հոլանդիայից ու Արգենտինայից, վերջացրած՝ Ճապոնիայով:

Նորից շեշտենք, որ 2016թ. հուլիսի 10-17-ը կայացած «Ոսկե ծիրանը» նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Եվ այդ կապակցությամբ փառատոնում ընդգրկվել էր «Հայ կինո. նոր ժամանակներ» հատուկ կինոծրագիրը, որի մեջ ամփոփված էին Անկախության քառորդ դարի ընթացքում նկարահանված հայկական խաղարկային եւ ոչ խաղարկային ֆիլմերը: Այս տարի վարպետաց դասեր վարեցին Համաշխարհային կինոյի հետեւյալ հնչեղ անունները՝ Ֆրեդ Քելեմեն, Ժելիմիր Ժիլնիկ, Հոմայուն Էրշադի, Վիտալի Մանսկի, Անդրեյ Լոշակ:

«Ոսկե ծիրանի» մասին միշտ էլ ջերմ են արտահայտվել կինոյի պրոֆեսիոնալները: Ներկայացնենք մեկ-երկու պատառիկ: Օրինակ, Sight ans Sound ամսագրի խմբագիր, «Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի անդամ Նիք Ջեյմսը գրել է. «Իմ՝ Հայաստանում անցկացրած ժամանակն ուղղակի հրաշալի էր: Մեր մրցանակակիրներն ուշագրավ ֆիլմեր էին, եւ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա դրանք դիտելու: Հատկապես կլանիչ էին վավերագրությունները, որոնք հաճախ արցունք գալու չափ հուզում էին ինձ: Եվ, իհարկե, սոցիալական կողմը նույնպես հրաշք էր: Հրաշալի քաղաք է, հրաշալի երկիր, որի կինոն ուղղակի հաճախ դուրս նայելու կարիք ունի»:

Կինոքննադատ, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսաստանյան ակադեմիայի եւ «Սպիտակ փիղ» մրցանակի մասնագիտական խորհրդի անդամ Օլգա Շերվուդն էլ է BBC-ի հարթակից անդրադարձել «Ոսկե ծիրանին». «Հայաստանի մայրաքաղաքում կայացավ «Ոսկե ծիրան» երեւանյան 13-րդ միջազգային կինոփառատոնը: Այն միայն ֆիլմերի հանդես ու մրցանակների հանձնում չէ, տարբեր երկրների հայերի համար այն հայելի է, իսկ հենց Հայաստանի համար՝ աշխարհին իր պատմությունն ու մշակույթը ներկայացնելու միջոց: Ու եւս մեկ հենարան, որն օգնում է կանգուն մնալ աշխարհաքաղաքական փոթորիկների կիզակետում գտնվող այս փոքրիկ տարածության վրա: «Ոսկե ծիրանին» հետեւել եմ նրա ծննդյան օրվանից, եւ ավելի լավ կինոփառատոն չեմ տեսել…»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

26.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վահագ says:

    Նյութը շատ լավն էր, բայց 2 արտահայտություն կա, որ կեղծիքի շարքից է, չնայած դրանք Գոհարի հետ կապ չունեն: Առաջին արտահայտությունը Հասմիկ Պողոսյանինն է, որ ասել է, թե «Ոսկե ծիրանը»՝ որպես ձեռնարկ, անկախության ամենամեծ ձեռքբերումն է, իսկ երկրորդը՝ կինոքննադատ, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսաստանյան ակադեմիայի եւ «Սպիտակ փիղ» մրցանակի մասնագիտական խորհրդի անդամ Օլգա Շերվուդինը, որ ասել է, թե «Ոսկե ծիրանին» հետեւել եմ նրա ծննդյան օրվանից, եւ ավելի լավ կինոփառատոն չեմ տեսել…»:
    Երկուսն էլ կեղծավորության շարքից են…ԱՄԵՆԱմեծ եւ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ չեմ տեսել…դե ոնց հավատաս….

  2. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի Վահագն, ամեն դեպքում հաճելի է, որ օտարներն են դրական արտահայտվում մեր երկրում անցկացվող արդեն կայացած փառատոնի մասին, մնացածը թվերի եւ փաստերի լեզվով շարադրված է նյութում: Ճիշտն ասած, ես էլ որպես մշակութային թեմաներով երկար տարիներ գրող լրագրող, համարում եմ, որ Ոսկե ծիրանը իսկապես Անկախության մշակութային ձեռքբերումներից մեկն է:
    Հարգանքներս

  3. Մ.Գրիգորյան says:

    Հարգելի Գոհար Հակոբյան. մշակութային հոդված եք գրում ու օգտագործում եք «համաշխարհային ասող» արտահայտությունը: Որքան գիտեմ «ասողները» թաղային հեղինակություններն են, բանտերում հատուկ արտոնյալները և այլն: Ւհարկե, իմաստը հասկանում եմ, բայց դա ժարգոնային արտահայտություն է և չեմ կարծում, որ օրինակ Փելեշյանի մասին կարելի է ասել «ինքը ասող ա»:

  4. Մ.Գրիգորյան says:

    Ներողություն եմ խնդրում գրառմանս համար, տեխնիկական անսարքության պատճառով «աստղը» «ասող» էի կադացել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031