Քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀԿ-ն անդրադարձել է սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին հանրապետությունում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀԿ թեկնածուների մասնակցության հարցին: Այդ մասին, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ ԳՄ-ն հաստատել է Վանաձորի եւ Գյումրու ընտրություններում կուսակցական ցուցակները: Գյումրիում այն կգլխավորի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վանաձորում` Մամիկոն Ասլանյանը:
«ՀՀԿ-ն ունի մեկ խնդիր` ՏԻՄ եւ պառլամենտական ընտրությունների որակն այնպիսին դարձնել, որ ընտրություններից հետո հանրության մոտ անվստահության տարրեր չլինեն»,- ասում է բանախոսը:
Էդուարդ Շարմազանովը նաեւ ասաց, որ իշխող կուսակցության ղեկավար մարմինն անդրադարձել է ԱԺ գալիք նստաշրջանին վերաբերվող հարցերի: Աշնանային նստաշրջանում, հիշեցնենք, խորհրդարանը պետք է գլխավոր դատախազ ընտրի: ԱԺ փոխխոսնակը հավաստիացնում է, որ թեկնածուի հարցը դեռեւս հստակեցված չէ: ԱԺ-ն պետք է անդրադառնա նաեւ Ընտրական օրենսգրքին, պետք է Հարկային օրենսգիրք ընդունի:
Կարդացեք նաև
«ՀՀԿ-ն պատրաստվում է բուռն քաղաքական աշնանը»,- ասաց բանախոսը`հավելելով, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված դեռ քննարկումներ են ընթանում եւ չի բացառվում՝ որոշակի փոփոխություններ լինեն: Լրագրողների հստակեցնող հարցերին` հնչեց միեւնույն պատասխանը` դեռ քննարկումներ են գնում:
Իշխող կուսակցության ղեկավար մարմնի նիստում դրական են գնահատվել նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ եւ Բրազիլիա կատարած այցերը, հանդիպումների արդյունքները:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ՀՀԿ մամուլի խոսնակը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկայում «հաստատված օրով եւ ժամով հանդիպում նախատեսված չէ»:
Էդուարդ Շարմազանովը կրկնեց իշխող ՀՀԿ-ի դիրքորոշումը` մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ինչպես նախագահը ասաց Մոսկվայում, դրա համար անհրաժեշտ է, որ կիրառվեն 1994 թվականի զինադադարի պայմանները, Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականացվեն: Դրանք են` շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների ներդրում, ԵԱՀԿ գործող նախագահի աշխատակազմի եւ լիազորությունների ընդլայնում: Առանց այս պայմանների ապահովման, Հայաստանի իշխող քաղաքական ուժն անհնար է համարում բանակցությունների, այն էլ լայն թափով, վերսկսումը: ՀՀԿ-ում նաեւ շարունակում են պնդել, որ ԼՂՀ հարցի լուծման բանալին Ստեփանակերտում է:
Հարցեր հնչեցին նաեւ ՊՊԾ գնդի գրավման «Սասնա ծռերի» գործողությունների դրդապատճառների մասին: «Ինչ էլ լինի պատճառները` զենքով հարցեր լուծելն անընդունելի է: Եթե մենք զենքով հարց լուծելու որեւէ փորձ արդարացրեցինք, վաղը կկանգնենք արհավիրքի առաջ: Երկրում տասնյակ հազարավոր քաղաքացիներ կան, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դժգոհ են իշխանությունից, բայց սա չի նշանակում, որ պետք է զենք վերցնենք եւ որբ թողենք իր ծառայությունն իրականացնող ոստիկանի երեք երեխաներին»,- իր անձնական դիրքորոշումը բարձրաձայնեց ԱԺ փոխնախագահը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ