Այսօր Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաեւ «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նա նախ անդրադարձավ այսօր հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ Գայանե Գասպարյանը հորդորել էր ղարաբաղցիներին լքել Երեւանը, գնալ Ղարաբաղը պահել:
Պարոն Ենիգոմշյանի խոսքով, այսուհետեւ «Սասնա ծռեր» խմբի համակարգող խորհրդի կազմակերպած հավաքներին պատահական մարդիկ ելույթ չեն ունենալու: Ըստ նրա, ովքեր ցանկություն ունենան ելույթ ունենալ, պետք է հանրահավաքից մեկ օր առաջ համակարգող խորհրդին ներկայացնեն իրենց ելույթի թեման. «Մենք շաբաթական մեկ անգամ ենք կազմակերպում հավաքներ: Այն քաղաքացիները, որոնք ասելիք ունեն ու լսող, թող շաբաթվա մնացած օրերին կազմակերպեն հավաքներ, հավաքեն մարդկանց ու ելույթ ունենան»:
Նա նաեւ անդրադարձավ անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին ու հորդորեց դադարեցնել հացադուլը` միաժամանակ ասելով, որ գնահատում են նրա պայքարը, բայց. «Անիմաստ է ուժերը սպառել, երբ ուժերը հնարավոր է օգտագործել այլ բնագավառներում, խնդրում եմ, Անդրիաս՝ դադարեցրու հացադուլը»:
Կարդացեք նաև
Քաղաքացիները նաեւ երթով գնացին դատապարտյալների հիվանդանոց, որտեղ գտնվում են «Սասնա ծռերի» մի շարք անդամներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ