Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տեսակի շարունակությունը՝ կրթական համակարգի գլխավոր առաքելություն. Լ. Մկրտչյան

Օգոստոս 26,2016 22:21

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 26-ին Վանաձորում ներկա է գտնվել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի կրթության, երիտասարդության և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը ներկայացրել է 2015-2016 ուսումնական տարում մարզի կրթության ոլորտում իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզում գործել է 150 դպրոց՝ այդ թվում 80 միջնակարգ, 69 հիմնական դպրոց և 1 վարժարան: Մարզում սովորել են մոտ 26100 աշակերտ, դասավանդել 3539 ուսուցիչ:

Մեկ մանկավարժին բաժին է հասել 8,3 սովորող: Մարզի դպրոցներից առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել են 115 աշակերտներ, որոնցից 34-ը ստացել են պատվոգրեր, իսկ 20-ը՝ 1-3-րդ կարգի դիպլոմներ: Աշխատանքներ են տարվել պարտադիր ուսումնական գործընթացից սոցիալական պատճառներով դուրս մնացած երեխաների հետ, որի արդյունքում ուսումնական տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա կանոնավոր կերպով դպրոց են հաճախել: Նախորդ տարվա ընթացքում մարզում գործել է 2 հատուկ դպրոց, ներառական կրթություն իրականացվել է մարզի 16 դպրոցներում: Նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թիվը կազմել է 5386, ովքեր մարզի նախադպրոցական հաստատություններում ապահովել են մոտ 86 տոկոս ծանրաբեռնվածություն: Միաժամանակ մարզի 21 դպրոցներում գործել են նախակրթարաններ:

Խորհրդակցության ընթացքում ծավալուն ելույթով հանդես է եկել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ներկայացնելով կրթության համակարգում իրականացված փոփոխությունները, ընդգծել է, որ ակնկալում է մանկավարժների մասնագիտական գնահատականները կատարված քայլերի ու առկա խնդիրների վերաբերյալ. «Ես կարծում եմ, որ կրթության գլխավոր խնդիրը առաքելության գիտակցումն է. հայկական կրթական համակարգի գլխավոր առաքելությունը հայ տեսակի շարունակության ապահովումն է: Իբրև կրթության պատասխանատուներ՝ մենք պետք է այս կարևոր հարցը ինքներս մեզ համար հստակեցնենք՝ հիշելով, որ այս հարցադրման պատասխանը տվել է դեռևս մեր մեծ պատմիչ Խորենացին՝ արձանագրելով, որ մենք մի տեսակ ենք, որի գոյությունը արդարացված է:

Լինելով փոքր ժողովուրդ՝ մենք ստեղծել ենք արժեքներ, որոնք մեզ հպարտանալու և մեր տեսակը շարունակելու իրավունք են տալիս»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ տեսակի պահպանման գործում ընտանիքից հետո երկրորդ կարևոր պատասխանատվությունը ընկնում է ազգային դպրոցի վրա: Նախարարի համոզմամբ՝ չկան միջազգային կրթական համակարգեր, կան միջազգային չափանիշներով կառուցված ազգային կրթական համակարգեր, և ազգային դպրոցի խնդիրն է՝ ստեղծել միջազգային չափանիշներով մրցունակ ազգային կրթակարգ. «Մենք պետք է ունենանք Հայաստանի Հանրապետության ազգային կրթակարգ, որտեղ պետության առջև կանգնած խնդիրներից պետք է նախ բխեցվեն չափորոշիչները:

Մինչ այժմ չափորոշիչների ազդեցությունը շատ մեծ է եղել, և ծավալի ու բովանդակության անհամամասնության մեջ մենք կորցրել ենք բովանդակությունը: Օրինակ՝ վերջին տարիներին բնագիտական առարկաները լրջորեն նահանջել են, ինչը կատարվել է առարկայական պատերազմի հետևանքով: Ի վերջո, կրթության ծավալը անսահման չէ. մենք ունենք ընդամենը շաբաթական 30-34 դասաժամ և պիտի հասկանանք՝ այդ ծավալի մեջ որն է առավել առաջնահերթ կամ պարտադիր, որը կարող է թողնվել իբրև լրացուցիչ կրթություն»: Կրթական համակարգի մյուս կարևորը խնդիրը, ըստ նախարարի, մանկավարժի ու տնօրենի, ընդհանրապես կրթության կազմակերպմամբ զբաղվողի հանրային վարկանիշն է: Նախարար Մկրտչյանի խոսքով, հաշվի առնելով առկա դժգոհությունները, որոշակի քայլեր այդ ուղղությամբ արդեն կատարվել են, մասնավորապես փոփոխվել են տնօրենների հավաստագրման և ուսուցիչների ընտրության կարգերը: Ըստ այդմ՝ մեկ անգամ հավաստագիր ստացած տնօրենները երկրորդ անգամ հավաստագիր կստանան ոչ թե քննության, այլ վերապատրաստման արդյունքում:

Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխություն է կատարվելու գիտելիքների ստուգման գործընթացում. «Գոնե հիմնական դպրոցում բանավոր քննությունները պետք է անպայման վերականգնվեն: Չորրորդ և իններորդ դասարանում գրավոր կլինի միայն մաթեմատիկայի քննությունը, իսկ հայերենինը կլինի բանավոր և գրավոր, բայց շարադրության կամ փոխադրության տեսքով, հայտարարել է նախարարը և շարունակել,- սա ոչ թե վերադարձ է դեպի խորհրդային ժամանակները, այլ իրականում նորաձև և ժամանակակից մոտեցում է: Աշխարհի բոլոր առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, դիմորդներից պահանջվում է էսսե գրել, հիմնավորել իրենց մասնագիտության ընտրությունը: Սա ինքնանպատակ չէ, շատ կարևոր է հասկանալ սովորողի անհատականությունը և ստեղծագործական կարողությունը: Մենք պարտավոր ենք երեխային դպրոցում սովորեցնել միտք ձևակերպել: Եթե մենք դա չանենք դպրոցում, հավատացե՛ք՝ համալսարանում չենք կարողանալու այդ խնդիրը լուծել»:
Դահլիճում ներկա մանկավարժները ոգևորությամբ են ընդունել ԿԳ նախարարի առաջարկած փոփոխությունները:

Հանդիպման ընթացքում մանկավարժները նախարարին առաջարկված փոփոխությունների առնչությամբ մի շարք հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ավագ դպրոցներում, մասնավորապես 12-րդ դասարանում երկրորդ կիսամյակում երեք պարտադիր ուսումնական առարկա ընտրելու փոփոխությանը, ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրմանը, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայմանը և այլ խնդիրների: Բարձրացված հարցերից նախարարը առանձնացրել է հատկապես փոքր դպրոցների զարգացման հայեցակարգի մշակումը՝ նշելով երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ դասարաններ ունեցող դպրոցների խնդիրը կրթության ոլորտի տեսանկյունից շատ լուրջ է, լուծման հնարավոր ճանապարհներ գտնելը՝ բարդ:

Նախարարի խոսքով՝ հանրապետության 1430 դպրոցներից ավելի քան 800-ում աշակերտների թիվը չի գերազանցում 300-ը, ընդ որում դրանցից մեծ մասը ունի մինչև 100 աշակերտ. <<Սա շատ լուրջ խնդիր է, և մենք առաջիկայում պիտի գտնենք ճանապարհ փոքր դպրոցներում սովորող աշակերտի համար ապահովել հավասար պայմաններ»,- ընդգծել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ աշակերտների թվով ֆինանսավորման գործող մեխանիզմը վերանայման կարիք ունի:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ռազմագիտության դասավանդմանը, ռազմահայրենասիրական կրթությանը, դասագրքերի ընտրությանը, ներառական կրթությանը և այլ հարցերի:
Խորհրդակցությանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031