Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրիահայ փոքրիկներին մանկապարտեզ չեն ընդունում. (Տեսանյութ)

Օգոստոս 26,2016 18:40

Սիրիահայ Գեւորգների ընտանիքն արդեն 10 ամիս է՝ Հայաստանում է, բայց ոչ մի կերպ չի ինտեգրվում, բայց ոչ այն պատճառով, որ նոր միջավայրին չեն հարմարվում, այլ պարզապես դուրս են մնացել պետության ուշադրությունից: Այս ընտանիքը տարիներ առաջ Սիրիայից մեկնել էր Արաբական միացյալ էմիրություններ աշխատելու: Երբ նրանց օրինական կեցության ժամկետը լրացել է, կինը 5 երեխաների հետ եկել է Հայաստան, իսկ ամուսինը մեկնել է Գերմանիա:

Ընտանիքի մայրը՝ Արմիկ Յակոբն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ ուզում է մնալ, ապրել Հայաստանում, միայն թե աջակցություն լինի, ամուսնու՝ Գերմանիայում մնալն էլ հարցականի տակ է, ու եթե Հայաստանում իրենց ապրել ու աշխատելու համար պայմաններ ստեղծվեն, ընտանիքը կմիավորվի հայրենիքում:

Արմիկը չի աշխատում, հայերեն դժվարությամբ է խոսում, 5 անչափահաս երեխաներն էլ կամաց-կամաց սովորում են հայերեն: Ամեն երեկո, երբ զբոսնելու են գնում, փոքրիկները  հայ երեխաների հետ շփվելով, այսպես ասած՝ լեզուները բացում են, հայերեն են սովորում:

IMG_8175 siriahay

Այս ընտանիքն այնքան է զրկված Հայաստանի հանրապետության հոգածությունից, որ երեխաները նույնիսկ Հայաստանում կրթություն ստանալուց են զրկվում: Արմիկի երեք երեխաները՝ 9 -ամյա Զեփյուռը, 6-ամյա Սարգիսն ու 5-ամյա Դանիելն այս սեպտեմբերին դպրոց չէին կարողանալու հաճախել, եթե նրանց հետ շատ պատահական չծանոթանար SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության սոցիալական աշխատողը՝ Տաթեւիկը:

Գեւորգների ընտանիքը Հայաստանում որեւէ կարգավիճակ չունի, մի քանի դպրոցներ գրանցում չունենալու պատճառով հրաժարվում էին երեխաներին ընդունել, սակայն Տաթեւիկի աջակցությամբ ու միջամտությամբ փոքրիկների դպրոց հաճախելու հարցը լուծվել է, նրանք այս սեպտեմբերի 1-ին գնալու են հայկական դպրոց: Իսկ ահա 4-ամյա Աննային ու Մերիին մանկապարտեզ չեն ընդունում: Երեխաներին մանկապարտեզ ընդունելու խնդրանքով, ինչպես Արմիկն ասում, դիմել է Կենտրոն թաղապետարան, վարչական շրջանի պատասխանատուներին: Արմիկի պատելով՝ մի կաբինետից մյուսն ուղարկելուց, տանել-բերելուց հետո, մերժել են: Թաղապետարանում Արմիկին ասել են՝ այ, եթե փաստացի գրանցում ունենաք, կկարողանանք ձեր երեխաներին մանկապարտեզ ընդունել: Արմիկն էլ ասում է՝ վարձով են ապրում, ո՞ր տան տերը  կհամաձայնի մեծ ընտանիքին գրանցել:

Մանրամասները` տեսանյութում

Մեզ հետ զրույցում Արմիկը զարմանք է հայտնում, ասում է՝ ինչո՞ւ են ամեն ինչ բարդացնում,  միթե այդքան դժվար է երկու սիրիահայ փոքրիկներին, որոնք ուրիշ հայրենիք չունեն, գնալու ուրիշ տեղ չունեն, ընդունեն մանկապարտեզ, որպեսզի Աննան ու Մերին գոնե արժանավայել, ապահով մանկություն ունենան, խաղան, շփվեն հայ երեխաների հետ, հայերեն սովորեն:

Սոցիալական ինչպիսի ծանր պայմաններում է ապրում Գեւորգների ընտանիքը, ինչպես են հայթայթում օրվա հացն, ու բյուրոկրատական քաշքշուկների պատճառով ինչպես է երեխաների հորեղբայրը զրկվել աշխատանքից, կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nona says:

    Երբ բոլոր կաբինետներն ավարտվեն, կպահանջեն, որ սրանք թուղթ ներկայացնեն ԴԱԻՇ ից, որ իրենց տունը՝ Սիրիայում, իսկապես կիսաքանդ է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031