Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերի շրջանակում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղ, ուր ժամանակավորապես հանգրվանել են նաև թալիշցիներ: Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր: Հյուրերն այցելել են գյուղի դպրոց, որին տրամադրվել է գունավոր տպիչ, իսկ 1-5-րդ դասարանցիներին` դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ: Շենգավիթցիները եղել են նաև Մատաղիսում, հանդիպել գյուղապետ Զավեն Ավանեսյանի հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Գյուղի մանկապարտեզի ավարտական խմբի երեխաները նույնպես գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ են ստացել, իսկ կրտսեր խմբերի երեխաները` խաղալիքներ:
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն էլ այցելել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարան, հանդիպում ունեցել սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանի հետ: Դավթաշենցիները նույնպես գրենական պիտույքներով համալրված պայուսակներ են տարել, որոնք տրամադրվել են դպրոցահասակ երեխաներ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն