Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Խատիա Բունիաթիշվիլին Ժնեւում Կոմիտաս եւ Բաբաջանյան կկատարի

Օգոստոս 26,2016 15:30

Շվեյցարաբնակ օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը 2011-ին հիմնադրել է «Ավետիս» ասոցիացիան, որը Եվրոպայում տարածում է հայ մշակույթը եւ ներկայացնում հայ երաժիշտներին:

Aravot.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնեց, որ իրենց ասոցիացիայի հնգամյակի առիթով հրավիրել են վրացի ճանաչված դաշնակահար Խատիա Բունիաթիշվիլիին: Հոկտեմբերի 13-ին Ժնեւի հեղինակավոր «Վիկտորիա հոլլ» դահլիճում կկայանա Բունիաթիշվիլիի մենահամերգը , որտեղ նա բացի իր հիմնական ծրագրից, կկատարի Կոմիտաս եւ Բաբաջանյան:

«Կապվել ենք իր հետ, ուղարկել նոտաները, եւ Խատիան հաճույքով համաձայնել է: Առաջին անգամ է կատարելու այդ գործերը, եւ սա առաջին մենահամերգն է «Վիկտորիա հոլլում», որովհետեւ ինքը միշտ միայն նվագախմբի ընկերակցությամբ է հանդես գալիս»,- նշեց երգչուհին:

Նրանից տեղեկացանք, որ շարունակվում է «Վիվա» խորագրով իրենց համերգների շարքը, եւ հերթական համերգն էլ՝ «Վիվա օպերա», կկայանա դեկտեմբերի 3-ին, դարձյալ նույն դահլիճում:

«Ավետիս» ասոցիացիան «Վիկտորիա հոլլի» հետ պայմանագիր ունի՝ տարին 2-3 համերգ անցկացնելու: Ինչ վերաբերում է «Վիվա օպերա» խորագրով համերգին, այստեղ բացի Վարդուհի Խաչատրյանից, հանդես կգան նաեւ օպերային երգիչներ, տենոր Հովհաննես Այվազյանն ու բաս Բարսեղ Թումանյանը:

«Ամեն մի միջոցառման ժամանակ մենք անպայման կա՛մ հայ երաժիշտ ենք ներգրավում, կա՛մ հայ կոմպոզիտորներ, կա՛մ էլ հայկական պատմություն ենք ներկայացնում: Օրինակ, 2015թ. հոկտեմբերին կայացած «Վիվա Վիվալդի» համերգին ներկայացրել ենք Վիվալդիի հայկական թեմաներով գրված ստեղծագործությունները, հատվածներ՝ նրա «Տիգրան Մեծ» օպերայից: Փաստորեն, այդ համերգին եվրոպացի հանդիսատեսը ե՛ւ Վիվալդի վայելեց, ե՛ւ ծանոթացավ հայ ազգի պատմությանը, ծովից ծով Հայաստանին: Նույն համերգում հանդես եկան ջութակահար եւ թավջութակահար Շուշան եւ Աստղիկ Սիրանոսյանները, իսկ դրանից մեկ օր առաջ էլ նրանց հայրը՝ ֆրանսահայ դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանն էր հայկական թեմայով կոնֆերանս կազմակերպել: Եթե հիշում եք, նա գիրք էր գրել «Տիգրանի մետամորֆոզները» վերնագրով, որը ՄԻԴԵՄ միջազգային փառատոնում էլ ներկայացվեց»,-հավելեց Վարդուհի Խաչատրյանը:

Երգչուհին հայտնեց, որ «Ավետիս» ասոցիացիայի նախաձեռնած բոլոր համերգներին մասնակից է եղել իրենց փառատոնային «Ավետիս» նվագախումբը, որի երաժիշտների 30%-ը շվեյցարաբնակ հայ երաժիշտներն են: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է հանրաճանաչ ջութակահար եւ դիրիժոր Սերգեյ Օվստրովսկին, սակայն ամեն անգամ նվագախումբը ղեկավարելու համար հրավիրվում են տարբեր հայ դիրիժորներ, անցյալ անգամ, օրինակ, իսրայելաբնակ Վահագն Պապյանն էր, այս անգամ՝ Հարություն Արզումանյանը:

Շվեյցարաբնակ մեցցո սոպրանոն նաեւ տեղեկացրեց, որ խոշոր նախագծեր իրականացրել են՝ սկսած 2015-ից: Առաջինը Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստում էր, երբ շվեյցարաբնակ սոպրանո Ջուլիետ Գալստյանի հետ կատարեցին Պերգոլեզիի «Ստաբատ մատերը» եւ այլ ստեղծագործություններ:

Վարդուհի Խաչատրյանը հայտնեց, որ 2017-ին էլ հետաքրքիր նախագծեր ունեն՝ օպերային արվեստի ճանաչված անունների մասնակցությամբ, սակայն առայժմ «փակագծեր» չբացեց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031