Արդեն մի քանի տարի է, ինչ ծնելիությունը խթանելու նպատակով կառավարությունը 3-րդ եւ ավելի երեխա ունենալու դեպքում 1 միլիոն եւ ավելի գումար է հատկացնում: Թե այս նախաձեռնությունը որքանով է նպաստել ծնելիության աճին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պատասխանատուները չեն կարող ասել, հաշվարկներ չկան:
Այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսում ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ այդ հարցին ռեալ պատասխան տալու համար անհրաժեշտ է շատ ավելի խորքային, բազմաշերտ վերլուծություն, որն այս պահին առկա չէ:
Ի դեպ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարն ամբողջությամբ չի տրվում ծնողներին եւ միայն մի մասը ծնողները կարող են կանխիկ ստանալ, գումարի մնացած մասից սակայն կարող են օգտվել, եթե սահմանամերձ եւ բարձր լեռնային գոտիներում ցանկանան անշարժ գույք ձեռք բերել: Սմբատ Սաիյանն ասաց, որ 11 ընտանիք արդեն օգտվել է այս հնարավորությունից:
Այն հարցին էլ, թե կան մայրեր, որոնք չեն իմացել այդ գումարների մասին եւ այդպես էլ կորցրել են դրանք, քանի որ սահմանված ժամկետում փաստաթղթերը չեն ներկայացրել, պարոն Սաիյանն ասաց, որ բնակչության իրազեկման խնդիրը պետք է կարողանանք համատեղ ուժերով լուծել:
Սմբատ Սաիյանի խոսքերով, 2016 թվականից չաշխատող մայրերը եւս նպաստ են ստանում: Aravot..am-ի հարցին, թե այս որոշման հետեւանքով բյուջեից որքա՞ն գումար է հատկացվում, պարոն Սաիյանն ասաց` մոտ 4 միլիարդ:
Կարդացեք նաև
Ասուլիսի մեկ այլ մասնակից, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանն ասաց, որ 5 տարվա ընթացքում խնայել են 49 միլիարդ դրամ, որը վերադարձրել են պետբյուջե եւ որի միջոցով էլ հնարավոր է եղել աստիճանաբար բարձրացնել թոշակները:
Իսկ խնայել են շնորհիվ նոր համակարգի ներդրման, ըստ որի՝ բոլոր կատարված գործողությունները հաշվարկվում են, որտեղից երևում է՝ ով է կատարել, ինչ որակով է արվել եւ այլն: Պարոն Աբրահամյանի տվյալներով, հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված 550 հազար աշխատող կա, մինչդեռ կենսաթոշակառու է 465 հազար 550-ը, որից տարիքային 307 հազար 449-ը, հաշմանդամություն ունեցող անձինք էլ 129 հազար 204-ն են:
Դիտարկելով աշխատողների եւ կենսաթոշակառուների համամասնությունը, Արմեն Աբրահամյանն ասաց, որ նորմալ կհամարվեր, եթե երեք աշխատողին մեկ թոշակառու բաժին ընկներ: Մինչդեռ ներկայիս իրավիճակում 1,2-ն է մեկ թոշակառու պահում:
Սմբատ Սաիյանը կարեւոր փոփոխություն համարեց այն, որ նպաստի համար անձամբ դիմելու պահանջը հանվել է, եւ շահառուն կարող է փաստաթղթերը ներկայացնել նաեւ այլ անձի միջոցով:
Մեկ այլ փոփոխությամբ էլ, ներդրվել է նպաստների վճարման նոր ընթացակարգ, համաձայն որի, քաղաքացին տարածքային բաժին այցելելով, կարող է ընտրել նաեւ բանկը եւ գումարը կփոխանցվի բանկին:
Ապրիլյան դեպքերի հետ կապված էլ կառավարությունը որոշել է կամավորների իրավունքները հավասարեցնել զինծառայողների իրավունքներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ