Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԳ ֆորումի փաստահավաք խումբը մեկ շաբաթից կհրապարակի եզրակացությունը ՊՊԾ գնդի գրավման եւ դրան հետեւած իրադարձությունների մասին

Օգոստոս 26,2016 12:39

Այն ընթացքում, երբ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ Դավիթ Սանասարյանը դեռ ազատազրկված էին, «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ աշնանը հանրապետությունում կայանալիք ՏԻՄ ընտրություններին չի կարող մասնակցել: Այժմ նշյալ անձինք արդեն ազատ են արձակվել`գրավի դիմաց: Այսօր «Նոյյան Տապանում» հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողները Դավիթ Սանասարյանից եւ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեցին`հնարավո՞ր է «Ժառանգությունում» վերանայեն ՏԻՄ-երին իրենց մասնակցությունը: Դավիթ Սանասարյանն ասաց, որ երեկոյան վարչության նիստ է լինելու, այդ հարցով որոշում կկայացվի:

Ավելի վաղ հայտարարություն էր հնչել նաեւ այդ ընտրություններում ընդդիմադիր որեւէ ուժի սատարելու մասին: Aravot.am-ի հստակեցնող հարցին`ավելի հավանակա՞ն է այդ տարբերակը, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ երեկոյան նիստում որոշում կկայացվի:

Հովսեփ Խուրշուդյանն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ Արեւելյան գործընկերության ֆորումը ՊՊԾ գնդի գրավման եւ դրան հետեւած իրադարձությունների ուսումնասիրության համար փաստահավաք խումբ է ուղարկել Հայաստան: Մեկ շաբաթից կհրապարակվի նրանց եզրակացությունը: Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով, իր մեկամսյա կալանքի փաստն ավելի մեծ վնաս հասցրեց իշխանությանը եւ Հայաստանին, քանզի միջազգային այն կառույցները, որոնց հետ ինքը համագործակցությունների մեջ է, առավել շահագրգիռ են հետեւել հայաստանյան գործընթացներին:

Բանախոսները ողջունում են առաջիկայում հնարավոր համաներման փաստը, բայց այն կարծիքին են, որ ՊՊԾ գնդի գրավման արդյունքում զարգացած հետագա քաղաքական գործընթացների առիթով ձերբակալվածների գործերը պետք է կարճվեն` հանցակազմի բացակայության պատճառով. «Ոչ ոք չի սպասում Սերժ Սարգսյանի շնորհին»:

Թե Հովսեփ Խուրշուդյանը, թե Դավիթ Սանասարյանն ասացին, որ կալանավայրերում իրենց նկատմամբ վերաբերմունքից դժգոհ չեն: Նրանք նաեւ կոչ են անում դեռ կալանավայրում գտնվող Անդրիաս Ղուկասյանին հացադուլը դադարեցնել. դա արդեն վտանգավոր է դառնում:

Բանախոսները նաեւ վստահ են`«Սասնա ծռերն» իրենց գործողություններով կասեցրեցին հողերի վերադարձի հարցը: Դավիթ Սանասարյանը նույնիսկ տեղեկություններ ունի Ղարաբաղից. «Կուլիսներում «Սասնա ծռերի» կենացն էին խմում, նրանք կասեցրեցին հողերի հանձնելու գործընթացը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031