Լրահոս
Օրվա լրահոսը

Հետծռային իրավիճակը Հայաստանում. «Ազգ»

Օգոստոս 26,2016 12:24

Ձեւ անել, թե հուլիսյան դեպքերը ոչինչ չեն փոխել երկրի կյանքում` առնվազն իրատեսական չէ: Անձամբ ես ամեն տեսակ հեղափոխություններից կուշտ եմ եւ առարկայորեն տեսել եմ, թե ինչպես են սրիկաները խժռում հեղափոխականների ջանքերի արդյունքը. հայտնի է` հեղափոխություն անում են ռոմանտիկները ու ֆանատիկները, իսկ դրա արդյունքից` պտուղներից օգտվում են սրիկաները: Առավել եւս` զինված գրավումները համարում եմ անընդունելի, անթույլատրելիության աստիճանով հավասար նրան, ինչ անում են կոռումպացված կամ թանկ փողն ամենաէժան ձեւով օֆշորները կրած պաշտոնյաները երկրի հետ: Ասելս այն է, որ ես չեմ հավատում երկիրը երկիր դարձնելու ուժային եղանակներին, որտեղ չկան հստակ ծրագրեր, քայլերի հաջորդականություն, քաոսից եւ ցնցումներից երկիրը զերծ պահելու մեխանիզմներ եւ հստակ դերաբաշխումներ, այլընտրանք առաջարկող մանրամասն մշակված հետագա հեռանկար: Մեր նման փոքր եւ բազմաթիվ թշնամիներ ունեցող երկրի համար Բաստիլի գրավումը հղի է երկրի անվտանգության համար չափազանց լուրջ սպառնալիքներով, ինչը հենց ՊՊԾ գրավածները հասկացան ու ինչ-որ պահի կանգ առան: Իսկ երբ ասվում է «ազգային համաձայնության կառավարություն», որն անշուշտ հնչողությամբ գեղեցիկ է, սակայն անմիջապես էլ մտապատկեր է բերում այն խաբեությունը, երբ հրապարակներում բորբոքված հասարակությանը մեկը բեմից յուրայինների անուններ է առաջարկում, իսկ ամբոխը գոռում է` այոոոոո~, առանց հետեւանքների մասին մտածելու, կամ կոնկրետ այդ անունների համար պատասխանատվություն ստանձնելու: Ասելս այն է, որ եթե մի հանրություն չի հասունանում այն աստիճան, որ կարողանա իրական ընդդիմություն ձեւավորել, ընտրություններին իրական համախմբմամբ եւ առանց վաճառվելու երկրում ինչ-որ բան փոխելու հաստատակամություն դրսեւորել, որտեղ ընտրական հանձնաժողովների` ընդդիմությանը ներկայացնող անդամները մտածում են սակարկությամբ ավելի մեծ գումար պոկելու մասին միայն, որով իրենք աչք են փակելու կեղծումների հանդեպ, ապա ռոմանտիկների մի խումբ, որը վերեւում թվարկված քայլերը չունի, չի կարող իրականում վիճակ փոխել, եթե չասենք, որ միգուցե այլ մարտահրավերների առաջ կկանգնեցնի երկիրը:

Հուլիսի17-31-ը տեղի ունեցածը Հայաստանում, այնուամենայնիվ, իր անդարձ հետքը թողեց շատուշատ առումներով:

Ամբողջ խնդիրն այն է, որ բոլոր այն հարցերը, որոնք բարձրացնում էին հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները` Արցախի հարցում տարածքների զիջման անթույլատրելիության ու երկրում տիրող բարքերի վերաբերյալ, չեն անհետանա, եթե ասենք հասարակությունը նրանց սիրելու փոխարեն` փնովի, իշխանությունն էլ դատի, ազատազրկի եւ առհասարակ առաջնորդվի նրանց հանդեպ ակն ընդ ականով, ինչպես որ մինչեւ հիմա առաջնորդվել է անցանկալի ընդդիմադիրներին լռեցնելիս:

Ու հնարավոր է` կգտնվեն այլ մարդիկ, որոնք, թքած ունենալով սեփական կյանքի վրա, էլի կդիմեն այդ անընդունելի եւ ոչ մի տեղ չտանող մեթոդին, երբ հուսահատվեն այն բանից, որ մեր երկրում հարցերը շարունակեն մնալ չլուծված, պատերազմի վտանգով մարդկանց լռեցնողներն էլ շարունակեն սեփական գրպաններն անարգել լցնել:

Որովհետեւ նայեք, մի պահ թվում է` ինչ որ-բան փոխվել է, մեր պաշտոնյաները եզրակացություններ են արել ու դաս են քաղել տեղի ունեցածից: Բայց հենց սեփական թաղերում եթե մի հայացք գցեք` տեղական իշխանության հետ սերտաճած կրիմինալն էլի տեր ու տիրական է, շարունակում է նույն թափով, միգուցե` ավելի մեծ թափով, վերջին անգամի նման (քանի որ «Սասնա ծռերի» արածն, այնուամենայնիվ, աչք է վախեցրել, որ մի օր կարող են զրկվել ունեցածից), շարունակում են ընդլայնել խանութներ, նոր ու շքեղ տներ կառուցել, ընդհանուր աղքատության ֆոնին` անհասկանալի ցոփ բարքերով ապրել: Զանազան փող ապահովող գործերը իշխող մեծամասնության ներկայացուցիչները շարունակում են գցել իրենց տատի մորեղբոր թոռներին կամ խնամու բաջանաղ-քենիներին, ու ոչ մի պատահական մարդու շանս չի տրվում համարյա: Մի քիչ մտածող մարդիկ առաջվա նման էլի մոդայիկ չեն` մտածելը չէ՞ որ արդարության զգացում կարող է ծնել, անարդարություն մատնացույց անել:

Մտածողների ինչ-որ մաս կամա-ակամա խառնվել էր վերջին իրադարձություններին, առանց խորանալու «չուժոյ պախմելի» շարժառիթներում ու նպատակներում, ու այժմ զանազան դատաոստիկանական քաշքշուկների մեջ է հայտնվել, հատկապես այդ օրերին ակտիվացած մի քանի ընդդիմադիրների հանդեպ իշխանությունը կարծես վրեժխնդրության գործելակերպն է որդեգրել` խափանման միջոց կալանքի միջոցով տարբեր ժամկետներով հասարակությունից մեկուսացնելու միջոցով փորձելով վախեցնել: Իսկ այն հարցերը, որոնց լուծման մասին բազմաթիվ անգամ խոսել է նաեւ երկրի նախագահը, եւ որոնք առաջ էին քաշում նաեւ «Սասնա ծռերը», դրանք այդպես էլ մնացել ու մնում են անլուծելի: Դրանք տարիներով չեն լուծվում, դրանց վերաբերյալ հայտարարություններ անող պաշտոնյաները միայն խաբս են տալիս, ու մենք այժմ ունենք մի պետություն, որը խճճվել է աշխարհաքաղաքական ինտրիգներում, հետն էլ այնքան կողոպտվել անբարեխիղճ պաշտոնյաներից, այնքան խնդրախեղդ եղել բազմաթիվ ոլորտներում ոչ կոմպետենտ կառավարողների փորձարարություններից, այնքան շուլալվել օրենքները շրջանցողներով, որ «Սասնա ծռերի»` բոլոր առումներով թվում է անընդունելի գործելակերպին միացան դժգոհների բազմաթիվ շերտեր, իսկ հանրային համակրանքի պակաս նրանք չունեցան: Անգամ էպոսի ժանրով նրանց շուրջ պատումներ են ստեղծվում (ասենք` հաց բերող Արթուրի մասին երգը եւ այլն):

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031