Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղը բանակցությունների պտտահողմում. «Ազգ»

Օգոստոս 26,2016 12:15

Խորհրդային Միության փլուզումը չկարգավորված թողեց տարածքային բազմաթիվ հարցեր, որոնք սովորաբար դասակարգվում են որպես «սառած հակամարտություններ»: Լեռնային Ղարաբաղը այդ «սառած հակամարտություններից» մեկն էր, որն այսօր ապասառեցվել է եւ նույնիսկ դարձել տարածաշրջանի ամենաթեժ կետերից մեկը:

Ղարաբաղն այժմ հայտնվել է մի կատաղի պտտահողմում, որն առաջացել է կովկասյան տարածաշրջանում վերջերս ստեղծված ուժերի վերադասավորության հետեւանքում:

Քաղաքական մի նոր հարթակ, կամ առանցք է կազմավորվում միավորելով Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային եւ Ադրբեջանին: Հայաստանը դուրս է թողնվում, վիշտ չպատճառելով որեւէ մեկին, բայց ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ գլխավոր խոչընդոտներից մեկն այդ նոր հարթակի ամբողջական ու վերջնական կազմավորման գործընթացում:

Կրեմլի միջնորդությամբ 1994 թվին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հրադադարից ի վեր ղարաբաղյան հակամարտությունը մշտական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ-ի օրակարգում: Որոշ ժամանակ Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին, բայց Ադրբեջանի առարկությունների հետեւանքով դուրս մղվեց եւ հայկական կողմը քննարկման նյութ չդարձրեց այդ հանգամանքը չխաթարելու համար բանակցությունների գործընթացը: Բայց ներկայիս սերտ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ Հայաստանն ինքն է դուրս մղվում գործընթացից:

Սանկտ Պետերբուրգում նախագահ Պուտինի հետ վերջերս կայացած հանդիպումից հետո նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը թուրքական «Aksam» պարբերականին տված իր հարցազրույցում մասնավորապես նշեց, որ առաջընթաց կա ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում: «Եթե հայկական ուժերի կողմից գրավյալ հինգ տարածքները ազատագրվեն, մենք կարող ենք խոսել տարածաշրջանի կարգավորման գործընթացի մասին: …Ամբողջ աշխարհն է տեղյակ, որ Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքները: …Եթե բոլոր կողմերը ընդունեն այս փաստը, ապա կարելի կլինի վերջ դնել դրան (այդ օկուպացմանը)», ասաց նա:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն էլ իր հերթին նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկեն Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Նա դիտավորյալ չնշեց Հայաստանը եւ Ղարաբաղը, որպեսզի անուղղակիորեն հասկացնի, որ ինչ որոշում էլ կայացնեն այդ պետությունները, ընդունելի պետք է լինի վերջիններիս (Հայաստանի եւ Ղարաբաղի) համար:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031