Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության «նվերը» Աշոտ Կարապետյանին եւ Լեւոն Երանոսյանի եղբորը (Տեսանյութ)

Օգոստոս 26,2016 12:09

ՊՊԾ գնդի գրավմամբ եւ հետագա գործողությունների արդյունքում, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ Հայաստանում լյուստրացիա տեղի ունեցավ: Այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում խոսելով «Սասնա ծռերի» գործողությունների եւ դրանց արդյունքում զարգացած իրադարձությունների մասին, օրերս գրավի դիմաց ազատ արձակված Դավիթ Սանասարյանն ասաց. «Քաղաքական ուժերի մի մասը չգիտես որտեղ էին, քաղաքացիները ոստիկանների հետ հրապարակում էին, «Սասնա ծռերը» նոր իրավիճակ ստեղծեցին Հայաստանում: Իշխանությունները կորած էին, երկրի նախագահ կոչվող անձը լռեց, մինչդեռ անգամ մեր հարեւան Թուրքիայում ասում էին՝ դուրս եկեք փողոց, մենք ծանր վիճակում ենք: Դուրս եկան ու կանխեցին: Իսկ այստեղ հակառակն էր լինելու, մարդիկ դուրս գային փողոց`իրենք կործանվելու էին»:

Դավիթ Սանասարյանը հեգնում է իրենց առաջադրված մեղադրանքը`զանգվածային անկարգություններ կազմակերպել. «Մեր ծնողներն այնտեղ, մենք գնացել էինք զանգվածային անկարգությունների՞: Բոլորն էլ տեսան, թե ովքեր էին զանգվածային անկարգությունների կազմակերպիչները`ոստիկանապետի, տարբեր օլիգարխների ու քրեական հեղինակությունների թիկնապահներն ու հարազատները»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Ընդամենը երկու օր առաջ դարձյալ գրավի դիմաց ագատ արձակված «Ժառանգություն» կուսակցության հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանն էլ համոզմունք հայտնեց, որ այդ անկարգությունները ոստիկանների կողմից կազմակերպված էին: Ըստ նրա, ամսի 17-ն, երբ գրավվեց ՊՊԾ գունդը, անելանելի իրավիճակ էր`կային ինքնազոհողության ակտ կատարող մարդիկ եւ նրանց շրջապատած ոստիկանները: Այդ պարագայում, նրա կարծիքով, ժողովուրդն ու քաղաքական ուժերը պետք է կանխեին արյունահեղությունը, որպեսզի իշխանությունը չգնար ծայրահեղ միջոցներով հարցը կարգավորելուն: «Ցավոք, զոհեր եղան, բայց դա «Սասնա ծռերի» պլաններում չկար, նրանք արդեն բացատրել են: Ժողովուրդը պետք է ոտքի կանգներ եւ ցույց տար, որ ինքն է տերն իշխանության, ինքն է որոշելու հետագա գործընթացները, քաղաքական ուժերը ժողովրդին պետք է բերեին հրապարակ»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Բանախոսներն ոստիկանների կատարած գործողություններին համարժեք չեն համարում հետեւած կադրային փոփոխությունները: Հիշեցնենք Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ լրագրողների վրա նռնակ նետող Լեւոն Երանոսյանի եղբայրը ազատվեցին զբաղեցրած պաշտոններից: «Նրանք ոչ թե պետք է աշխատանքից ազատվեին, ավելի ճիշտ՝ ռեզերվ ուղարկվեցին, այլ պետք է կանգնեին դատարանների առջեւ: Սա իրենց ուղղակի նվեր էր»,- ասաց Դավիթ Սանասարյանը`չբացառելով, որ Ներսիկ Նազարյանի նման, նրանք ևս որոշ ժամանակ անց կարող են այլ պաշտոնների նշանակվել:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`հետագայում տեղի ունեցած ակցիաների եւ բողոքների անկազմակերպվածության մասին, ինչի արդյունքում մարդիկ դադարեցին այլեւս հրապարակ դուրս գալ, Դավիթ Սանասարյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր ցույցեր եւ ակցիաներ էին կազմակերպում, նրանց ուղղակի մեկուսացրեցին`կալանավորեցին. «Դա նշանակում է, որ իշխանությունը վախեցած է ու եթե երկրում կան քաղբանտարկյալներ, ժողովրդավարական ատրիբուտների մասին խոսելն անիմաստ է: Իրենք կարծում են այդ պահի համար խնդիր լուծեցին, բայց դա մեծ հակազդեցություն է բերելու: Հայաստանում ճահճացած իրավիճակ է եւ մենք Հայաստանը դուրս ենք բերելու այդ ճահճից»:

Հիմա ազատության մեջ եք, ի՞նչ է լինելու`հարցին էլ այսպիսի պատասխան հնչեց. «Այսօր հանրահավաք կա, կոչ ենք անում քաղաքացիներին լինել այնտեղ եւ մենք կխոսենք մեր առաջիկա անելիքներից: Քաղաքական ուժերը լուծումներ կներկայացնեն եւ քաղաքացիները նորից կլինեն հրապարակում»:

Այսօր երեկոյան, ի դեպ, Դավիթ Սանասարյանն ասաց, որ հավանաբար քաղաքական ծրագիրը կհրապարակվի: Վերջին ցույցի ժամանակ, Ալեք Ենիգոմշյանը խոստացել էր, որ հաջորդ հանրահավաքում ծրագիրը կհրապարակվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031