Լրահոս
Օրվա լրահոսը

Փախչում ենք անորոշությունի՞ց։ Անարդարությունի՞ց. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 26,2016 11:10

Ինչո՞ւ են Դամասկոսի, Հալեպի, Քեսաբի հայերը ցանկանում վերադառնալ իրենց ծննդավայր, իսկ Հայաստանից մարդիկ փախչում են։ Ընդ որում՝ բառիս բուն իմաստով։ Այն դեպքում, երբ Հայաստանում խաղաղ վիճակ է, փողոցներն ականապատված չեն, եկեղեցիների գմբեթներից խաչերը հանված չեն, ոչ մեկին չեն գլխատում միայն այն «պատճառով», որ քրիստոնյա է։

Բոլոր բացատրությունները, հիմնավորումները հասկանալի կլինեն, բացի մեկից՝ հայրենասիրությունից։ Հայրենասիրությունը զգացմունքայնություն է. օրինակ, երբ ազգային հավաքականի խաղերին մեր ֆուտբոլիստները գոլ են խփում, դու, զգացմունքների առատությունից, կարող ես փաթաթվել հարեւանիդ՝ առանց մտածելու, որ գուցե նա վերջացած սրիկա է, չի սիրում ծնողներին, դավաճանում է կնոջը, լքել է երեխաներին։ Այդ պահին քեզ ամենեւին չի հետաքրքրում նրա անցյալը՝ որպիսին էլ այն լինի։ Նա եւս ամենեւին հետաքրքրված չէ քո անցյալով։ Այդ պահին երկուսդ էլ սիրում եք հայրենիքը ու այն ամենն, ինչ կապված է նրա հետ։

Սակայն նույնն է նաեւ հակառակ պարագայում, բավական է ֆուտբոլային թիմը պարտվի, լարվածության մեծ կոնցենտրացիայից կարող ես այդ պահին հարեւանությամբ գտնվող մարդու ամենաանմեղ հայացքը կամ խոսքն ընկալել իբրեւ մահացու վիրավորանք։

Մեր հայրենակիցների կապվածությունն իրենց տանը, հողին, մասնավորապես՝ Սիրիայում, ստիպում է երկար մտածել ու փորձել հասկանալ այդ կապվածության արմատները։ Եվ նաեւ՝ Հայաստանից փախչելու մոտիվները։ Փախչում ենք անորոշությունի՞ց։ Անարդարությունի՞ց։ Բայց Սիրիայի համար կա՞ ավելի հավանական ապագա, քան անորոշը։ Եվ արդարություն հնարավո՞ր է ակնկալել պատերազմող երկրում, ուր կյանքի համար պայքարն ամեն օր ու ժամ է։

Չգիտեմ՝ ով ինչպես կմեկնաբանի այս ֆենոմենը։ Կարծում եմ, այս դեպքում պատասխաններից մեկն էլ այն է, որ Սիրիան պետություն է։ Իր երկրի քաղաքացիների համար Սիրիան պետություն է՝ անգամ պատերազմելիս, անգամ թշնամիներով շրջապատված։ Սիրիայում մարդիկ անգամ սարսափելի, պատերազմական միջավայրում հավատում են վաղվա օրվա։

Խոշոր իմաստով, մարդը անգամ առանց ծնողների՝ կարողանում է շարունակել ապրել։ Առանց պետության ապրելը բարդ, ճնշող զգացողություն է։ Մարդիկ Հայաստանից հեռանում են այլ պետություններ, քանի որ սեփական պետության ներկայությունը զգում են բացառապես իրենց գրպաններում։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031