Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադրված պատերազմում հաղթած պետությունն այլ ճանապարհ չունի

Օգոստոս 26,2016 13:00

Սկիզբը

Ապրիլյան պատերազմը սանձազերծողներն ու «դաբրո» տվողները` իրենց լարած ծուղակում

Դեռ անցյալ ամիս տեղեկություններ կային, թե օգոստոսին հնարավոր է ղարաբաղյան բանակցային եւս մեկ ռաունդ կազմակերպվի` կրկին Ռուսաստանի նախագահի հովանու ներքո: Այդ մասին նույնիսկ հայտարարել էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը` հուլիսի վերջերին: Ներկայում քննարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ այս տարվա օգոստոսին Ղարաբաղի հարցով ծրագրվող հանդիպումը, Հայաստանում Ամերիկյան համալսարանում նշեց ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Սակայն նա հավելեց, որ նախագահների հանդիպման հստակ օրն ու վայրը դեռեւս որոշված չեն. «Քննարկումները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների եւ երկու երկրների կառավարությունների միջեւ՝ օգոստոսին հանդիպման օրը հստակեցնելու համար»:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Առլեմ Դեզիրի հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պիեռ Անդրիոն: Այնուհետեւ, հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը
Այսօր արդեն, կարծես, օգոստոսյան հանդիպման կազմակերպման մասին չի խոսվում: Եթե այն պետք է կրկին անցկացվեր Պուտինի միջնորդությամբ, ապա, հավանաբար, Ռուսաստանի նախագահը կցանկանար որոշակի արդյունքներ արձանագրել: Սակայն ակնհայտ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գոնե հայկական կողմից զիջումներ ակնկալելը տրամաբանական չէ, եւ այս առումով, ապրիլյան պատերազմը սանձազերծողներն ու «դաբրո» տվողներն ինչ-որ առումով ընկան իրենց լարած ծուղակը, քանի որ նպաստեցին բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշման էլ ավելի կարծրացմանը:

Երեւանն արգելափակում է Մոսկվայի միջնորդությունը

Այսօր պաշտոնական Երեւանը փոխզիջումների մասին հիշատակելը հավասարեցնում է պարտվողականության հետ: Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց հետեւյալը. «Ես կարծում եմ, որ փոխզիջումների, նմանատիպ հարցերի շուրջ խոսելը պարտվողականություն է, որովհետեւ առ այսօր ես Բաքվից չեմ լսել որեւէ հայտարարություն զիջման մասին: Երբ որ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում, ինքնին նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելը, կարծում եմ, կոռեկտ չէ, առնվազն կոռեկտ չէ»: Շ.Քոչարյանը նաեւ նկատեց. «Այլ բան է, որ բանակցային գործընթացի մասին խոսելիս հայկական կողմերն ասում են, որ հա, փոխզիջումների պատրաստ ենք, ընդհանուր: Բայց քանի որեւէ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից, ավելին՝ քանի դեռ այնտեղից ավելի են կոշտանում դիրքերը, ապա հայկական կողմերին խոսել ինչ-որ զիջումների մասին, ինձ թվում է, անիմաստ է»։ Ըստ Քոչարյանի` բանակցային գործընթացը ենթադրում է առաջ շարժվելու համար պատրաստակամություն՝ գնալ փոխզիջումների. «Քանի կողմերից մեկը երբեւիցե չի հայտարարել՝ ինչ զիջումների է պատրաստ, ապա կոնկրետացնել, խոսել հայկական կողմի զիջումների մասին, դա ուղղակի տակտիկական, ստրատեգիական կոպիտ սխալ է»։ Նա նաեւ հավելել էր, որ Հայաստանն իրավասու չէ խոսել Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության մասին. «Ինձ համար կամ Հայաստանի որեւէ պաշտոնյայի համար չկա փոխզիջում կամ զիջում հասկացություն, որովհետեւ այն հարցերը, որոնք վերաբերում են կարգավորմանը, հիմնականում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասությունների մեջ են։ Այսինքն, Հայաստանի որեւէ պաշտոնյա նույնիսկ իրավունք չունի դրա մասին խոսել։ Այլ բան, որ այսօր ստեղծված իրավիճակում քանի դեռ ԼՂՀ-ն լիարժեք չի մասնակցում բանակցային գործընթացին, չընդհատելու համար այդ գործընթացը՝ Հայաստանը մասնակցում է, բայց Հայաստանը իրավասու չէ խոսել Լեռնային Ղարաբաղի փոխարեն թե՛ նրա կարգավիճակի մասին, թե՛ նրա տարածքային ամբողջականության մասին»։ Շ.Քոչարյանը եւս շեշտել էր, որ ե՛ւ Վիեննայում, ե՛ւ Սանկտ Պետերբուրգում ԼՂ կարգավորման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, այլ խոսվել է հրադադարի ռեժիմի ամրապնդումից:

Ինչպես նկատում ենք, պաշտոնական Երեւանը բավական կոշտ է դարձել իր ձեւակերպումներում, անգամ ընդգծում են, որ Հայաստանի որեւէ պաշտոնյա իրավունք չունի խոսել կարգավորումից, քանի որ ԼՂՀ իրավասության ներքո, հետեւաբար, հնարավոր փոխզիջումները նույնպես Արցախի որոշելիքն է, եւ որ փոխզիջումների մասին խոսելը պարտվողականություն է:

Փաստացի, պաշտոնական Երեւանը փորձում է հայկական կողմից զիջումների ակնկալիքները հօդս ցնդեցնել, դրա փոխարեն կենտրոնանալ համանախագահների առաջարկած սահմանային միջադեպերի հետաքննության առաջարկների վրա: Փաստացի, պաշտոնական Երեւանը ուղղակի արգելափակում է Մոսկվայի միջնորդությունը, ավելի ճիշտ` «Լավրովի պլանը», երբ ընդգծում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, թեեւ առավելապես մատնանշում են այս ձեւաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու Ադրբեջանի կողմից պարբերաբար կատարվող փորձերը:

Պատերազմն անխուսափելի՞ է

Տեւական ժամանակ ապակառուցողական դիրքորոշում որդեգրելով բանակցային գործընթացում, ի վերջո, ապրիլին Ալիեւը պատերազմ սանձազերծեց, որպեսզի ուժի միջոցով հայկական կողմին դրդի զիջումների` նրան հանկարծակի բերելով: Դա չստացվեց:
Իսկ ի՞նչ է սպասվում հիմա, երբ Ալիեւի արկածախնդրությանը հայկական կողմը պատասխանեց բանակցային գործընթացում դիրքորոշումը կոշտացնելով: Նո՞ր պատերազմ:

Այս հարցի պատասխանը գտնելու համար, թերեւս, պետք է պատասխանել մեկ այլ հարցի` ո՞ւմ կարող է ձեռնտու լինել այս տարածաշրջանում մի նոր թեժ կետի բռնկումը: Արեւմուտքը, վստահաբար, դա չի ցանկանում: Իսկ ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրեն «գլխավոր արբիտր» համարող Ռուսաստա՞նը:

Եթե Մոսկվան կարողացել է Բաքվին համոզել ղարաբաղյան գոտում ռուսական ռազմական ներկայության ապահովման հարցում, ապա կարելի է ենթադրել, որ եթե ոչ բանակցությունների արդյունքում, ապա ռազմական նոր գործողությունների արդյունքում Մոսկվան դեմ չի լինի հասնել ցանկալի արդյունքի:

Ստացվում է այնպես, որ Մոսկվան ու Բաքուն հայկական կողմից ակնկալում են անընդունելի զիջումներ, իսկ սա նշանակում է, որ հայկական կողմը պետք է շարունակի պնդել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի լիարժեք գործունեության շարունակման եւ Ադրբեջանի առջեւ դրված պահանջների իրագործումը:
Բացի այդ, վերջին տարիներին Ալիեւի գործունեությունն արդեն իսկ վառ ու իրեղեն ապացույց է այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի ու ղարաբաղցիների որեւէ կախվածությունը Ադրբեջանից ուղղակի բացառված է: Ղարաբաղյան բանակցային գործընթացին զուգահեռ ոչ միայն Ադրբեջանին, այլեւ տարածաշրջանի շահագրգիռ կողմերին խաղաղություն պարտադրելու ուղղությամբ Հայաստանը հետեւողական աշխատանք պետք է տանի դիվանագիտական ճակատում, միաժամանակ` երկիրը ռազմական, տնտեսական ոլորտներում զարգացնելով: Իրեն պարտադրված պատերազմում հաղթած պետությունն այլ ճանապարհ պարզապես չունի: Արդեն որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք միայնակ ենք ղարաբաղյան պայքարում, ու արդեն որերորդ անգամ համոզվում ենք, որ մեր ռազմավարական դաշնակցի վրա հույս դնելը, իսկապես, անիմաստ ու անօգուտ գործ է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 25.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031