Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի վարչության պետն անհեթեթ պատասխաններ է տալիս ու կամայական մոտեցում ցուցաբերում

Օգոստոս 26,2016 14:00

Տիգրան Գալստյանն արդեն 8 տարի է պայքարում է դեռ 90-ականներից իր կողմից օգտագործվող հողատարածքը սեփականաշնորհելու համար: Երեւանի քաղաքապետարանն այս տարիների ընթացքում Գալստյանի՝ հողատարածքը սեփականաշնորհելու դիմումներին անհեթեթ պատասխաններ է տվել, եւ ըստ էության, ամեն ինչ արել, որպեսզի քաղաքացին չկարողանա, ինչպես որ օրենքով է սահմանված, օրինական եւ պատշաճ տիրապետի, տնօրինի այդ հողատարածքն ու դրա համար հարկեր վճարի:

«Առավոտի» հետ զրույցում Տիգրան Գալստյանը պատմում է, որ այս տարիների ընթացքում, երբ դիմել էր 800 քառակուսի մետր հողատարածքը սեփականաշնորհելու համար, օրինականացվել է մոտ 500 քմ-ն: Մնացած տարածքը՝ 300 քմ-ն չեն ընդգրկել իր կողմից օգտագործվող տարածքում, սեփականաշնորհման թույլտվությունը մերժել են, ու ամեն անգամ տարբեր հիմնավորումներով. «Այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Քասարյանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, քանի որ մերժման հիմնավորումները մեկը մյուսին հակասում են»:

Քաղաքացի Գալստյանը Դավիթաշեն 1-ին թաղամասի Աղաբաբյան 19/5 հասցեին կից իր կողմից օգտագործվող հողատարածքը բարեկարգել է, ճանապարհ կառուցել, ծաղկանոց սարքել, չնայած որ այդ տարածքն իր սեփականությունը չէ: Քաղաքացին նշված տարածքը բարեկարգել է, քանի որ վստահ է եղել՝ կառավարության որոշմամբ, քաղաքապետարանը որեւէ հիմք չունի սեփականաշնորհումը մերժել: Իսկ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի 912-Ն որոշմամբ, տարածքի կամ ինքնակամ կառույցի օրինականացումը մերժվում է, եթե այն հակասում է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին, կամ գտնվում են ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով եւ առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

Գալստյանի՝ բարեկարգած տարածքը օրինականացնելու դիմումը Երեւանի քաղաքապետարանը 2011 թվականին մերժել է, հիմնավորմամբ, որ նշված տարածքը գտնվում է բարձր լարման օդային մալուխագծերի անվտանգության գոտում: Քաղաքապետարանի այս պատասխանն առնվազն զարմացրել է Գալստյանին, քանի որ անզեն աչքով էլ տեսանելի է, որ այդ հատվածում բարձր լարման մալուխագծեր չկան: Բայց որպեսզի հույսը չդնի քաղաքապետարանի աշխատակիցների տեսողության վրա, քաղաքացին դիմել է Հայաստանի էլեկտրական ցանցերին՝ ՀԷՑ-ին: ՀԷՑ-ից Գալստյանին պատասխանել են, որ նշված տարածքը չի գտնվում ՀԷՑ ՓԲԸ-ի օդային եւ մալուխային գծերի անվտանգության գոտում: Այս պատասխանից հետո քաղաքացին կրկին դիմել է քաղաքապետարան՝ կցելով նաեւ ՀԷՑ-ի պատասխանը եւ խնդրել վերանայել իր դիմումը եւ ընթացք տալ տարածքի օրինականացման գործընթացին: Բայց, ինչպես ասում են, եթե քաղաքապետարանի աշխատակիցների մտքին մերժումն է, մի բան կգտնեն ու կմերժեն: Անցյալ տարի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Քասարյանը կրկին մերժել է Գալստյանի դիմումը, այս անգամ էլ հիմնավորել է, թե նշված տարածքը կառավարության 15.12.2005 թվականի 2330-Ն որոշմամբ հաստատված Երեւանի գլխավոր հատակագծով մայրուղային փողոցաճանապարհային ցանցի զարգացման համար նախատեսված գոտի է: Քասարյանի այս պատասխանը Տիգրան Գալստյանը կրկին անհեթեթ է համարում, եւ գտնում է, որ վարչության պետը կողմնակալ մոտեցում է ցուցաբերում:

4-r2
«Մայրուղին ուղիղ ճանապարհ է, եւ իմ բարեկարգած տարածքը հաստատ չի խանգարում իրենց հատակագծին: Իսկ եթե այդ հատվածում նախատեսված է, ինչպես իրենք են ասում՝ մայրուղային փողոցաճանապարհային ցանց կառուցել, ապա ինչպե՞ս են իրենք օրինականացնելու թույլտվություն տվել իմ նշած տարածքի աջ ու ձախ կողմի հարեւաններիս: Նույն ուղղությամբ, նույն գծի վրա են գտնվում հարեւաններիս տարածքները: Ինչ է, այդ ճանապարհը անցկացնելու են առանց հարեւաններիս հողերին կպնելու, իսկ իմ տարածքով պիտի կորությամբ մտնեն ճանապարհ կառուցե՞ն: Անհասկանալի ու անհիմն պատասխան են տվել: Այնպես որ, ես վստահ եմ, որ քաղաքապետարանի համապատասխան վարչության պետն ուղղակի կամայական մոտեցում է ցուցաբերում»,- ասում է Գալստյանը:

«Հետո ինձ ասացին, որ կարող են օրինականացնել իմ տան դիմացի մի փոքր հատվածը: Այդ տարածքն էլ ուղիղ գծով այն հատվածում է, որտեղ իբր թե մայրուղային ցանց է կառուցվելու, ու ուղիղ գծով այն տարածքի հարեւանությամբ, որոնք իմ հարեւանները սեփականաշնորհել են»,-նշում է Տիգրան Գալստյանը:

Տիգրան Գալստյանն ասում է՝ եթե կա կառավարության որոշում եւ օրենք, ապա այն պետք է հավասար գործի բոլորի համար, ոչ թե քաղաքապետարանի վարչության պետը կառավարության որոշումն իր հայեցողությամբ, ոնց ուզի կիրառի:

Ընդհանարապես, քաղաքապետարանի գրավոր պատասխաններից այնպիսի տպավորություն է, որ ուղղակի, «գալոչկայի» համար մի բան գրեն ուղարկեն քաղաքացուն, քանի որ Գալստյանն արդեն մի քանի անգամ քաղաքապետարանին փաստեր է ներկայացրել, ըստ որոնց, ՀԷՑ-ը գրավոր հաստատել է՝ վիճահարույց տարածքում բարձր լարման մալուխագծեր չկան: Մեկ էլ այս տարվա ապրիլին քաղաքապետարանը կրկին Գալստյանի՝ 300 քմ-ն օրինականացնելու դիմումին ի պատասխան, մերժել է, կրկին, իբր թե տարածքը բարձր լարման օդային մալուխագծերի գոտում է:

Տիգրան Գալստյանը հույս ունենալով, որ քաղաքապետարանում , այնուամենայնիվ, կգտնվի բարեխիղճ պաշտոնյա, որը անիրական պատասխան չի տա, նորից, մոտ մեկ ամիս առաջ, դիմում է գրել եւ ՀԷՑ-ի, Կադաստրի փաստարկներն ուղարկել քաղաքապետարանին, որով ապացուցում է՝ քաղաքապետարանի մերժման հիմնավորումները հակասում են կառավարության որոշմանը:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

25.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031