Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապների ամրոցը՝ Հեքիաթային արքայի նստավայրը (Ֆոտոշարք)

Օգոստոս 26,2016 13:30

Բավարիայի գլխավոր այցեքարտը՝ Նոյշվայնշտայն ամրոցը
տարեկան ընդունում է ավելի քան 1 մլն զբոսաշրջիկի

Գերմանիայի Բավարիա նահանգը իրավամբ համարվում է Եվրոպայի ամենառոմանտիկ հատվածներից մեկը: Մի կողմից՝ Ալպյան մեղմ կլիմայական գոտին, որի շնորհիվ տարածքը ծածկված է աննկարագրելի հյութեղ կանաչով եւ անծայրածիր անտառներով, մյուս կողմից՝ բազմաթիվ մանր ու զուլալ լճակները, գետակները, եւ վերջապես՝ դարերի ընթացքում բավարական թագավորների կողմից կառուցված տասնյակ ամրոցներն ու պարզապես սովորական տների անկրկնելի ճարտարապետական ոճը այս շրջանը դարձրել են զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից մեկը:

Բավարիայի մայրաքաղաք Մյունխենը շատ հարմար տեղ է իջեւանելու եւ այնտեղից բավարական մարգարիտները հատիկ առ հատիկ այցելելու եւ տեսնելու համար: Հարմար է հատկապես նրանով, որ Մյունխենից ընդամենը 2-2,5 ժամում (կախված տրանսպորտի տեսակից՝ գնացք, ավտոբուս, մեքենա) կարելի է հասնել նաեւ ավստրիական գեղեցկուհի Զալցբուրգ՝ Մոցարտի ծննդավայրը, որը գտնվում է Մյունխենից հարավ-արեւելք: Ճիշտ նույնքան ժամանակում կարող եք հասնել Մյունխենի հյուսիսում գտնվող գողտրիկ Նյուրնբերգ քաղաք, եւ հենց նույնքան ժամանակ էլ ձեզնից կխլի Մյունխենի հարավ-արեւմուտքում գտնվող Ֆյուսեն քաղաքի ճանապարհը:

swanau

Հոհենշվանգաու գյուղակի տեսքը՝ համանուն ամրոցից դիտելիս:

Ֆյուսենին հարող Շվանգաու (Schwangau-Կարապների երկրամաս) համայնքում են գտնվում երկու հեքիաթային ամրոցներ՝ ճերմակ կարապի նմանությամբ կառուցված Նոյշվայնշտայնն (Neuschwanstein- բառացի թարգմանությամբ՝ Կարապների նոր ամրոց) ու Հոհենշվանգաուն (Hohenschwangau- Կարապների բարձր երկրամաս):
Չնայած իր գեղեցկությանն ու հեքիաթային տեսքին՝ Հոհենշվանգաուն, որը կառուցվել է Բավարիայի թագավոր Մաքսիմիլիան 2-րդի կողմից՝ 1830-ականներին, մի տեսակ «խամրում է» Մաքսիմիլիանի որդու՝ «Հեքիաթային թագավոր» կամ «Խենթ» մականունով հայտնի Լյուդվիգ 2-րդ Բավարացու կառուցած Նոյշվայնշտայնի մոտ:

hohenshvangau

Մաքսիմիլիան 2-րդի կառուցած Հոհենշվանգաու ամրոցը:

hohenswangau hohenswangauhohenswangau1869 թվականին Լյուդվիգ 2-րդ թագավորը, որն այդ ժամանակ ընդամենը 24 տարեկան էր եւ 5 տարի է, ինչ թագավորում էր Բավարիայում, սկսեց Նոյշվայնշտայնի կառուցումը: Ամրոցի շինարարությունն այդպես էլ մինչեւ վերջ չավարտվեց, սակայն նրա վրա ծախսվեց այն ժամանակվա համար ռեկորդային՝ 6 մլն ոսկե գուլդեն: Ժամանակակիցները կատակով ասում էին, որ այդ ամրոցն իր վրա ծախսված գումարը կվերադարձնի, եթե երկրագնդի վրա ապրող բոլոր մարդիկ այցելեն այնտեղ: Ավելին, իր ողբերգական եւ խորհրդավոր պատմությամբ, ռոմանտիկ ու միստիկ ոգով հայտնի Լյուդվիգ 2-րդին ժամանակին անմեղսունակ ճանաչեցին եւ գահընկեց արեցին մի շարք պատճառաբանություններով, որոնց թվում առաջինը «ոչ մեկին պետք չեկող» մի քանի ամրոցների կառուցումն էր՝ պետական գանձարանից հսկայական գումարներ ծախսելով: Երկրորդ պատճառը սեփական երկրի կյանքին մասնակցություն չունենալն էր եւ երրորդը՝ սեռական ոչ ավանդական կողմնորոշումը:

Ludwig_II_1874

Բավարիայի Հեքիաթային թագավոր Լյուդվիգ 2-ը, ում կյանքն ու մահը պատված են խորհրդավոր մշուշով:

Ի դեպ, Լյուդվիգին ոչ միայն «Հեքիաթային թագավոր», «Խենթ արքա» մականուններն էին տրվել, այլ նրան նաեւ «Կույս արքայազն» էին կոչում, քանի որ նա, ինչպես պնդում էին ժամանակակիցները, ունենալով ոչ ավանդական սեռական կողմնորոշում, ամեն գնով խեղդում էր իր մեջ նույնասեռական հակումները՝ քրիստոնեական հավատքին հավատարիմ մնալու ցանկությամբ:

Եթե թագավորին վերագրվող երեք «մեղքերից» վերջին երկուսը ինչ-որ տեղ իրականությանը մոտ էին, քանի որ նա հակառակ սեռի հանդեպ անտարբեր էր, եւ իսկապես իրեն հեռու էր պահում երկրի քաղաքական-տնտեսական խնդիրներից ու հետաքրքրվում էր հիմնականում մշակույթով, մասնավորապես՝ օպերային արվեստով (գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագները թագավորի կուռքն էր, նա տարիներ շարունակ հովանավորում էր Վագներին, նրա գաղափարներն ու ստեղծագործությունները), ապա «անպիտան» ամրոցների մասով այդ մեղադրանքը, այսօր արդեն վստահորեն կարելի է ասել, անհիմն էր: Թագավորին «պետական գանձարանը անպիտան ամրոցների կառուցման վրա վատնելու համար» անմեղսունակ ճանաչողները կարող են գերեզմանի մեջ տասն անգամ շուռ գալ, որովհետեւ այդ ամրոցների շնորհիվ Բավարիայի երկրամասային բյուջե տարեկան հսկայական գումարներ են մտնում: Պալատները, որոնք պետությանը հանձնեց բավարական թագաժառանգ Ռուպրեխտը 1923 թվականին, արդեն իսկ բազմիցս ինքնածախսածածկվել են: Եվ դրանց մեջ գլխավորն, իհարկե, Նոյշվայշտայնի ամրոցն է, որը տարեկան այցելում է մոտ 1 մլն զբոսաշրջիկ:

Նոյշվանշտայն ամրոցի ճակատային տեսքը՝ հեռվից:

Նոյշվանշտայն ամրոցի ճակատային տեսքը՝ հեռվից:

amroc

Նոյշվաշտայնը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին:

Այս ամրոցը ոգեշնչել է դիսնեյյան մուլտֆիլմերի հեղինակներին (մասնավորապես, ասում են, որ Ուոլթ Դիսնեյը հենց այս ամրոցի ուրվագծերը նկատի ունենալով է ստեղծել Դիսնեյի լոգոն, այս ամրոցն է նկարվել նաեւ «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմում): Իսկ Չայկովսկին իր աշխարհահռչակ «Կարապի լիճը» բալետը գրել է՝ Շվանգաու կատարած այցելությունից հետո՝ ոգեշնչված Խոյենշվանգաուի հարեւանությամբ գտնվող անկրկնելի գեղեցկության Շվանզեե (Կարապների լիճ) լճով:

Շվանզեեում, իսկապես, կարապներ են լողում, եւ ընդհանրապես, կարապների թեման գլխավորն է ոչ միայն այս տարածքում, այլեւ՝ ամրոցում: Ամրոցի ներքին հարդարանքն էլ հեքիաթային է, եւ հիմնված է հին գերմանական առասպելների, ինչպես նաեւ՝ Վագների օպերաների թեմաների վրա:

karap gexeckagun-lich lchi-apin-Ամրոցի ներսում լուսանկարահանումն արգելված է, եւ զբոսաշրջիկների մեծ հոսքի պատճառով 5 րոպեն մեկ ամրոց մտնող 60 հոգանոց խմբերին ողջ ամրոցի հետ ծանոթանալու համար տրվում է ընդամենը 15-30 րոպե ժամանակ՝ կախված տարվա եղանակից: Ամրոցի մուտքի տոմսը գնվում է դեռեւս ամրոց հասնելուց 40-60 րոպե առաջ՝ Շվանգաու համայնքում գտնվող տերմինալում: Հենց այդտեղ էլ ավարտվում են դեպի ամրոց տանող տրանսպորտային ճանապարհները, մնացած ճանապարհը, որն, ինչպես վերը նշեցինք, տեւում է 40-60 րոպե, պետք է գնալ ոտքով՝ անտառի միջով: Կամ՝ նստել դանդաղաշարժ ձիակառքը: Ամրոց հասնելուց հետո էլ, եթե հանկարծ ուշացար տոմսիդ վրա նշված ժամանակից, ապա պետք է համարել, որ այդ տոմսը կորած է, այլ խմբի հետ քեզ ներս չեն թողնի:

Ամրոցի մեջ, ինչպես նշեցի, լուսանկարահանումը խստիվ արգելված է, իսկ դրսից լուսանկարահանելու համար լավագույն դիրքը Մարիայի կամուրջն է՝ Մարիենբրյուկեն, մինչեւ որը եւս 20 րոպե պետք է քայլել: Փայտե կամուրջը, որի տախտակները ուժգին ճռճռում են, կախված է 75 մետրանոց անդունդի վրա, ներքեւում գեղեցիկ ջրվեժ է, իսկ կամուրջի վրա այնքան շատ զբոսաշրջիկ է լինում, որ ամեն վայրկյան քեզ թվում է, թե հենց այս պահին կամուրջը կփլվի եւ կհայտնվես անդունդում: Լսել էր պետք կամրջի վրա կուտակված մարդկանց բարձրաձայն կամ թաքուն հառաչանքները՝ տախտակների յուրաքանչյուր ճռռոցին համահունչ:

Ընդհանուր առմամբ՝ ֆիզիկապես բավականին հոգնեցուցիչ այս զբոսանքը լիուլի արդարացնում է իրեն, ճանապարհին հանդիպած հազարավոր մարդկանցից ոչ մեկից որեւէ դժգոհություն չլսեցի կամ դեմքերին «մուննաթ» չկարդացի: Մարդիկ ընկել էին հեքիաթային աշխարհ եւ գնահատում էին դա:

Ի դեպ, մի օգտակար խորհուրդ: Եթե ճամփորդում եք Բավարիայում ոչ թե մեքենայով, այլ հանրային տրանսպորտով, ապա նախընտրելի է ձեր ճամփորդությունների համար գնել «բավարական տոմս»: Այն գործում է 1-5 հոգանոց խմբերի համար եւ հնարավորություն է տալիս մեկ տոմսով մեկ օրվա ընթացքում անսահմանափակ քանակով օգտվել հանրային տրանսպորտի գրեթե բոլոր միջոցներից՝ գնացք, ավտոբուս, մետրո, տրամվայ: Օրինակ, երկու հոգու համար վճարելով ընդամենը 28 եվրո, մենք մի ամբողջ օր այդ տոմսով երթեւեկել ենք՝ սկզբում Մյունխենի մեջ, ապա գնացքով դեպի Ֆյուսեն, այնտեղից ավտոբուսով դեպի Շվանգաու, հետադարձի պարագայում՝ գնացքով Ֆյուսենից դեպի Բուխլոյե, Բուխլոյեից մեկ այլ գնացքով՝ Մյունխեն, հետո Մյունխենում մետրո եւ տրամվայ: Հակառակ պարագայում միայն մեկ հոգու համար մի ուղղությամբ գնացքի տոմսը արժե 24-26 եվրո:

Ամենահաճելին այն է, որ բավարական տոմսը գործում է նաեւ դեպի Զալցբուրգ մեկնող եւ այնտեղից վերադարձող գնացքների վրա: Նույնպիսի տոմսով կարող եք մեկնել նաեւ Նյուրնբերգ եւ տարածաշրջանի այլ քաղաքներ: Կարող եք Մյունխենից նստել գնացք, իջնել ցանկացած կանգառում, զբոսնել որքան ուզում եք, հետո շարունակել ճանապարհը նույն կամ լրիվ այլ ուղղությամբ, եւ այդպես շարունակ՝ մեկ ամբողջ օր՝ մինչեւ գիշերվա երեքը ձեր տոմսը կգործի ձեզ համար ողջ Բավարիայի տարածքում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Նոյշվանշտայնի տեսքը՝ Մարիենբրյուկեից:

«Առավոտ»

25.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031