Արաքս Մանսուրյանի համար տարին հոբելյանական է
«Ողջ կյանքում թվացել է, թե հոգուս բազում կարոտներից կա մեկը՝ ժառանգականորեն հարազատ, արյունս տակնուվրա անող եւ հավիտենականորեն անհասանելի… Դժվարանում էի գտնել դրա ստույգ անվանումը, սակայն, երբ Արաքս Մանսուրյանի կատարմամբ լսեցի հայ հոգեւոր երգերը, հասկացա, որ ինձ հենց այդ էր պակասում՝ դարերից եկած հայ ոգեղենության ազնվական ու լուսավոր մարմնավորում»,-մի առիթով ասել է Սերգեյ Փարաջանովը:
Երբ գրում ենք Արաքս Մանսուրյանի մասին, նշանակում է՝ գրում ենք աշխարհասփյուռ հայ մշակույթի մասին:
Կարդացեք նաև
Ընթացիկ տարին հոբելյանական է անվանի երգչուհու համար, որը ծնվել է Բեյրութում ու տեղափոխվել Երեւան, սովորել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ապա 1977-1992թթ. համաշխարհային օպերային գրականության հիշարժան դերերգերով հանդես եկել Ազգային օպերային թատրոնում, 1992թ. տեղափոխվելով Սիդնեյ, տեղի օպերային թատրոնում շարունակել մեներգչուհու իր գործունեությունը: Հայրենիքում եւ Ավստրալիայում սոպրանոյի շուրջ 20 դերերգերը, այդ թվում՝ Անուշը (Տիգրանյան՝ «Անուշ»), Շուշանը (Տիգրանյան՝ «Դավիթ-Բեկ»), Լիուն (Պուչինի՝ «Տուրանդոտ»), Դեզդեմոնան (Վերդի՝ «Օթելլո»), Միմին (Պուչինի՝ «Բոհեմ»), Աիդան (Վերդի՝ «Աիդա»), Ֆլորիա Տոսկան (Պուչինի՝ «Տոսկա») Նեդդա (Լեոնկավալո՝ «Պայացներ»), Լեոնորան (Վերդի՝ «Ճակատագրի ուժը»), Իզոլդան (Վերդի՝ «Տրիստան եւ Իզոլդա»), Ելիզավետան (Վերդի՝ «Դոն Կառլոս») եւ այլն, մշտապես հիացրել են հանդիսատեսին ու աննկատ չեն մնացել երաժշտական քննադատների կողմից: Շուրջ քառորդ դար անց, այսօր թերեւս միայն թվարկումով կարող ենք անդրադառնալ այն դերերգերին, կերպարներին ու համերգային կատարումներին, որոնք իրենց վրա են կրում «արաքսմանսուրյանական» անշփոթելի ձեռագիրը, կատարողական նրբագեղությունը, արտիստական ոգեշնչվածությունն ու անզուգական կանացի հմայքը:
Արաքս Մանսուրյանը ներկայումս դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում, օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ: Հենց նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի եւ մյուս հայ երաժիշտների ստեղծագործություններ: Լավ է, իհարկե, որ անհատը կարողանում է կազմակերպել իր գործունեությունն աշխարհում, բայց ավելի լավ է, երբ հայրենիքը աջակից ու մասնակից է դառնում մշակութային կազմակերպական գործերին, բացահայտորեն հանդես գալով գուցե մի քանի տասնյակ անգամ գերազանցող հզորությամբ: Հրաշալի է, իհարկե, երբ աշխարհի տարբեր երկրներում արժանանում ես ամենաբարձր պարգեւների ու մրցանակների, բայց լավագույնն են հայրենիքից ստացած պատիվներն ու կոչումները: Եվ վերջապես՝ լավ է, երբ հոբելյանդ նշում ես աշխարհի լավագույն օպերային թատրոններում, բայց անհամեմատ լավ է, երբ հնարավորություն ունես «հոբելյանական հաշվետվությունդ» ներկայացնել հայրենիքում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
25.08.2016