Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՊԵՏԻ ԵՐԱԶԸ

Օգոստոս 26,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ քառասունյոթերորդ

ԱՍՊԵՏԻ ԵՐԱԶԸ

Եվ ես Վարուժին հարցրի՝ «հիմի ես գնա՞մ, թե՞ մնամ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մնա՝ միասին դուրս կգանք», եւ ես ասացի՝ «բա ասում ես՝ քեզ գործից կտրում եմ», եւ Վարուժը հիացած նայեց դիմանկարիս ու ասաց՝ «էս պորտրետիդ մասին լրիվ մոռացել էի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էսօրվա համար էս լրիվ հերիք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի բան էլ շատ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էնպես որ՝ արխային կարաս մնաս», եւ ես ժպտալով հարցրի՝ «կարող ա՞ մի հատ էլ կոֆե էփես», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «մոռանում ես, որ ես օրվա մեջ ընդամենը  մի անգամ եմ կոֆե էփում» եւ ժպտալով ավելացրեց՝ «բայց իմ էն ամենամեծ ջեզվեով եմ էփում», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Վարուժն ասաց՝ «ընենց որ՝ էս պահի դրությամբ լիքը էփած կոֆե ունենք» եւ տեղից վեր կենալով ավելացրեց՝ «հիմի կտաքացնեմ, կխմենք», եւ ես, հիշում եմ, ասացի՝ «ես սառն էլ եմ խմում», եւ Վարուժն ասաց՝ «ես սառը չեմ խմում», եւ էդ օրը, հիշում եմ, մինչեւ մութն ընկնելը նստեցինք, ավելի ճիշտ՝ ինքը կանգնած նկարում էր, իսկ ես իր եփած սուրճն էի ըմբոշխնում, եւ ինքը մոլբերտին մի նոր կտավ էր հարմարեցրել եւ ինչ-որ նոր բան էր սկսել ու հետս խոսելով՝ վրձնահարվածներ էր  հասցնում էդ նոփնոր կտավին, եւ չնայած հիմա չեմ հիշում՝ ինչ էինք խոսում, վստահաբար կարող եմ ասել, որ հատկապես էդ օրվա իմ ու իր խոսակցություններն անհամեմատ հետաքրքիր ու բովանդակալից էին, քան՝ իմ ու իր խոսակցությունների էս ամբողջ սղագրությունը, եւ չնայած էդ օրն ինքն իր սկսած ու իմ հավանած նկարն իսպառ ջնջել ու վերացրել էր, ես շատ գոհ էի՝ ոչ միայն էդ ամբողջ օրվանից, այլեւ ու հատկապես իր նվիրած նկարից, որը տաքսիով շուտափույթ տուն հասցրի, եւ մեր տնեցիք Վարուժի նվիրած նկարը տեսնելով՝ ինձնից էլ շատ ուրախացան, որովհետեւ իրենք Վարուժի ջնջած նկարը չէին տեսել, եւ հիմա, երբ էս բաները հիշելով գրում եմ, մեր ճաշասենյակում Վարուժի էդ նվիրած նկարն է կախված, եւ էս ամենը հիշելով ու գրելով՝ հընթացս ուզում էի կռահել Վարուժի նվիրած նկարի անունը, եւ մտքիս մեջ «Ասպետի երազը» վերնագիրն էր, բայց երբ վեր կացա ու պատից Վարուժի նվիրած նկարն իջեցրի ու շրջեցի, զարմանքով տեսա, որ նկարի  հետեւում ոչ միայն նկարի անունը գրված չկա, այլեւ՝ Վարուժի   անունն ու ազգանունը, եւ չնայած նկարի վրա Վարուժի ստորագրությունը կար, դրանից զարմանքս չպակասեց, որովհետեւ Վարուժին ու իր նկարչությունը իմանալով՝ գիտեի, որ ինքն իր նկարների հետեւներում ոչ միայն իր անունն ու ազգանունն է պարտադիր գրում, այլեւ՝ նկարի չափսերը, եւ մեր ճաշասենյակում կախված էդ նկարին Վարուժի ջահելական տարիների սյուժեն էր՝ ձիավոր ասպետն ու երկու գեղեցկուհիներ, եւ չնայած ձիավոր երիտասարդի քիթուբերանը նկարված չի, եւ ձիավորի հագուկապն էլ է ընդհանուր գծերով պատկերված, այդուհանդերձ, ամեն ինչից զգացվում է, որ ձիավոր երիտասարդն իսկական ասպետ է, եւ չնայած երկու աղջիկների դիմագծերն ու հագուստներն էլ մանրամասնված չեն, երկու կարծիք լինել չի կարող, որ երկուսն էլ ազնվական գեղեցկուհիներ են:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031